Պարազիտ համակարգ

Պարազիտ համակարգ
Ընդամենը մի քանի նիստ է կայացել Չարենցավանի ոստիկանությունում ողբերգորեն զոհված Վահան Խալաֆյանի գործով, որն ըստ նախաքննական վարկածի, ինքնասպան է եղել՝ ոստիկանների դանակով ինքն իրեն վնասելով: Եվ այդ նիստերն ընթացել են այնպիսի լարվածության պայմաններում եւ այնքան կոնֆլիկտային, որ բազում տխուր հետեւությունների տեղիք են տալիս: Նախաքննությունը, ինչպես մնացյալ դեպքերում, այս անգամ էլ հստակ պատկերը չի պարզել, չի գտել մեղավորներին, ուստի ոչ սպանվածի հարազատների կասկածներն են փարատվել, ոչ մեղադրվող կողմն է հասկացել, թե ինչում են իրեն մեղադրում: Եվ երկուստեք հնարավորություն են ստացել միմյանց մեղադրել սպանության, մեղքը մեղավորի ուսերից անմեղի վրա բարդելու մեջ: Ու եթե սպանվածի հարազատների պահվածքն ինչ-որ տեղ հասկանալի է՝ նրանք երիտասարդ, առողջ տղա են կորցրել, ապա մյուս կողմի դժգոհություններն են անհասկանալի, մանավանդ եթե ընդունենք, որ սպանություն կատարած ոստիկաններին մեղադրում են ընդամենը պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Այդ դեպքում սա ոչ թե դժգոհելու, այլ ուրախանալու առիթ պետք է լիներ: Եվ մեղադրյալների հարազատները սուսուփուս պետք է տանեին մյուս կողմի լուտանքները: Կնշանակի՝ նախաքննությունն այնքան վատ է կատարվել, որ մարդիկ հայտնվել են "սամասուդի" եւ սեփական անմեղությունը բռունցքներով ապացուցելու ռեժիմում: Կնշանակի՝ մի հսկա քննչական համակարգ պարազիտ է՝ հասարակության փողերն է ուտում, առանց աշխատելու: Ավելին՝ նրա աշխատանքի արդյունքում մարդիկ կարող են նոր հանցագործություններ կատարել: Հրազդանում ընթացող դատավարության յուրաքանչյուր նիստ կարող է նոր ողբերգությամբ ավարտվել: Եվ դրա մեղավորը կլինի նախաքննության մարմինը: