Անտեղյակ գյուղապետերի ձեռը կրա՞կն են ընկել

Անտեղյակ գյուղապետերի ձեռը կրա՞կն են ընկել
Տավուշի մարզխորհրդի երեկվա նիստը ցույց տվեց, որ մարզի գյուղապետների հիմնական մասը կամ չգիտի պետության առջեւ ծառացած խնդիրների եւ դրանց լուծման գործում իր պարտավորությունների մասին, կամ էլ մատների արանքով է նայում դրանց: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը զեկուցեց, որ 2010թ. առաջին կիսամյակի կտրվածքով սեփական եկամուտների  հավաքագրման մինչեւ 60% կատարողական ունեն 62 համայնքներից 16-ը: Ամենացածր կատարողականն են ցույց տվել Կոթին (17,3%), Պտղավանը (23,6%), Դեբեդավանը (28,3%), Աչաջուրը (39,7%), Այգեհովիտը (41,2%)  եւ Արծվաբերդը (43,8%):



Վատ են աշխատել նաեւ Դեբեդավան եւ Զորական գյուղերի` ապրիլին ընտրված անկուսակցական ղեկավարները: Ի տարբերություն գյուղական համայնքների, քաղաքայիններն ունեն հարյուր տոկոսից ավելի հարկերի հավաքագրում: Վերջին երկու ամիսներին նկատվում է եկամուտների հավաքագրման նվազեցման տենդենց: Հունվարի 1-ի դրությամբ Բերքաբեր, Չինարի, Դեղձավան համայնքներն ունեցել են նախորդ տարիներից առաջացած աշխատավարձի եւ սոցիալական ապահովագրության վճարների գծով 8,1 մլն. դրամի պարտք: Իսկ 30 համայնքներում 2009թ. համեմատությամբ այս տարի չափից դուրս ավելացել են ոչ միայն աշխատողների աշխատավարձները, այլ նաեւ կատարվել են հաստիքների ավելացումներ: Եվ այդ ամենը` դոտացիայի հաշվին:



Ավելացվել են գյուղապետի օգնականի, հավաքարարի, պահակի եւ այլ հաստիքներ: Այսինքն, գյուղապետները աշխատանքի են խցկում իրենց խնամի-բարեկամներին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մտահոգություն հայտնեց, որ այս ամենը կանոնակարգել է պետք, ինչին ի պատասխան՝ մարզպետարանի մասնագետները նշեցին, որ սա օրենքով կանոնակարգված է: Կախված համայնքի բնակչության թվից` որոշվում է, թե ԱԺ պատգամավորի աշխատավարձի քանի տոկոսի չափով պետք է լինի համայնքապետի ռոճիկը: Պատգամավորները ստանում են 320 հազար, իսկ 10 հազար եւ ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը պետք է ստանա դրա ութսուն տոկոսի չափով գումար:



Տավուշի մարզպետն առաջարկեց ՏԻՄ ղեկավարներին` ավելացնել սեփական եկամուտները եւ կրճատել հաստիքները: Որոշ գյուղապետներ պարգեւատրման շռայլ ֆոնդեր են բացում: Օրինակ՝ Պտղավանը, որի բյուջեում կա 500 հազար դրամից ավելի պարգեւատրման ֆոնդ: Երեկվա նիստում հաճելի էր տեսնել նաեւ իր դժգոհությունը բացահայտ արտահայտող գյուղապետի, ինչը հազվադեպ է դարձել: Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանն իր անհամաձայնությունը հայտնեց աշխատավարձների բարձրացման հետ կապված քննադատությունների առնչությամբ:



"Այսօր կադրերի կարիք  ունենք, բարձրագույն կրթությամբ մարդիկ ենք փնտրում` գյուղում աշխատելու, իսկ դուք մատնանշում եք, թե աշխատավարձների բարձրացում ենք կատարել",-ասաց նա: Արամ Նիգոյանի խոսքով, մանկապարտեզում աշխատող մանկավարժի աշխատավարձը կազմում է 15-30 հազար դրամ, եւ այդ նույն մանկավարժը տեղափոխվում է դպրոց, որտեղ 100 հազար դրամ է ստանում, ստացվում է ոչ ոք չի ցանկանում համայնքային պաշտոններում աշխատել: "Գյուղապետը չի՞ կարող 100 հազար դրամ ստանալ, եթե վարձու բանվորը մեկ աշխատանքային օրվա համար 3 հազարից 4 հազար դրամ գումար է պահանջում, հետն էլ մտածում է` աշխատե՞լ, թե՞ ոչ,-ասաց գյուղապետը:



-Կառավարությունն ամեն տարի աշխատավարձ է բարձրացնում, մենք էլ իրավունք ունենք նույնն անելու": Նիստում նշվեց, որ, կապված ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, հնարավոր է հաջորդ տարի կառավարության դոտացիան նվազի, այդ դեպքում ի՞նչ է լինելու համայնքների բյուջեների հետ: Սրան նույնպես Նիգոյանը հակադարձեց, թե` եկեք առաջարկենք ՀՀ կառավարությանը` դոտացիան չնվազեցնել, որովհետեւ "եթե սահմանամերձ գյուղերի դոտացիան կրճատեն, այդ գյուղերն ինչպե՞ս են գոյատեւելու": Նիստն ավարտվեց մտահոգությամբ, որ այսօր տեղի է ունենալու Վերահսկիչ պալատի` Տավուշի մարզում բացահայտած խախտումներին նվիրված նիստը: Յուրաքանչյուրը պետք է պատրաստվեր իրեն ներկայացվող մեղադրանքների կապակցությամբ առավել համոզիչ առարկություններ ներկայացնել: