ՀԵԿ-ի անդրանիկ մտավարժանքը

ՀԵԿ-ի անդրանիկ մտավարժանքը
Քաղաքական երկարուձիգ դեգերումները նախկին ՄԻԱԿ-ական, առայժմ ՀԵԿ ղեկավար Վահան Բաբայանին թեեւ լուրջ պաշտոն չտվեցին, սակայն  սովորեցրին մաքառել ու արարել: ՄԻԱԿ-ում ամբիցիաների  համապատասխան բավարարում չստանալուց հետո երիտկարիերիստը մի քանի ամիս առաջ վերադարձավ հին տաշտակին՝ վերակենդանացրեց  մոռացված ՀԵԿ-ը: Կուսակցության շարքերը համալրելուն զուգահեռ, Բաբայանը մի նախագիծ է սկսել՝ "Կադրային ռեզերվ" կամ "Ստրատեգիա 2020":  Այս ծրագիրը միավորում է նրանց, ովքեր իրենց տեղը չեն գտնում այս կյանքում, օրինակ, ինտելեկտուալ երիտասարդներին, որոնք բարձրագույն կրթություն են ստացել ու արժանավայել աշխատանք չունեն, նրանց տեղը զբաղեցնում են կիսագրագետները:



Այս արատավոր երեւույթի վերջը եկել է, ՀԵԿ-ը կազմակերպում է 25-30 տարեկան ինտելեկտուալ երիտասարդների հավաքագրում: Դիմորդները, հաղթահարելով  կուսակցության գիտելիքները ստուգող թեստային մի քանի փուլանոց արգելքը, կգրանցվեն ռեզերվում, եւ որոշ ժամանակ անց  բաբայանները նրանց թեկնածությունը կառաջարկեն մասնավոր կամ պետական մարմնի ղեկավարությանը՝ այդպիսով օգնելով տվյալ ինտելեկտուալ հուսահատվածին գտնել իր տեղը սեփական երկրում: Երեկ այս հումանիստական ծրագրի թեմայով համաժողով էին կազմակերպել, որին հրավիրված էին նաեւ նախարարներ, ոստիկանության ներկայացուցիչներ՝ ոստիկանապետի գլխավորությամբ, բուհերի ղեկավարներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:



Թեեւ սրանցից ոչ մեկը չկար, սակայն "Ստրատեգիա 2020" ծրագրի կազմկոմիտեի նախագահ Վահան  Բաբայանը, նրանց բացակայության հետ ոչ մի կերպ չհաշտվելով, իր ելույթը սկսեց՝ երեւակայելով նրանց ներկայությունը. "...Հարգելի կառավարության ներկայացուցիչներ, հարգելի ոստիկանության ներկայացուցիչներ, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, հարգելի բուհական ոլորտի ներկայացուցիչներ"... Եվ ոչ ոք չփորձեց ընդհատել տղայի դարակազմիկ ասելիքը՝ հիշեցնելով դահլիճում իրականում գտնվողների մասին: Իսկ վերջինս դողացող ձայնով շարունակում էր ընթերցել մի սրտառուչ տեքստ՝ նվիրված  լքված ինտելեկտուալների բարեկեցիկ կյանք ստեղծելու պարզագույն մեխանիզմին:



"Շատերը այդ բանաձեւի լուծումը տեսնում են օր առաջ երկիրը լքելու, իրենց օտար երկրներում բարեկեցիկ տեսնելու հիվանդագին մոլուցքի մեջ, շատերն էլ ապրում են՝ հավատալով, որ մի օր կգա որեւէ մեկը եւ իրենց կյանքը կփոխի դեպի լավը",-ընթերցում էր երիտասարդը՝ ներկաներին վարակելով այն հավատով, թե այդ մեկն իրենք են: Մի քանի ճամբարների բովով անցած երիտասարդ գործչին հաջողվեց ընթերցել մեկ էջանոց հրովարտակը, իսկ իր "կռիշի"  ներքո հանգրվանած ՀԵԿ-ականների համար այն վերածվեց մտավարժանքի:



Ինչ վերաբերում է հյուրերին, ապա ճշմարտության առաջ չմեղանչելու համար նշենք, որ հաջողվել էր սեղանի շուրջ բերման ենթարկել մի քանի տասնյակ երիտասարդների, նրանցից մի քանիսը ԲՀԿ-ական կարիերիստներ էին՝  երիտասարդ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ, մի քանիսն էլ գերատեսչությունների "ճ" կլասի աշխատողներ: "Կադրային ռեզերվ" նախագծի շուրջ մի քանի տափակ մտքեր փոխանակեցին, ըստ էության ժամանակը լմնցնելու նպատակով: Նյարդային թույլ համակարգ ունեցողները չկարողացան մինչեւ վերջ դիմադրել եւ զանգվածաբար լքեցին դահլիճը՝ թքած ունենալով ինտելեկտուալներին արժանավայել աշխատանքով ապահովելու ՀԵԿ-ի հեռանկարի վրա: