Պինդ կացեք, ձեր իրավունքները պաշտպանող տանջահար մարտունեցիներ

Պինդ կացեք, ձեր իրավունքները պաշտպանող տանջահար մարտունեցիներ
...Էս "տանջահար" բառը ինչո՞ւ եկավ ու առոք-փառոք տեղավորվեց վերնագրում: Միթե մարտունեցիներին ավելի բնորոշ բառ չկա, կամ հիմա հայ ո՞ր գյուղացին, գյուղաբնակը՝ ընչազուրկից ուսուցիչ, անգամ մի ժամանակ սինի կոչվող Արարատյան դաշտում, տանջահար չի: Բիրտ-ագահ-չտես-օտար իշխանավորի, անկուշտ օլիգարխների, ամեն ինչ իրենցով անողների, "Հառաչանքի" ծերունու՝ մեծավորների թեփշի լիզողների բախտը լավ էլ բերել է՝ անկախություն է, մոր փորն են ընկել, ու քեֆներին քեֆ չի հասնի՝ թուրները աջ էլ է կտրում, ձախ էլ: Հազարավոր հեկտարներով անտառներ են հոշոտում, կիսաանապատային դարձած Հայաստանից հեռու-մոտիկ 24 երկիր ընտիր շինափայտ է գուրգուրանքով, փայլով արտահանվում, բաց եղանակով հանքեր են շահագործվում՝ ցամաքեցնելով աղբյուրներ ու գետեր, անխնա հոշոտում են բնությունը... Ու նույն ավերողների դինաստիան՝ ի ծնե էլիտարված, ճյուղավորվում է. իշխանատենչների, զավթիչների սերունդները պիտի ուսյալ ու կրթյալ դառնան օտարալեզու դպրոցներում: Ամեն մի չինովնիկի մտքով ինչ անցնում  է՝ էն էլ անում է անտերության մատնված, օրենքազուրկ, բայց նաեւ գլխավոր դատախազ ու արդարադատության նախարար ու նման լիքը բաներ ունեցող Հայաստանում: Մինչեւ արմունկներն արյան մեջ թաթախված հին ու նոր պաշտոնյաներ, արյան տաշտակների մեջ լողացողներ: Նրանք արժանի են. նրանք... Հայաստան են նվաճել:



Հայաստանում համ ու հոտը հեշտ կորցրինք: Հիմա էլ, այ քեզ սրբապղծություն, Սեւանի ի ծնե փրկության երակ դարձած Արգիճի գետի, թեկուզ սնուցող վտակի, հունը փոխել են՝ Սեւանին ու Մարտունու յոթ գետերին զրկելով հուսատու-կենարար ջրից: Ի՞նչ են ուզում նոր վիշապները: Աստված լավ գիտի, թե  ինչու է արարել Սեւանը, ինչու է ստեղծել Սեւան արարող գետերը... Ու հանկարծ հայտնվում է ոչ հեքիաթի հերոսը, այլ մեկը, որ հերոս կտրած` ցանկանում է գետի հուն շրջել դեպի Վայոց ձոր, ասես քիչ ոսկի-ոսկե-ոսկյա արծաթ ջրեր ենք հին մեր Շարուրի դաշտով ուղարկում Նախիջեւան ու Ադրբեջան... Էդ հայ կոչվածը լուսավորիչ է ձեւանում՝ հիդրոկայան է կառուցում, եկեղեցի էլ կառուցած կլինի...



Դարեր շարունակ լիքը օտարների տարբեր լծերի սոված հայ ժողովուրդը ասես հեշտ վարժվեց նաեւ անկախության տեղաբնակ համարվող իշխանավորների իբր ազգային լծին: Կամ փախչում ենք, կամ հլու-հնազանդ տանում ամեն մի նվաստացում ու ստորացում. մի երկու հավաք-հաթաթա, մի երկու թերի խոսք, մի երկու հոդված-ապտակ, էլի տակ չի անում: Ժողովրդի գլխին, մանավանդ հրաշքով դեռ գյուղում մնացածների գլխին, էս անտերները ամեն օյին բերում են: Անկեղծորեն, ինձ շատ դուր եկավ Մարտունու շրջանի ազնիվ ու ըմբոստ գյուղացիների ընդվզումը: Փառք ու պատիվ օջախ ու լեզու պահող մարտունեցի ամեն մի մոր: Նրանք կարողացան չորս ժամ շարունակ փակ պահել մայրուղին՝ թեկուզ ընդամենը խոստում պոկելով. իշխանավորներիս յոթ օր ժամանակ տվեք՝ հարցն ուսումնասիրենք... մեղավորները, հանցակիցները լավ էլ բլբլում էին՝ սուտ է, նման բան չկա: Ներողություն խնդրելով` մի զրույց պիտի հիշեմ. աղքատի մոզին գիշերով գողանում են: Աղքատը իր կովի հետքով հասնում է էն ժամանակ, երբ մոզին մորթած են լինում: Ասում է՝ իմն է, ասում են՝ դու աղքատ ես, ի՞նչ ես ջոկում՝  քո՞նն է, թե՞ ոչ... Աղքատը ձենը կտրում է, երեսը դեմ անում, սպասում, արժանանում մի կտոր մսի: Ապա ոչ  դես, ոչ դեն՝ կուշտ ուտելուց, մի երկու թաս խմելուց հետո վերցնում է մոզու պոզն ու կատաղությամբ մտցնում գլխավոր գողի համապատասխան տեղը... Տեղն ու տեղը մեղա են գալիս:



Մարտունու գյուղերի կանայք, այրեր, երեխաներ, ամուր սեղմում եմ ձեր ձեռքը, համբուրում ձեր պայծառ ճակատը, պինդ կացեք: Էս ստոր դավաճանների միտքը ոչ միայն հունը փոխած գետի վրա հիդրոկայան կառուցելն է, որի պահանջը, փառք Աստծո, Հայաստանը բոլորովին չունի, այլ Ադրբեջանի աչքին լույս դարձող մեր Արփա գետն ավելի ջրառատ դարձնելը: Ուրեմն՝ դուք ձեր տունը, վաթանը, հողը, ջուրը չէ, որ փորձում եք պահել, այլ Հայաստանը, Հայաստանի ձեր թեւն եք պահում: Տարածեք ձեր թեւերը: Ձեր թեւերին  հաղթական զորություն եմ մաղթում:



Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ