Արձագանքում են "Հրապարակին"

Արձագանքում են "Հրապարակին"
Այս շաբաթ ամենասուր արձագանքին արժանացել է երեքշաբթի օրը մեր թերթի առաջին էջում տպագրված մի լուր. Արմավիրի մարզի Արմավիր գյուղում կենցաղային վեճ էր ծագել, որի արդյունքում տարեց մի մարդ նռնակ էր գործածել՝ ցանկանալով դրանով սաստել, վախեցնել վիճողներին, սակայն չէր իմացել, որ նռնակը որպես հանդարտեցման միջոց կիրառելի չէ, եւ ինքն էլ տուժել էր՝ սպանվել էր նռնակի պայթյունից: Վիրավորներ էլ կային, որոնց կյանքին վտանգ չէր սպառնում: Այս լուրի մեջ մի փոքրիկ անճշտություն կար՝ միջադեպը ծագել էր ոչ թե սպանվածի որդու վերցրած պարտքի ու դրա արդյունքում ծագած վեճի, այլ ազգականներից մեկի պարտքի պատճառով, ինչն անչափ վրդովեցրել էր սպանվածի հարազատներին: Նրանք “Հրապարակի” էլեկտրոնային փոստը հեղեղել էին հերքում-սպառնալիք-պահանջներով: Անանուն, անհասցե նամակներով մեզնից պատիվ էին պահանջում, հայտարարում, որ մենք մեծ, անչափ մեծ մեղք ենք գործել՝ հանցանք:



Եվ միայն նրանցից մեկն այցելեց խմբագրություն եւ բացատրեց, թե ինչ են ուզում մեզնից Արմավիր գյուղի զայրացած բնակիչները: Մենք սիրով ներկայացրինք դեպքի մանրամասները: Միանգամայն հասկանալի է, որ մարդիկ շատ զգայուն են, եւ գրավոր խոսքի մեջ առկա նրբությունները, անգամ շեշտադրումներն են կարեւոր, սակայն հեռու-հեռավոր գյուղում տեղի ունեցածի մանրամասները խեղաթյուրելու նպատակ, բնականաբար, չենք ունեցել, եւ մեզ անհայտ մարդկանց “անվան” հետ խաղալու իմաստ էլ չկար, ուստի ամեն դեպքում զարմանալի էր այն ատելությունն ու զայրույթը, որով մեր նամակագիրները գրում էին, որ իրենց հարազատին ոչ թե Սարդարի Էդո էին ասում, այլ Սադոյի Էդո: Ինչեւէ, հուսանք կոնֆլիկտը հարթված է:



Հուլիսի 28-ին մեր “Ռալֆ Յիրիկյանը Քոչարյանի թեկնածո՞ւ” հոդվածն էլ չանտեսվեց ընթերցողների կողմից: Արձագանքների գերակշռող մասն, առնվազն տարօրինակ էր, քանի որ մարդիկ չէին ասում՝ ձեր գրածն անհիմն է կամ այդպիսի բան չկա, այլ ասում էին՝ ինչո՞ւ եք կենդանացնում Ռոբերտ Քոչարյանին, ինչո՞ւ եք նրան ելք հուշում, ուղղություն ցույց տալիս: Մեր նամակագիրներից մեկն այդպես էլ գրել էր. Դուք Քոչարյանին գլխի եք գցում, որ կարող է Ռալֆի միջոցով վերադառնալ մեծ քաղաքականություն, դուք այս ազգի թշնամի՞ն եք: Միամիտ մոտեցում է, բայց իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում:



Հետաքրքիր արձագանքների են մշտապես արժանանում միասեռականների մասին հոդվածները: Մի կողմից հոմոֆոբիան մեզանում նորություն չէ, բայց մյուս կողմից այդ թեման, թերեւս որպես արգելված պտուղ՝ գայթակղիչ է ու հետաքրքիր: Այս անգամ էլ մեր հրապարակումից հետո մարդիկ հետաքրքրվում էին՝ իրո՞ք անցյալում մուրացկանությամբ զբաղված, որբ ու անապահով ընտանիքների զավակները մեծանալով զբաղվում են մարմնավաճառությամբ եւ համալրում միասեռականների շարքերը: Անգամ որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հետաքրքրվեցին այդ թեմայով, այն կարող է միջազգային կառույցների ուշադրության առարկա եւ գրանտներ ստանալու հնարավորություն լինել: