Ռալֆ Յիրիկյանը Քոչարյանի թեկնածո՞ւ

Ռալֆ Յիրիկյանը Քոչարյանի թեկնածո՞ւ
Հայաստանի քաղաքական դաշտում աշնանը նոր զարգացումներ են սպասվում: Հնարավոր է անգամ վերաձեւումներ լինեն: Արդեն իսկ խոսակցություններ կան, թե աշնանը նոր քաղաքական ուժեր են ձեւավորվելու՝ ընդ որում, թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտում: Հիմնական "նորարարությունները" կլինեն իշխանական դաշտում. այստեղ տարատեսակ կուսակցություններ կստեղծվեն: Խոսակցություններ կան, թե Ռոբերտ Քոչարյանի թեկնածուն կարող է լինել "Վիվասելի" տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Քոչարյանն ինչ-որ պահի խաղի մեջ է մտցնելու Ռալֆ Յիրիկյանին՝ որպես իր թեկնածու կամ նախագահի, կամ վարչապետի պաշտոնում: Այս ամենը դեռ սաղմնային փուլում է, սակայն որոշ հեռուստաընկերությունների եթերով Ռալֆ Յիրիկյանի PR-ը մեկնարկել է:



Փոխարենը Հանրայինը ջանասիրաբար լուսաբանում է ՀՀԿ մարզային այցերն ու "Միասինի" ճամբարները՝ ուշադրության կենտրոնում պահելով Սերժ Սարգսյանին: Նաեւ՝ Հանրայինի եթերին մոտ չի թողնում Քոչարյանի թիմի ներկայացուցիչ համարվող ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին ու նրա "Սիվիլիթաս" հիմնադրամին: Արդեն իսկ ակնհայտ է, որ ՀՀ իշխանության դաշտում ներիշխանական մեծ լարում կա՝ լուռ պայքար իրար դեմ: Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից երեկ այդպես էլ չհաջողվեց Յիրիկյանի հետ կապված Ռ. Քոչարյանի որեւէ ծրագրերի առթիվ ինչ-որ բան ճշտել. Սողոմոնյանը չպատասխանեց մեր հարցերին:



Նախագահականում տեւական ժամանակ է՝ մտմտում են քաղաքական նոր ուժ ստեղծելու եւ դաշտում առկա ուժերին իրենցով անելու ուղղությամբ: Վաղուց է շրջում տեղեկությունը, թե իշխանությունը փորձում է նոր կուսակցության միջոցով ձայներ խլել թե ընդդիմությունից, թե իշխանական հատվածից՝ մասնավորապես ԲՀԿ-ից: Երեկ մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ նոր ուժը գլխավորելու է երբեմնի ընդդիմադիր, այսօր պաշտոնապես անկախ, սակայն բացահայտ կերպով Սերժ Սարգսյանի դաշտն անցած Վիկտոր Դալլաքյանը: Պարոն Դալլաքյանը երեկ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով. "Ինձ դիմեք սեպտեմբերի 13-ին, երբ կսկսվեն ԱԺ նիստերը: Ես հիմա հանգստանում եմ":



Նշվում էր նաեւ, որ նորաստեղծ կուսակցության համագումարը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:  Երեկ զանգահարեցինք Մարզահամերգային համալիր՝ ճշտելու, թե հոկտեմբերի 16-ին այնտեղ որեւէ միջոցառում նախատեսվա՞ծ է: Մեր հարցմանն ի պատասխան համալիրից ասացին, որ Մարզահամերգայինի դահլիճը պատվիրված է հոկտեմբերի 16-ի համար: Այլ հարցերի հրաժարվեցին պատասխանել: Ասվում է, որ կուսակցությանն անդամակցելու են քաղաքական լուսանցքում հայտնված գործիչներ՝ անգամ նախկին ՀՀՇ-ականներ: Երեկ, սակայն, ՀՀՇ մեր աղբյուրներից ճշտեցինք, որ անգամ նախկին ՀՀՇ-ականների մուտքը Վիկտոր Դալլաքյանի կուսակցություն բացառված է:



"Եթե նախկինում նախընտրական գործընթացներն առաջ էին գալիս ընտրություններից մեկ տարի առաջ, այսօր տեսնում ենք, որ նախընտրական շրջանը սկսվել է 2 տարի առաջ: Պատճառն այն է, որ այս անգամ նախընտրական պայքարը լինելու է շատ ավելի թեժ: Իշխանությունների վերարտադրության հնարավորությունները շատ ավելի լուրջ մտահոգություններ են առաջացնում հենց իշխանական վերնախավի մոտ, եւ դա պատճառաբանվում է նրանով, որ այդպես էլ չհաջողվեց փակել մարտի 1-ի էջը, եւ միջազգային ուժային կենտրոնները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել մարտի 1-ի հարցը",- երեկ մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը. "Իշխանության լեգիտիմությունը կասկածելի է ոչ միայն մեր հասարակության, այլեւ արտաքին ուժային կենտրոնների համար, եւ այդ իրավիճակում պարզ է, որ իշխանության վերարտադրության հնարավորությունները մտահոգություն են առաջացրել: Հանրապետականի մտադրությունը՝ պահպանել իրենց դիրքերը, պահանջելու է կիրառել հատուկ տեխնոլոգիաներ: Նրանք հասկանում են, որ շատ լուրջ վարկաբեկվել են: Հակակրանքն աճել է, տնտեսական ճգնաժամը շարունակվում է, եւ թունելի վերջում լույս չի երեւում: Չնայած վարչապետի գնահատականներին, քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգում դա":



Քանի որ ՀՀԿ-ն իր ռեսուրսով չի կարող մնալ իշխանության, ըստ քաղաքագետի, փորձելու է վարչական ռեսուրսի ձայներին գումարել նոր ձայներ, այդ թվում՝ բողոքավոր ընտրազանգվածի ձայները, կիրառելով հատուկ քաղաքական տեխնոլոգիաներ. "Ստեղծել իբր ընդդիմադիր կուսակցություններ, որոնք 3-4 տոկոս ձայներ կհավաքեն, չեն մտնի խորհրդարան, բայց այդ 3-4 տոկոս ձայները կնվիրեն ՀՀԿ-ին: Այն կհավաքի 20-22 տոկոս ձայն, բայց եթե 3-4 տոկոսները գումարվեն դրան, այդ տոկոսը կդառնա որակյալ մեծամասնություն": Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ կստեղծվեն նոր դեմքերով կուսակցություններ, "որովհետեւ հին հաճախորդներն իրենց վարկաբեկել են":



Ինչ վերաբերում է Ռալֆ Յիրիկյանի թեկնածությանը, ապա քաղաքագետը դա հավանական է համարում, չի բացառում հատկապես Յիրիկյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: "Նախագահի պաշտոնի համար Յիրիկյանի թեկնածությունը կարող է աշխատել, եթե 10 տարվա քաղաքացիության հետ կապված խնդիր չլինի: Ես չգիտեմ՝ Յիրիկյանն ունի՞ 10 տարվա ՀՀ քաղաքացիություն, թե՞ ոչ: Բայց վարչապետի պաշտոնի համար շատ հավանական թեկնածու է": Ըստ քաղաքագետի՝ աշնանը հնարավոր է նաեւ նոր ընդդիմադիր կուսակցությունների ստեղծում: "Կոնգրեսն էլ պետք է մտածի այդ ուղղությամբ: Արմատական ընդդիմության դաշտում նույնպես կարող է կուսակցություն ստեղծվել, եւ ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Դա գալու է լրացնելու այն բացերը, որոնք կան, եւ մեծացնելու է արմատական ընդդիմության հնարավորություններն ընտրություններում":