Սահակյանները չեն թողնի

Սահակյանները չեն թողնի
Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի համագործակցության մասին խոսակցությունները նոր չեն: Ոմանք այդ մասին խոսում են չարախնդալով, ոմանք՝ հույսով, երրորդները՝ դատապարտելով: Տեսականորեն նման հնարավորություն կա, եւ այդ մասին անգամ ակնարկել է Տեր-Պետրոսյանը՝ Եղիազար Այնթապցու մասին իմաստուն օրինակը բերելով: Ընդհանրապես քաղաքական պայքարի պատմությունը նման անհավանական ալյանսների օրինակներ շատ է տեսել: Նման մի օրինակ էր Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան դաշինքը, որը տվյալ պահի համար թերեւս լավ լուծում էր: Եթե իհարկե, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չբխեցնենք այդ դաշինքի բուն գոյությունից: Ի վերջո, քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստ է, եւ շահում են այդ արվեստին տիրապետողները: Եթե այդ "անհավանական" դաշինքից շահելու են երկիրն ու ժողովուրդը, եթե խնդիրների լուծման հավանականությունն է մեծանալու, ապա ինչո՞ւ ոչ: Գուցե հենց այս նկատառումներն են դեր խաղացել, որ ԱՄՆ իշխանությունը, ինչպես լուրեր են շրջում, որոշել է իր միջոցներով նպաստել Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան ալյանսի ձեւավորմանը: Եվ այդ առումով իր դերակատարումն ունի ԱՄՆ դեսպանը Հայաստանում: Երեկ, չգիտես ինչու, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի նախաձեռնությունից տեղյակ չէ: Ավելին՝ "Նման գործունեությունը թաքուն չի կարող լինի": Բայց խնդիրն այդ չէ, այլ այն, որ իշխող կուսակցությունում ցանկացած համագործակցության դեմ են: Նրանք մտավախություն ունեն, որ տորթի իրենց բաժինը կպակասի: Իզուր չէ, որ պրն Սահակյանը հայտարարում է, թե ՀԱԿ-ն ու "Ժառանգությունը" առաջիկա խորհրդարանում չեն լինելու: ԱԺ տորթը միայն ՀՀԿ-ինն է: Այսինքն, պրն Սահակյանինը, նրա որդունն ու աներձագինը: