Ռոբերտ Հովհաննիսյան. մեկը հուլիսի 28-ին զոհվածներից

Ռոբերտ Հովհաննիսյան. մեկը հուլիսի 28-ին զոհվածներից






Վանաձորի բնակիչ, 1991 թվին ծնված Ռոբերտ Հովհաննիսյանը հուլիսի 28-ի պատահարի վեց զոհերից մեկն է: ԼՂՀ Մարտունու զորամասում տեղի ունեցածը ցնցել է ողջ երկիրը: Պատահարի մասին մենք ընդամենը գիտենք այն, որ զինվորներից մեկին ծաղրի ենթարկելու արդյունքում մեկ այլ զինվոր իրեն ամրակցված զենքով սպանել է հինգ հոգու եւ վերջում ինքնասպան եղել: Երեկ ողջ երկիրը դիակներ էր ընդունում, սգում երիտասարդ տղաների մահն ու փորձում հասկանալ, թե ինչն է նման ողբերգության պատճառը: Վանաձորի մեր թղթակիցն այցելել է Ռոբերտ Հովհաննիսյանի տուն եւ զրուցել հարազատների հետ: Հարցազրույցները ներկայացնում ենք առանց միջամտության:



Տատիկի խոսքը - Շաբաթ օրը ինքը արձակուրդ ուներ, պետք ա գար, 2 ամիս առաջ օրենքով պետք ա գար, չեկավ, մեզ ասեցին՝ կարբյուրատոր ուղարկեք, որ երեխուն թողանք գա, ուղարկեցինք, բայց երեխուն էլի չուղարկեցին: Ասին՝ մյուս շաբաթ կուղարկենք, էլի չուղարկեցին, երեխեն զանգեց ասավ. “Պապա, չեն ուղարկում, դիրքեր կգնանք-կգանք, նոր երեւի կուղարկեն, էլի խաբին”: Զանգում էինք իրանց աֆիցերին, ասում էինք՝ պապը հիվանդ ա, մահամերձ ա, խնդրում ենք ուղարկեք, թող պապը տենա մինչեւ մեռնելը, ասել էին՝ ուրբաթ պոստերից կգանք՝ կուղարկենք, էդ էլ մինչեւ ուրբաթ չհասավ: 1 տարի 3 ամսվա ծառայող էր, մայիսի 13-ին էր գնացել, արձակուրդ վաբշե չի եկել: Ասում են՝ ձեր երեխեն անմեղ զոհ էր, կռիվ ա եղել, ինքը աֆիցերի շոֆեր էր, կրակոցի ձայն էր լսել, բարձրացել ա, էնա իրան ու աֆիցերին էլ են խփել, ինքը 4-րդ խփվածն ա եղել, գլխից, սաղ մարմնի վրա կրակած ա..   Ճիճուն երեխու վրով գնում ա, սաղ հոտը շենքով մեկ ա ընգել, նորմալ չեն էլ մշակել: Էսօր ըստեղ են բերե՝ իբր դեղ դրել, խփած տեղից վերցրել են դրել պատգարակի վրա, եսիմ մի օր ա, ինչքան ա էդ վիճակին գետնին մնացել, որ մարմինը նեխել ա, արեւի տակ անտերի նման երեխուն բրախել են: Հետո իմացանք՝ տարել են Երեւան, էսօր ըստեղ հերձեցին, մեր մորգում են մաքրել, մարմինը լրիվ հոտել էր, ճիճուները քթերից թափվում ա, սաղ քթանցքները փակել ենք, ու հենց տեսնում ենք երեսը՝ սարսափում ենք: Խի ես էս ձեւի երեխա ե՞մ ուղարկել, որ իրանք ինձ սենց տվեցին, նախ աֆիցերները երեխեքին անտերության են մատնել, պտի չթողեին կռվեին: Պապը հիվանդ ա, հերը՝ թոշակառու, մեզ ասին 100 կմ շառավիղի մեջ կեղնի, մոտիկ կծառայի, տարան Երեւան, երեխեն լացելով զանգեց ասավ, որ Խոջալու են տանում: Թող իրանք իրանց երեխեքին էս ձեւով ընդունեն:



Հոր խոսքը - Այ սենց տանում են՝ երեխեքի գլուխն ուտում են: Մեր Հայաստանը վաբշե անդերուդուս ա, մենք 3-րդ օրն ա, որ իմացել ենք: Դրա առաջի օրը ինձ զանգեց, ասավ, որ ուրբաթ պոստերից կիջնեմ ու կգամ, կարբյուրադրի մաս ուզեցին, ուղարկեցի, խի իրանց մեքենաների վրա չկա՞, որ զինվորից են ուզում, ասի՝ տղուս ուղարկեք, կարբյուրատորը տղես հետը կբերի, ասին՝ չէ, կարող ա խաբես, կարբյուրատորը ղրգեցի, րոպեն մեկ զանգում էին՝ խի՞ չհասավ, կարող ա՞ չես ուղարկել: Կարբյուրադորը հասավ, բայց երեխես չհասավ:



Հարազատներ - Մեզ 28-ի գիշերը ժամը 10-ին վայենկոմատից զանգին: Տարել են Երեւան, նոր բերել էստեղ, անմշակ վեր են կալել ու բերել, ասինք՝ բա ինչի՞ Ղարաբաղում կամ Երեւանում չեք մշակել, ասին՝ օրենքով որտեղ գրանցված է, էնտեղ պետք է անեն: Մեզ ճիշտն էլ չեն ասել, մեր երեխեքին անտեր են թողել, անտերի պես էլ տվին մեզ, սաղ հոտը շենքն ա լցվե, որդերն ու ճիճուները վրեն ման են գալի, չգիտենք ինչ անենք, խի՞ տենց արին: 9-10 փամփուշտ մեր մոտի դիահերձարանում հանեցին, բայց նաեւ կային ծակած-դուս եկած տեղեր, խի ընդեղ չունեի՞ն էդ մասնագետը, որ հանեին նոր ուղարկեին:



ՀԳ - Ռոբերտ Հովհաննիսյանին զորակոչած Վանաձորի զինկոմիսարիատի զինկոմի տեղակալ Ալեքսանդր Թազագուլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2 օր առաջ, գիշերը 11-12-ի կողմերը, Երեւանի կենտրոնական զինկոմիսարիատից են իրենց զանգել ու բոթը հայտնել: Իրենք ճշտել են զոհված զինվորի հասցեն ու սպաների եւ մի հարազատի հետ գնացել հայտնել են ընտանիքին: Դեպքի մանրամասներին իրենք տեղյակ չեն եւ ոչինչ ասել չեն կարող: Միայն մի բան են արել՝ 19 տարեկան տղային հուղարկավորելու համար 500 հազար դրամ են հատկացրել ընտանիքին եւ գերեզմանի տեղ վերցրել: