Տուրիստ, ուստի կուգաս, քիչիկըմ թեզ արի

Տուրիստ, ուստի կուգաս, քիչիկըմ թեզ արի
Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում` ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթեր առնել-ծախելով ձեռք բերված շահի եւ դրամագլխով ու աշխատուժի կիրառմամբ վաստակված դրամի:



Լոուրենս ԱՐԱԲԱՑԻ



Թուրքական ծովափում հանգստանալը հայերի համար պրեստիժի հարց է ու եթե կուզեք՝ ինքնանպատակ: Ու գնում են մի տեսակ հպարտ-հպարտ, իրենք իրենցից գոհ, դրսում հոխորտալով, որ ամենահին մշակութային ազգն են, ներսում՝ պապանձված, Վիպոյանի ծառա Մակիչի պես միայն տիրոջ ետեւից փնթփնթացող ու "ճշմարտություններ շպրտող": Գնում-գալիս են ու բոլորին պատմում, թե ինչքա՜ն լավ էր, ինչքա՜ն էժան, բայց ներսում այդ էժանության պահանջը չեն դարձնում հասարակական պահանջմունք, որովհետեւ իրենց գործը ղրաղ մնալն է: Բայց մինչեւ այն պահը, երբ իրենց ծնած, սնած ու փայփայած նառ ուղտը չի չոքում իրենց իսկ դռներին: Այդ ժամանակ արդեն աղաղակում են, թե՝ հասե՜ք, մեզ ճնշում են:



Թվում է, թե վերջերս թուրքական լողափին տեղի ունեցած հայերի ջարդը մասնավոր մի դեպք է, ցավալի, բայց եզակի մի դեպք, որ ընդամենը մարդկային կարեկցանք է պահանջում եւ ուրիշ ոչինչ: Խոսքը Սարաջյան ընտանիքի հետ կատարվածի մասին է, որ տպագրվել է NEWS.am կայք-էջում: Հայաստանում ժողովրդին օտար ջրերի ափերը տանող ու ծարավ ետ բերող, ինչպես ասում են, շատ գործակալություններ կան: Բայց ամենախոշորները, բնականաբար, պիտի լինեն ռուսական: Սարաջյաններին թուրքական ծովափի գայթակղությունը ներշնչել է Tez Tour-ը: "Եղած փաթեթներից ընտրեցինք Ալանիան, որտեղ պետք է կանգ առնեինք "Aventura park" 5 աստղանի հյուրանոցում: Ընտանիքի 4 անդամների համար վճարեցինք 4 հազար դոլար եւ, բնականաբար, պահովագրվեցինք",-ասում են:



Սարաջյանները եթե փոքր-ինչ հայրենասեր լինեին, կօգտվեին, օրինակ՝ դաշնակցականների ծառայությունից ու Թուրքիա կմեկնեին ոչ թե ծովափներում հանգստանալու, այլ ապավինելով "Երկիր" գործակալության գովազդին՝ ազգի պատմությունն իմանալու նպատակով, ու կնախընտրեին տեսնել Մշո դաշտը, Վանա կղզին, Մուսա լեռը եւ այլ վայրեր, որտեղ ցեղասպանվել ենք, եւ որը հիմա դաշնակները հանել են վաճառքի՝ "Տուր"-երի տեսքով: Բայց Սարաջյաններին բժիշկն է խորհուրդ տվել երեխային տանել ծովափ, ու ամենաապահով երթուղին նրանց համար եղել է ռուսական խոշոր տուրիստական կազմակերպությունը: Օրհնվի ռսի հուսալի վերջույթը, որ մեր գլխից միշտ անպակաս է: Չվերապատմենք մեր գործընկերներին ներկայացված՝ Սարաջյան ընտանիքի հետ պատահած դժբախտությունը:



Նշենք միայն, որ թուրքական լողափում տեղակայված հյուրանոցի արական սեռի անձնակազմը աղջկա շառը մահանա է բռնել ու անմարդկային ծեծի ենթարկել բոլոր հայերին, այդ թվում՝ 15-ամյա Հովհաննես Սարաջյանին: Մի կողմ թողնենք "թուրքական հյուրընկալությունն" ու գենետիկ թշնամության գործոնը: Հայերը ցանկացած երկիր գնալիս, այն պահից, երբ լքում են "հայրենի եզերքի" օդային տարածքը, հայտնվում են անտերի կարգավիճակում: Անկախ ՀՀ միջազգային նշանակության անձնագրի առկայությունից, նրանց վրա խորապես թքած ունենալով, բոլոր տեղերում սկսում են չարչարել:



Ռուսաստանում եւ Ուկրաինայում նույնիսկ պահանջում են անձնագրի ռուսերեն թարգմանությունը եւ այդ թուղթն ավելի են կարեւորում, քան բուն անձնագիրը: Թուրքիայում, ինչպես տեսնում ենք, ընդհանրապես կարող են քացու տակ գցել ու ջարդել անչափահաս երեխայի կողերը եւ ավելի կատաղել, իմանալով որ հայ է: Կարելի է մտածել, թե այլ երկրներում դորդուբեշ են արել ու, մեր երկրի քաղաքացիներին թուրքական ջարդից պաշտպանելու օբյեկտիվ պատճառաբանություն որպես, հայտարարում են, որ չունենք դիվանագիտական հարաբերություններ այդ երկրի հետ: Այստեղ արդեն հաստատվում է ֆուտբոլային հարաբերությունների փաստը, ընդ որում՝ բառացի, որովհետեւ գնդակի դերում հանդես գալով, քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգում հայկական դիվանագիտության հանճարը:



ՀՀ ԱԳՆ-ից մեզ տեղեկացրին, որ տեսականորեն կարող են նոտա հղել Թուրքիային՝ մեր քաղաքացիների հետ դաժան վարվելու կապակցությամբ, բայց չեն անի այդ բանը, որովհետեւ քաղաքացիները չեն ներկայացել ԱԳՆ եւ չեն բողոքել: Tez Tour-ի աշխատակցուհին էլ իր հերթին, կես հայերեն, կեսից՝ անտանելի առոգանությամբ ռուսերեն լեզվով մեզ երկար-բարակ բացատրեց, որ իրենց "կլիենտներին" անմիջապես հասնում են անգամ այն դեպքում, երբ նրանց բարձի երեսն է կեղտոտված լինում, իսկ ահա թուրքական "Aventura park" 5 աստղանի հյուրանոցում տեղի ունեցածի մասին ոչինչ չգիտեր: Հրապարակմանն էլ չէր վստահում, ինչպես ԱԳՆ-ն, կարծես թե մարդն իր խնդիրը ներկայացնելու համար պետք է գնար դրանց դռներն ու աղերսեր:



"Գիշերը լուսացրինք բաց աչքերով, իսկ առավոտյան, երբ արեւի ճառագայթները լուսավորեցին ծովն ու ափը, այն ինձ համար էլ նախկին գեղեցկությունը չուներ, նույնիսկ զզվելի էր, նման էր թուրքական լպրծուն քաղցրավենիքի, որ արհեստական լույսերի տակ շատ լավն ու համեղ է թվում, բայց համտեսելուց հետո հիասթափվում ես...",-հրապարակել է տուժածն ու հավելել. "Բայց մենք մեր ընտանիքով մի բան որոշեցինք հաստատ՝ Թուրքիա էլ երբեք որեւէ մեկս ոտք չենք դնի": Մեր համաքաղաքացիներին առանց սփոփելու հնարավորության (քանի որ մամուլի հրապարակումներն էլ արդեն "ասնավանի" չեն այս երկրում) ստիպված ենք կրկնակի հիասթափեցնել, որովհետեւ ոչ միայն Թուրքիայում, այլեւ աշխարհի ցանկացած երկրում մենք անպաշտպան ենք նույնքան, որքան մեր երկրում՝ այն պարզ պատճառով, որ ինչպես ՀՀ քաղաքացիներն են արհամարհվում իր իշխանությունների կողմից, այնպես էլ այդ իշխանություններն են արհամարհված աշխարհի կողմից: Պարզապես նրանց ի պաշտոնե չեն չարչարում, իսկ ահա ստորադասներին ցուցաբերում են այն վերաբերմունքը, ինչին արժանանում են երկրի ներկայացուցիչները: