Հետոն է անորոշ

Հետոն է անորոշ
-Արի տուն, բայց մի մնա: Այստեղ դու ոչ ոքի պետք չես: Դու պետք ես այնտեղ` դրսում, որպես սփյուռք, որպես սփյուռքահայ, որ կարոտես քո երկրին, ամեն առավոտ նայես պատից կախված Արարատի նկարին եւ մտածես ազգականներիդ փող ուղարկելու մասին: Դու պետք ես քո երկրին, որ ամեն տարի այցելես քո ծերունի ծնողներին, ազգականներին, հարեւաններին, բոլոր նրանց, ում կարոտում ես, եւ ովքեր քեզ համար մարմնավորում են հայրենիք ասվածը:



Դու պետք ես նրա համար, որ քեզ կոչ հղեն "Արի տուն", եւ դու գաս, որովհետեւ ամեն անգամ, երբ դու գալիս եւ գնում ես, երկրի վիճակագրական տվյալները փոխվում են: Օրինակ` ավելանում է Հայաստան այցելած տուրիստների քանակը, մի որոշ ժամանակ դրամը արժեւորվում է, իսկ դոլարն արժեզրկվում, որի արդյունքում տնտեսության աճի ցուցանիշային սանդղակը անհավատալի բարձունքների է հասնում: Մի խոսքով, արի տուն, բայց երբեք մտքովդ չանցկացնես մնալ այստեղ: Դու մեզ պետք ես այնտեղ` դրսում: Չէ որ մենք համաշխարհային ազգ ենք եւ "ազգահավաք"` այդ բարձրագոչ բառը ընդամենը ներքին սպառման համար է, եւ պետք չէ այն լուրջ ընդունել:



Մոտավորապես այսպես էր մտածում եւ արտահայտվում "տուն վերադարձած" մեկը, որը մոտ 15 տարի Ռուսաստանում ապրելուց հետո որոշել էր վաճառել իր ունեցվածքը եւ ընտանիքով վերադառնալ հայրենիք: "Ընդամենը հինգերորդ օրը հասկացա, որ սխալ եմ արել եւ ստիպված պետք է ետ վերադառնամ,- ասաց զրուցակիցս եւ շարունակեց,- ուրիշ ելք չեմ տեսնում": Պատճառը 16-ամյա աղջիկն է, որ Ռուսաստանում սովորել է 10-րդ դասարանում,  եւ միջնակարգն ավարտելուն մնացել է մեկ տարի: Այստեղ` Հայաստանում, հաջորդ տարի ավարտական դասարան չի լինելու, եւ աղջիկն էլ ստիպված պետք է մեկ տարի ավել դպրոց գնա:



Մտահոգ հայրը փորձել է փնտրել տարբերակներ խնդրի լուծման համար: Բոլոր տեղերում բացատրել են, որ հնարավոր չէ, եւ, մատնացույց անելով կրթության նախարարությանը, ավելացրել են՝ դե, էշություն ա արածները, բայց ոչինչ հնարավոր չէ փոխել: Հիմա պատրաստվում են ետ վերադառնալ: Կապում են ճամպրուկները: "Փող ունեմ,-ասաց,- տունն ու բիզնեսս էի վաճառել, նորից տուն կգնեմ ու կփորձեմ նոր գործ սկսել: Հետոն է անորոշ":



Մարդը սկսել էր հասկանալ, որ  ընտանիքի ապագայի անորոշությունը ուղիղ համեմատական է հայրենիքի ապագայի անորոշությանը:



Հրաչյա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ