Ամբոխից պետք է տարբերվենք

Ամբոխից պետք է  տարբերվենք
Որ քաղաքական թեժացումը պետք է գար, դա հաստատ էր, քանի որ այդ ճահճային վիճակը երկար շարունակվել չէր կարող: Ցանկացած մարդ, որ քչից-շատից քաղաքականությունից հասկանում է, կարող է եզրահանգումներ անել, որ եթե քաղաքական ակտիվ շարժեր չկան, կարող են տեղի ունենալ նաեւ չնախատեսված դեպքեր, որոնք շատ հետաքրքիր ու երբեմն էլ ծանր դրսեւորումներ կարող են ունենալ: Իսկ որ ակտիվացում պահանջվում է, դա էլ հաստատ է ու անհրաժեշտ: Ինչո՞ւ: Որովհետեւ եթե մենք առաջնորդվենք այն սկզբունքով, որ կոծկենք այսօր մեր պետության ու ժողովրդի առջեւ կանգնած բոլոր խնդիրները, ուրեմն մենք խխունջի, կրիայի կամ ջայլամի կարգավիճակում կհայտնվենք: Հետեւաբար խնդիրները, որոնք այսօր մեր երկրի առջեւ ծառացած են, անհետաձգելի են, եւ մենք դա գիտակցում ենք: Եթե կա ինչ-որ մեկը, որը չի գիտակցում դա, ուրեմն ավելի լավ կլինի օր առաջ ասեն, որ լքի այս երկիրը, քանի որ մեր իրավիճակում գտնվող երկիրը, որը նավթից, բնական բարիքներից զուրկ է, հաստատ մի խնդիր ունի՝ իր միտքը բանեցնելու հրատապ պահանջ: Հետեւաբար քաղաքական դաշտում ակտիվացումը ես շատ դրական եմ համարում այն տեսանկյունից, որ այդ բոլոր հարցերի պահանջը դառնա օրակարգային:



Հասարակությունը կազմված է անհատներից, որոնցից ամեն մեկը պետք է ձեռքը դնի իր խղճի վրա եւ առաջնորդվի իր խղճի կանչով, թե ինքը վերջապես ինչ երկիր է մաղթում իրեն եւ իր զավակներին, ինչ է թողնելու իրենից հետո սերունդներին: Եթե այս հարցին յուրաքանչյուրս կարողանանք ազնվորեն պատասխանել, ես կարծում եմ, որ հասարակությունն ակտիվ կլինի անպայման: Իմ տեսլականը հետեւյալն է՝ վերնախավում գտնվող անհատականությունների խնդիրը պետք է դնել մի կողմ:



Սա էն կապիկությունն է, որոնք փաթաթվում են ժողովրդի գլխին, իսկ եթե մենք դնում ենք ժողովրդավարության խնդիրը, հետեւաբար ժողովրդի ակտիվությունը պետք է լինի համար մեկ պահանջը՝ դրված այն պետականության առջեւ, որն ինքն ուզում է կառուցել: Եթե մենք այսօր ունենք մեր պետականության  նման խարխլված վիճակում գտնվող պետություն, որը նորմալ հեռանկարներ չունի, ժողովուրդը չի կարողանում գուշակել անգամ, թե ինքն ինչ կարգի պետություն է կառուցել կամ կառուցում, որն է իր հեռանկարը: Իսկ սա կնշանակի, որ այդ ժողովուրդը ապագա չունի, առանց հեռանկարի ժողովուրդը ոչ ոքի պետք չէ, հավատացեք:



Եթե մեր հասարակությունն այս ամենը չի գիտակցում, ուրեմն ինքը հասարակություն չէ: Ամբոխը, մարդկանց հոծ բազմությունը ձեռք է բերում հասարակություն կոչումն այն ժամանակ, երբ իսկապես իր առջեւ հասարակական խնդիրներ է դնում եւ այդ խնդիրների լուծման ճանապարհները ուղենշում է ու զբաղվում դրանց լուծումով: Եթե չի անում այդ բանը, ինքն ընդամենը բազմություն է, ամբոխ:



Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն այսօր կայացած հասարակություն չէ, քանի որ երկար տարիներ գտնվում է այս երկփեղկված իրավիճակում: Այսինքն, փողն առանձին, միտքն առանձին, հասարակություն կառուցող ինստիտուցիոնալ կառույցներն առանձին, եւ ամեն մեկն ինչ ուզում անում է: Այսպես պետություն չի կայանում: Եկեք դիտարկենք բոլոր պետությունների համակարգային կառուցվածքը եւ կտեսնենք, որ մենք էլի կգտնվենք "մերն ուրիշ է" կարգավիճակում: Պետք է ուղղակի ամրացնենք այն գիտակցումը, որ մենք բոլորս ունենք նորմալ պետության եւ պետականության պահանջ:



Աշոտ ԱԴԱՄՅԱՆ

դերասան