Վանաձորից վերադարձա ու նախարար նշանակվեցի

Վանաձորից վերադարձա ու նախարար նշանակվեցի
Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերը դարձյալ սկսել են շրջանառվել: Օրերս մամուլում գրվեց, որ վերջերս ՕԵԿ-ականացված Էդուարդ Մադաթյանն է այդ պաշտոնին հավակնում, ինչի համար պետք է վճարի 400 հազար դոլար: Հիշեցնենք, որ, ըստ մամուլում շրջանառվող  լուրերի, Արթուր Բաղդասարյանն ամիսներ առաջ 1,5 միլիոնով էր վաճառքի հանել գյուղնախարարի մանդատը: Փաստորեն, այս ընթացքում չորս անգամ նվազել է Գերասիմ Ալավերդյանի զբաղեցրած աթոռի արժեքը: Վերջինիս հետ զրուցեցինք այս իրավիճակի մասին:



- Պարոն Ալավերդյան, Ձեր պաշտոնանկության մասին լուրերը դարձյալ սկսել են շրջանառվել, ըստ որի՝ Ձեզ Արթուր Բաղդասարյանը համոզել է, որ Դուք հօգուտ Էդուարդ Մադաթյանի հրաժարվեք պաշտոնից: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին:



- Ես շատ հանգիստ եմ վերաբերվում դրան, որովհետեւ անհիմն խոսակցություններ են, գիտեք, պարոն Բաղդասարյանը այդ նկատառումները որ ունենար, ինձ... գիտեք ոնց եմ ես էս պաշտոնին նշանակվել: Ես Վերահսկիչ պալատի վարչության պետն էի, աշխատում էի, գործուղման էի մեկնել Լոռու մարզ ստուգումների, զանգահարեց պարոն Բաղդասարյանը, ասեց՝ որտե՞ղ եք, ասեցի՝ ճանապարհին եմ, ասեց՝ որ վերադառնաք Երեւան, կհանդիպեք ինձ, ես մտածեցի, ասեցի ինչ-որ մի բան ճիշտ չեմ արել, խնդիր կա, բան, երբ ես վերադարձա Երեւան, ինձ նշանակեց նախարար:



- Պարզվեց Երեւանում Ձեզ հաճելի անակնկա՞լ էր սպասում:



- Այո, եւ գիտեք նման ասեկոսներ, նման խոսքեր" Եվ դա պրակտիկան է ցույց տվել, որ պարոն Բաղդասարյանը նշանակել ա մի շարք նախարարներ, ցուցակով պատգամավորներ եւ ոչ մեկից ոչ մի անգամ նման կարգի, չգիտեմ... տարաբնույթ խնդիրներ կան, հիմա եթե մեր պատգամավորները ընտրված են մարզերից. Խաչատրյան Իշխանը՝ Արարատից, Արծրուն Աղաջանյանը՝ Արթիկից, Հովհաննես Մարգարյանը՝ Գյումրուց, բոլորի հետ գնացեք հանդիպեք, բոլորը իրանց աշխատանքի, իրանց գիտելիքի շնորհիվ դառել են պատգամավոր եւ նախարար:



- Ամիսներ առաջ ասացիք, որ Ձեր ոտքերի վրա ամուր կագնած եք, դարձյա՞լ ամուր եք, Ձեզ մինչեւ աշուն պաշտոնանկություն չի՞ սպասում:



- Գիտեք ինչ կա, ես իմ կուսակցության զինվորն եմ, եթե իմ կուսակցությունը կորոշի, որ ես պետք ա գտնվեմ ամենահեռավոր կետում, ես կգտնվեմ ամենահեռավոր կետում: Էսօր իմ կուսակցությունը, հաշվի առնելով բազմաթիվ հարցեր, նպատակահարմար ա գտել ինձ նշանակի նախարար, ես ծառայում եմ իմ պետությանը, իմ երկրին, իմ կուսակցությանը եւ պատրաստ եմ ցանկացած պահի ցանկացած տեղ կատարել իմ կուսակցության նախագահի հանձնարարականները:



- Այսինքն Ձեզ չի՞ վախեցնում Էդուարդ Մադաթյանի ՕԵԿ-ական դառնալը:



- Ես ասեմ՝ պարոն Մադաթյանին ճանաչում եմ, շատ լավ մարդ ա, երկու անգամ պատգամավոր ընտրված, նախարար աշխատած, մենք լավ ընկերներ ենք, եւ, բնականաբար, դա անհեթեթություններ է, փորձ է արվում վարկաբեկել մարդկանց, կուսակցություններին, չկա ըտենց բան եւ ոչ պարոն Մադաթյանի մոտ, ոչ էլ ոչ մեկիս, մենք նորմալ աշխատում ենք, նորմալ մարդիկ ենք, եւ այդ կարգի խոսակցությունները, բնականաբար, մեզ չի կարող վախեցնել ու զարմացնել:



- Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ կոնկրետ Ձեր պաշտոնանկության հարցն է ամենից շատ շոշափվում, ինչ-որ մեկին ձեռնտո՞ւ է այդ վարկաբեկումը:



- Եթե ուզում ես իմանաս ապատեղեկատվությունները որտեղից են գալիս եւ ուր են գնում, վեկալեք թերթերը  կարդացեք: Էսօր մեկին հանեցին, էն մեկին դրեցին, բայց իրականությունը էս ա:



- Բայց նախարար դառնալու համար ՕԵԿ-ին նվազագույնը մեկ միլիոն դոլար չե՞ն վճարում:



- (քահ-քահ ծիծաղում է) Վերջին ժամանակներս (շարունակում է ծիծաղել) այդքան  ծիծաղ առաջացնող հարցեր ինձ չէին տվել, բնականաբար, ոչ մեկ միլիոն դոլար, ոչ մեկ լումա: ՕԵԿ-ի համար աշխատում ա մարդկային ճիշտ հարաբերություններ, լինել ժողովրդի կողքին, աշխատել ժողովրդի համար: Տեսեք, ես ասում եմ՝ ես բաց աշխատում եմ բոլորի հետ ցանկացած հարցի շուրջ, եկեք քննարկենք: Մեր  կուսակցությունը շատ բաց, թափանցիկ կուսակցություն ա... խնդրեմ, եկեք անդամագրվեք...