Նկարիչ Աղվան Հովսեփյանն ու Փարավոնը

Նկարիչ Աղվան Հովսեփյանն ու Փարավոնը
Հուլիսի 27-ին, ժամը 17:00-ին, ամառվա տոթին Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը լցվեց մարդկային հոծ բազմությամբ։ Հրապարակին կից փողոցներով անցողներին թվաց, թե ստեփանակերտցիները դուրս են եկել հանրահավաքի։ Այնտեղ էին ԼՂՀ ղեկավարները՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, այնտեղ էր նաեւ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ սրբազան Մարտիրոսյանը։ Դեռեւս օրվա կեսին կառավարական շենքերի աշխատողները հրահանգ էին ստացել աշխատանքային օրվա ավարտից մեկ ժամ առաջ՝ 17:00-ին դուրս գալ կենտրոնական հրապարակ։



Պարզվեց, որ մարդիկ ամառվա տապին հրապարակ են դուրս եկել ոչ թե հանրահավաքի, ղարաբաղյան խնդրի հետ կապված դրական կամ բացասական որեւէ վերաբերմունք հայտնելու, այլ երկրի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդների գլխավորությամբ մասնակցելու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Կենտրոնական հրապարակի մեջտեղում, հատուկ սարքված հարթակում, որտեղ տոնակատարությունների ժամանակ ելույթ են ունենում Հայաստանից ժամանած երաժիշտներն ու տեղի համույթները, ամրացված էր հայաստանցի գեղանկարչի պատկառելի չափերով գեղարվեստական աշխատանքը (պաննոն), որ ներկայացնում էր Արցախական աշխարհը՝ մեջտեղում, բարձունքի վրա հառնած Ղազանչեցոց եկեղեցին, ապա ավելի ներքեւում, համեստ մի բլրի վրա՝ հանրահայտ "Մենք ենք, մեր սարերը" (արցախցիների ասած՝ "տատիկ-պապիկը"), իսկ աջ մասում՝ Գանձասարի վանքը։



Նկարչի մյուս գործերը տեղադրված էին նույն հրապարակի ձախ մասում գտնվող մշակույթի եւ երիտասարդության պալատում։ Հայաստանցի գեղանկարիչն Արցախ էր ժամանել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, որը երբեմն հայ արվեստի եւ մշակույթի հանդեպ տոգորվում է անբացատրելի սիրով։ Միջոցառումը բացեց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը, ելույթ ունեցան ՀՀ եւ տեղի արվեստագետներ, Փ. Միրզոյանը եւ, իհարկե, ՀՀ գլխավոր դատախազը։ Արցախցի արվեստագետն այնքան էր հուզվել վերջինիս ելույթից, որ իր խոսքում մի քանի անգամ նշեց՝ "նկարիչ Աղվան Հովսեփյանը..."։ Պարզ չէ՝ նա իրոք կարծում էր Ա. Հովսեփյանի անհատական ցուցահանդե՞սն է, թե՞ ամառային շոգն էր "թյուրիմացության" պատճառը։ Միջոցառումն ու աշխատանքային օրն ավարտվեցին։ Տապից շշկլված աշխատողների այն հարցին, թե ինչու գոնե ժամը 18-ին չեն նախատեսել միջոցառումը, նրանց անմիջական պետերը ժպտալով պատասխանեցին. "Որպեսզի փախչեք տուն, հա՞..."։



Ժամանակները փոխվել են, փոխվել են նաեւ երկրի տերերը, բայց հպատակներին ղեկավարելու խորհրդային ավանդույթները դեռ գործում են։ Կարեւորն այն է, որ արվեստի հանդեպ բուռն սերը Արցախի քաղաքական էլիտային ամառվա կիզիչ տապին դուրս էր բերել հրապարակ՝ մեկ անգամ եւս զմայլվելու արվեստի անկրկնելի աշխարհով եւ ըմբոշխնելու նրա պարգեւած հոգեւոր բերկրանքը։ Այ, եթե նման սկզբունքայնությամբ նրանք աշխատեին նաեւ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ, հեռավոր որոշ կղզի-պետություններ կամ թեկուզ աֆրիկյան մի քանի երկրներ վաղուց արդեն ճանաչած կլինեին ԼՂՀ-ն։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ