Կարեն Բեքարյան. "Հիմա պատեհ առիթը չէ"

Կարեն Բեքարյան. "Հիմա պատեհ առիթը չէ"
"Հաագայի դատարանի եզրակացությունն իր բոլոր հնարավոր եղանակներով` նախաբանում, հիմնավորումներում, փորձում է հստակորեն նշել, որ սա առանձնահատուկ խնդիր է եւ անհատականապես վերաբերում է Կոսովոյին",-երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ "Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը", որը նաեւ համակարգում է Հանրային ռադիոյի "Ռադիոլուր" լրատվականի աշխատանքները, հայտարարել է, որ  Հաագայի դատարանի եզրակացությունն ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա, քանի որ այն, քաղաքագետի խոսքով, ի լուր աշխարհի հայտարարեց, որ չի կարելի միջազգային հիմնարար սկզբունքները եւ տարածքային ամբողջականությունը դիտարկել հակադրության մեջ:



"Անմիջական այլ քայլեր ակնկալել մեր նախագահականից կամ ԱԳՆ-ից, չեմ կարծում, որ այս պահին նպատակահարմար կլինի":  Կարեն Բեքարյանն ավելացրել է, որ ճիշտ կլիներ, եթե  Հայաստանը եւ ԼՂՀ-ն  նախաձեռնեին  գործընթաց` ԼՂՀ հնարավոր ճանաչման եւ այդ թեմայով խորհրդակցությունների ուղղությամբ: "Չլինելով բանակցային կողմ` ԼՂՀ արտգործնախարարությունը որեւէ լրացուցիչ կաշկանդվածություն չունի իրականացնելու սեփական քայլերը, նախաձեռնությունները",- ասել է նա ու նաեւ կարծիք հայտնել, թե, արդյունք ասելով պետք է հասկանալ հենց այսօր, հենց հիմա, հենց այստեղ", քանի որ "կան գործընթացներ, որոնց արդյունքը շատ ժամանակ ինքնին գործընթացի մեջ է", եւ կամ՝ "եթե կա որոշակի գործընթաց սկսելու նախաձեռնություն, ակտիվություն, սա արդեն իսկ էությամբ արդյունք է":



Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցին, որը, ըստ  փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարության, երբեք ՀՀ օրակարգից հանված չի եղել, Բեքարյանն ասել է, թե կա պատեհ պահի եւ պատեհ առիթի խնդիր` "ընդհանուր այն կոմպլեքսի մեջ, որը կոչվում է բանակցային գործընթաց", եւ ավելացրել, որ  հիմա դեռ պատեհ առիթը չէ: