ԱՍԱԼԱ-ն` Ղարաբաղի ու Կոսովոյի մասին

ԱՍԱԼԱ-ն` Ղարաբաղի ու Կոսովոյի մասին
Կոսովոյի անկախության հարցով Հաագայի արդարադատության ատյանի արձակած եզրակացության մասին



1. Կոսովոյի և Արցախի հակամարտությունների հիմնական տարբերությունը:



-Կոսովոյի ալբանացիները անկախություն հռչակեցին սերբական հայրենիքի մի հատվածում:



-ԼՂՀ-ի հայությունը բռնազավթումից ազատագրվեց և անկախություն նվաճեց բնօրրանում` Հայաստան աշխարհի մի հատվածում` Արցախում:



Սա է այն հիմնական տարբերությունը, որի մասին պետք չէ մոռանալ ոչ մի դեպքում, եթե նույնիսկ թվում է, թե Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի արդարադատության ատյանի արձակած եզրակացությունը նպաստավոր կարող է լինել Ղարաբաղյան խնդրի արդարացի հանգուցալուծման գործում:



2. Սկզբունքներ, որոնք խախտվել են Կոսովոյի անկախացման գործընթացում:



Եղավ ճիշտ այնպես, ինչպես Պարույր Սևակն էր զգուշացնում. “Երբ անտեղի հարց չեն տալիս, սուտ պատասխան չեն ստանում”:



Խախտվել է նվազագույնը չորս արարողակարգ և սկզբունք.



-Կոսովոյի ալբանացիները Սերբական հայրենիքում անկախություն հռչակելու իրավունք չունեին:



-Կոսովոյի անկախությունը ճանաչած շուրջ 60 երկրները այդ անկախությունը ճանաչելու իրավունք չունեին:



-Անտեղի և անիմաստ է, որ Հաագայի արդարադատության ատյանը քննության է առել Կոսովոյի անկախության հռչակագրի միջազգային իրավունքին չհակասելու հարցը և դրա վերաբերյալ տվել ընդամենը խորհրդատվական եզրակացություն, այլ ոչ թե կայացրել հատուկ որոշում: Փաստաթուղթը կարող էր չհակասել միջազգային իրավունքին: Բայց խնդիրն այդ չէ: Իրականում որևէ միջազգային դատարան պետք է պատասխաներ գլխավոր հարցին, այն է` Կոսովոն իրավունք ունե՞ր հայտարարելու իր անկախությունը Սերբիայից, թե՞ ոչ… (Տես, Комментарий официального представителя МИД России А.А.Нестеренко в связи с заключением Международного суда по Косово, 1035-22-07-2010)



-Կոսովոյի հակամարտության լուծումը, ինչպես ցանկացած միջազգային հակամարտության լուծում, այդ թվում և Ղարաբաղյան հակամարտության, պետք է ընթանար “Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին” Հաագայի 18 հոկտեմբերի 1907 թ. Կոնվենցիայի նախանշած երեք փուլերի սկզբունքների համաձայն և ոչ թե քաղաքական պարտադրանքների և որոշումների ճանապարհով:



Մեջբերենք Կոնվենցիայի միջազգային դատարանին վերաբերող հատվածը.



РАЗДЕЛ IV.



О международном третейском суде.



Глава II. О постоянной палате третейского суда.



Статья 41. Договаривающиеся Державы, желая облегчить возможность обращаться без замедления к третейскому суду в случае международных споров, которые не могли быть улажены дипломатическим путем, обязываются сохранить в том виде, как она была учреждена Первой конференцией Мира, Постоянную Палату Третейского Суда, доступную во всякое время и действующую, при отсутствии иного о сем условия, сообразно порядку производства, изложенному в настоящей конвенции.



Այլապես ստացվում է, որ միջազգային քաղաքական դաշտում երկակի ստանդարտներ կիրառելու արատավոր և հանցագործ գործելակերպը այժմ էլ փորձ է արվում ներմուծել միջազգային իրավական հարթություն, որտեղ նույնպես կարող են գործել գերտերությունների թելադրանքով ընդունված, իբրև թե իրավական, իրականում քաղաքական պարտադրանք - որոշումներ:



Այնպես կարող է պատահել, որ օրինակ, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության դեպքում մեկ որոշում կայացվի, ԼՂՀ-ի դեպքում մեկ այլ, Մերձդնեստրի Հանրապետության դեպքում մեկ, Հարավային Օսիայի (Աբխազիայի) Հանրապետության դեպքում մեկ այլ... և այդպես շարունակ մինչև գլոբալացման ծրագրերը կհասնեն ծրագրային ինչ որ որոշակի մի հանգրվանի:



3. Որոշո՞ւմ, թե՞ եզրակացություն: Նախադե՞պ, թե՞ ոչ:



Եթե ճիշտ է, որ Կոսովոյի անկախացման հարցում գլխավոր խոսքը ԱՄՆ-ին էր, ապա պետք է ընդունել, որ Հաագայի դատարանի արձակած եզրակացության առանցքային մեկնաբանության իրավունքը նույնպես պատկանում է ԱՄՆ-ին:



ԱՄՆ պետդեպարտամենտից Ֆիլիպ Կրոուլը հանդես է եկել հայտարարությամբ։



“ԱՄՆ-ին հայտնի են Կոսովոյի՝ Սերբիայից անջատվելու պատմական և զգացմունքային մանրամասները, բայց մենք հույս ունենք, որ Բելգրադը հեռատեսություն կցուցաբերի և կհասկանա, որ իր շահերից է բխում շարունակել սերտաճումը Եվրոպային։ Մենք հասկանում ենք, որ դա շատ դժվար է, բայց մտածում ենք, որ Սերբիայի շահերից է բխում Կոսովոյի հետ կառուցողական համագործակցություն սկսելը,-նշված է հայտարարության մեջ։ Վաշինգտոնը համոզված է, որ միջազգային դատարանի որոշումը չի կարող տարածվել մյուս նմանատիպ դեպքերի վրա։ -Յուրաքանչյուրը, ով կկարդա դատավճիռը, կհամոզվի, որ սա յուրահատուկ որոշում էր՝ հիմնված միայն Կոսովոյին վերաբերող փաստերի վրա,-ընդգծել է Ֆիլիպ Կրոուլին”։ (7or.am, 23.07.2010)



Այսինքն` “յուրահատուկ որոշում էր՝ հիմնված միայն Կոսովոյին վերաբերող փաստերի վրա”: Հետևաբար պետք է հաստատել, որ ի սկզբանէ, Կոսովոյի անկախացման գործընթացը ԱՄՆ-ի և Եվրոմիության կողմից ուղղորդվող գործընթաց էր, ինչի մասին 2006-ին նշել էր Պենտագոնի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի “Միջին Արևելքի նոր սահմանները` ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների” հոդվածում հատուկ նշելով Արևմուտքի համար ռազմավարական նշանակության երեք կետերի մասին` “Կոնգո, Կոսովո, Կովկաս”: (Կոնգոյի և Կովկասի մասին մանրամասն Տես, “Ուխտ Արարատի” թիվ 1/19, մարտ-ապրիլ, 2010, էջ 2)



Արա Պապյանը նշում է. “Այն, որ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը` Արդարադատության միջազգային դատարանը 2010թ. հուլիսի 22-ին հայտարարեց, որ “Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի ոտնահարում միջազգային իրավունքը”, միանգամայն օրինաչափ է: Նախ օրինաչափ է, քանի որ սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը` ինքնորոշման տեսքով, որպես տվյալ կազմակերպության հիմնական նպատակներից մեկը ներառված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ [Հոդված 1(2)]: Հետո, օրինաչափ է, քանի որ միջազգային իրավունքի մեջ չկա անկախության հռչակման որևէ սահմանափակում: Այսինքն, միջազգային իրավունքի մեջ չկա մի չափորոշիչ, որով անկախանալու իրավունքը վերապված է, ասենք, սերբերին, վրացիներին կամ Կովկասի թաթարներին, իսկ նույն իրավունքը մերժվում է ալբանացիներին, մենգրելներին կամ թալիշներին”: (ArmAr.am, 23 հուլիսի 2010թ.)



Բայց մյուս կողմից չի ստացվում այնպես, որ մի որոշ ժամանակ անց, ասենք մի հիսուն տարի անց, անկախություն կարող են հռչակել եվրոպայի ցանկացած մասում` նախկին միգրանտների ցանկացած խմբեր` համայքներ, ինչպես օրինակ` Գերմանիայում թուրքական, Շվեդիայում` քրդական, Ֆրանսիայում` արաբական, և այլն… եթե Հաագայի դատարանի որոշումը նախադեպ համարվի նմանատիպ իրավիճակների համար:



Հետաքրքիր դիտարկում է անում Դավիթ Շահնազարյանը. “Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության նախադեպային լինելու մասին խոսելն առայժմ վաղ է: “ԱրմԻնֆոյին” այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: “Ես այդպես եմ կարծում, քանի որ Հաագայի ՄԱԿ-ի միջազգային դատարանն իրավունք ունի կայացնել որոշումներ կամ եզրակացություններ, իսկ Կոսովոյի դեպքում այն ընդունել է հենց եզրակացություն: Երկրորդ, որոշումը կայացվել է և լիովին տեղավորվում է առկա քաղաքական իրողությունների շրջանակներում: Իսկ դրանք այնպիսին են, որ ՄԱԿ անդամ 192 երկրներից 69 ճանաչել է Կոսովոյի անկախությունը, այնպես որ, դա սոսկ քաղաքական իրողությունների հաստատում է: Ժամանակը ցույց կտա, թե արդյոք այն իրո՞ք կդառնա նախադեպ մյուս չճանաչված հանրապետությունները ճանաչելու համար: Սպասենք Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշմանը”: - նշել է նա: Շահնազարյանն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ բավականին թերահավատորեն է վերաբերվում այն բանին, որ այդ որոշումը դառնա նախադեպ: Սեպտեմբերին Հաագայում քննարկվելու է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը: (Aravot.am, 27.07.2010)



Դա հաստատում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը. “Դատարանի ընդունած որոշումը սերտորեն կապված էր Կոսովոյի առանձնահատուկ հանգամանքների հետ. այն Կոսովոյի մասին էր, և ոչ այլ տարածաշրջանների կամ պետությունների, և նախադեպ չի ստեղծում այլ տարածաշրջանների կամ պետությունների համար”: (Lragir.am, 27.07.2010)



Այստեղ են ասում` “խոսքերն ավելորդ են”: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան այս պահին գործածում “որոշում” եզրը, հետագայում դա կփոխարինի “եզրակացություն” եզրույթով և հակառակը, ըստ անհրաժեշտության, որ դա համարվի նախադեպ, կամ ոչ… և այդպես շարունակ:



Նոր մեծ խաղի սկիզբն է ազդարարված: Գնալով ավելի ու ավելի կընդգծվի, որ գործ ունենք հեռու գնացող քաղաքական “բլեֆի” դասական օրինակի հետ:



4. Կոսովոյի անկախության հռչակման գործընթացի իրական պատճառները և դրա հնարավոր հետևանքները:



Այնուհանդերձ, ո՞րն է ճշմարտությունը Կոսովոյի անկախության հռչակման և Հաագայի դատարանի արձակած եզրակացության հարցում:



Հարկ է նշել, որ



-Հարավսլավիայի փլուզումը ընդհանրապես և Կոսովոյի անկախացումը Սերբիայից մասնավորապես Սերբական քաղաքակրթությանը և Սերբական հայրենիքին հասցված զորեղ հարվածներ են` գլոբալացման - ինտեգրման ամենաակնառու պարտադրանքներով:



-Վերջին հարյուրամյակներում նմանատիպ հարվածներ են հասցվել Բալկաններ - Կովկաս (Հայկական բարձրավանդակ) - Աֆղանստան գծով` Սերբական, Հայկական և Աֆղանական քաղաքակրթություններին: Ուստի, պատահական չի կարող դիտվել 20-րդ դարասկզբին Երիտ-ալբանացիների ի հայտ գալը Բալկաններում, Երիտ-թուրքերինը` Օսմանյան կայսրությունում և Երիտ-աֆղաններինը` Աֆղանստանում: (Տես, ՀՍՀ, հ 1, 1974, էջ 145, տես նաև, ՀՍՀ, հ 2, 1976, էջ 172): Այդ նույն ձեռագրով գործելու են կոչված եվրո-կուսակցությունները` տեղական կուսակցությունների հետ “ինտեգրվելու” ճանապարհով:



-Արևմուտքի ի ցույց դրած քաղաքական այսօրինակ հենքն ու վարքագիծը ձևավորվում է գլոբալացման - ինտեգրման ծրագրերի տրամաբանությունից, որը չի հանդուրժում ազգային – քաղաքակրթական ինքնատիպ միավորների, տարածքների, հավաքականությունների, ազգերի ու պետությունների ազատ, անկախ, ինքնիշխան գոյությունը:



-Իսկ որպեսզի ազգերն ու ժողովուրդները հույս չկապեն իրենց խնդիրների իրավական կարգավորվածության նկատմամբ, արձակվում է Հաագայի դատարանի եզրակացությունը Կոսովոյի անկախության մասին, որը գլխիվայր է շուռ տալիս մարդկանց պատկերացումները արդարադատության, օրենքի և իրավունքի մասին:



5. Ի՞նչ կարող է տալ Հաագայի դատարանի արձակած եզրակացությունը ԼՂՀ-ին:



-Կարող է որոշ դրական հույսեր ներշնչել ԼՂՀ հակամարտության նմանատիպ ձևով կարգավորման նկատմամբ:



-Կարող է հակամարտության կարգավորման ԼՂՀ - ՀՀ բոլոր ջանքներն ու աշխատանքները շարունակել ուղղորդել կեղծ հուն:



-Կարող է պատճառ դառնալ Մինսկի խմբի շրջանակներում (և այլ նմանատիպ ձևաչափերում) անպտուղ և անհեռանկար բանակցությունների ձգձգման:



-Կարող է երկարաձգել հակամարտության իրավական կարգավորումը, որը հնարավոր է “Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին” Հաագայի 18 հոկտեմբերի 1907 թ. Կոնվենցիայի դրույթների համաձայն միայն: (Տես, “Ուխտ Արարատի” թիվ 1/19, մարտ-ապրիլ, 2010, էջ 12-13)



6. ԼՂՀ-ի և ՀՀ-ի անելիքները:



Ուստի, ԼՂՀ-ի և ՀՀ-ի ճանապարհը հավասարազոր և զուգահեռ գնացող հետևյալ երկու ուղիներով ընթանալն է.



-իրավունքի, և



-աշխարհազորային պաշտպանության կազմակերպման (Շվեյցարիայի պաշտպանության օրինակով),



որովհետև ԼՂՀ հակամարտության արդարացի հանգուցալուծման ձգձգումը ԼՂՀ-ի և ՀՀ-ի նկատմամբ (ադրբեջանական, թե մեկ այլ) նոր ագրեսիայի սանձազերծման մշտական սպառնալիքն է պարունակում` տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման շարունակական ակնկալիքով:



“Ուխտ Արարատի”, ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն



28.07.2010