Քոչարյանն այնուամենայնիվ ներողություն խնդրել է

Քոչարյանն այնուամենայնիվ ներողություն խնդրել է
Երեկ "Հայոց աշխարհ" թերթը գնացել էր մեր հարցազրույցի հետքերով եւ հերքել Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) մի հայտարարությունը: Խոսքն այն մասին է, որ Մադաթյանը պատմել էր, թե ինչպես է մի միջոցառման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն իրեն ասել, թե զղջում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ (նրան մեղադրում էին բարձրաստիճան անձանց նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ), որ իրեն սխալ ինֆորմացիա էին տվել, եւ ինքը շատ ուշ է իմացել, որ գործով անցնող միակ վկան՝ Կծան Միշան, բանսարկու է: Թերթն այս առիթով դիմել էր Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, որն ասել էր. "Միջոցառումներից մեկի ժամանակ, որին մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը, իրոք ներկա է եղել նաեւ Մադաթյանը, սակայն որեւէ զրույց նրանց միջեւ տեղի չի ունեցել": Մենք երեկ կապվեցինք Է. Մադաթյանի հետ, եւ նա որոշ մանրամասներ ավելացրեց, որ Վիկտոր Սողոմոնյանը պարզապես տեղյակ չէ իրենց զրույցից: "Զրույցը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ: Միջոցառմանը բազմաթիվ մարդիկ են ներկա եղել, շատերն են տեսել, որ մենք զրուցել ենք, եւ ոմանք անգամ լսել են մեր զրույցը: Ավելին՝ Քոչարյանն առաջարկել է հետագայում հանդիպել եւ ավելի մանրամասն քննարկել կատարվածը, սակայն ես ավելորդ եմ համարել նման քննարկումը",- ասաց Էդուարդ Մադաթյանը: