Մասնագետներ չունեն

Մասնագետներ չունեն
Արցախցի քաղաքագետներից մեկը տարիներ առաջ առաջարկել էր ջուր արտահանել միջազգային շուկա, հատկապես Չինաստան։ Շատերը մնացել էին տարակուսած՝ Ղարաբաղի իշխանությունները տասնամյակներ շարունակ չեն կարողանում լուծել այդ փոքրիկ երկրամասի ջրային խնդիրները։ Հատկապես Ստեփանակերտում անձրեւներից հետո մատակարարում են պղտոր ինչ-որ հեղուկ, որ ավելի շատ կակաոյի կամ սուրճի է նման, քան ջրի։ 1 խմ այդ զանգվածի համար ստեփանակերտցիները 56 դրամի փոխարեն ս.թ. ապրիլ ամսից վճարում են երկու անգամ ավելի։ Պարզվում է, սակայն, որ Արցախը ջուր ունի, բայց չունի "ջրային մասնագետներ"։



Հուլիսի 27-ին տեղի ունեցած կառավարության նիստում Արցախի վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ ջրային բնագավառում առկա է կադրերի սղություն, եւ կառավարությունը փոփոխություններ է կատարել ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում՝ տեղեր հատկացնելով նաեւ ջրային համակարգերի շինարարության եւ շահագործման մասնագիտության գծով: Oրակարգի մյուս հարցը վերաբերում էր Արցախի նորաստեղծ քաղաքացիական ավիացիայի վարչությանը։ Կառավարության որոշմամբ ստեղծվել է "ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմ" պետական կառավարչական հիմնարկ": Էլ ի՞նչ քաղավիացիա, եթե չունի օդանավակայան։ Եվ ԼՂՀ կառավարությունը մի այլ որոշմամբ ստեղծել է "Ստեփանակերտի օդանավակայան" ՓԲԸ-ն: Ցավոք, առայժմ հայտնի չէ, թե երբ է իրականացվելու առաջին չվերթը։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ