Շուռ եկած "գազելում" երեխաներ են եղել

Շուռ եկած "գազելում" երեխաներ են եղել
Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ երեկ երեկոյան, ժամը 20:00-ին մոտ մեծ ավտովթար է եղել: Իրար են բախվել Երեւանից Վանաձոր մեկնող "գազել" մակնիշի միկրոավտոբուսն ու "Վազ-2106" մակնիշի մարդատար մեքենան: Բախումն այնքան ուժեղ է եղել, որ մեքենաները գլորվել են ձորը: Բարեբախտաբար՝ ոչ շատ մեծ բարձրությունից, ուստի ենթադրվում էր, որ զոհեր չկան, բայց կային մեծ թվով ծանր վիրավորներ: Դեպքի վայրում գտնվող մեր թղթակցի պատմածով, վիրավորներն արյան մեջ կորած են եղել, "գազելի" վարորդին մի կերպ ժողովուրդը դուրս է բերել մեքենայից եւ պառկեցրել ճանապարհի երթեւեկելի մասում: Մինչեւ 20:20 րոպեն ոչ շտապօգնության, ոչ փրկարարների մեքենաները դեռ ժամանած չեն եղել: Աղետի վայրում առաջին օգնություն են ցուցաբերել պատահական անցորդները, որոնք, լսելով օգնության աղերսները, ինչով կարողացել օգնել են վիրավորներին: Պատահարն առավել ողբերգական է եղել, քանի որ Վանաձոր մեկնող "գազելում" հիմնականում երեխաներ են եղել, որոնք մեկնելիս են եղել համերգ տալու: