Ով որևէ բանի հավատում է, հիմար է

Ով որևէ բանի հավատում է, հիմար է
Դյորդյ Պետրին ծնվել է 1943-ին, մահացել 2000-ին՝ կոկորդի քաղցկեղից: Փոքր հասակից տպագրվել է, բայց, զգալով իր վրա Յոժեֆ Աթիլայի` հունգարական Չարենցի ուժեղ ազդեցությունը, առժամանակ թողել է գրելը: Տարբեր ուսումնական հաստատություններ է հաճախել` բժշկից մինչեւ իրավաբանի ու փիլիսոփայի մասնագիտություններով հրապուրված: 70-ականների սկզբին հրատարակում է երկու ժողովածու, ապա նորից դադարում գրել` անտեսման այն մթնոլորտի ճնշման ներքո, որ նրա շուրջ ստեղծում էին մշակութային պաշտոնյաները: Գրական ընկերների հետ միասին հրապարակայնորեն պաշտպանում է չեխական “77-ի խարտիան”, դառնում հունգարական ամենահեղինակավոր “սամիզդատների” հիմնադիր խմբագիրներից մեկը:



1981-ին լույս տեսած “Հավերժ երկուշաբթի” ժողովածուն բացառիկ ընդունելություն գտավ ազատամիտ ընթերցողների շրջանում: Իսկ Նյու Յորքում 1984-ին հրատարակված “Ձնագունդը ձեռքին” գիրքը նրան վերջնականապես դարձրեց իշխանությունների աչքի փուշը առաջին հերթին “Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւ” բանաստեղծության պատճառով:



Հաջորդող տարիներին նա մասնակցում է երկրի քաղաքական կյանքին, կարեւոր հունգարական կուսակցություններից մեկի հիմնադիրներից է: Հետագայում լքում է ակտիվ քաղաքականությունը, բայց բոլոր էական խնդիրներում շարունակում է արտահայտել իր դիրքորոշումը: 90-ական թվականներից սկսում է ստանալ երկրի բարձրագույն գրական մրցանակները:



ԴՅՈՐԴՅ ՊԵՏՐԻ



ԺՊԻՏ



Մեռնելու եմ: Շատ չի մնացել:



Նույն թեթեւ գլխապտույտն եմ զգում,



ինչ ջահել օրերիս՝ սկսնակ ծխող,



պատշգամբում առավոտները ներս քաշած



մի քանի մուխից: Դա իհարկե անցել է,



շատ ուրիշ բաների պես:



Եթե մնացած հաշվենք, մի բան է մնացել,



որի համար, այո՜, փա՛ռք քեզ Աստված:



Դա աչքերիս սովն է,



հետաքրքրասիրությունը:



Հայացքի հրաշքը, այն, որ ամեն պատկեր



տարբեր գույնի խինդ է պատճառում.



նույնչափ սիրուն են ձյութը եւ ծորացող



մեղրը,



կաթսայատունը կապկպող խողովակները՝



փաթաթված ապակեբամբակով ու



կապարաթիթեղով...



Կամ լեռնային լճի փիրուզե լռությունը



կապույտ լույսերի միջեւ



եւ օդի պաղ ապակին: Դեն նետված



ծխախոտատուփի աննպատակ



ցատկռտուկը ճամփի բետոնին



փոփոխական քամու քմահաճույքի



համաձայն: Ժպիտը



մի ջադուի դեմքին՝



աչքի անկյունում արցունքի դեղին



խեժակաթիլ,



ճիշտ ինչպես՝ պրկամիս պարմանուհու



կզակի մի կոհակ ծալքը, ատամների



ցուցահանդեսային ճերմակը,



որը նա՝ չէ-չէ, բայց շատ էլ լավ



ցուցադրում է.



դժբախտություն մի՛ համարեք՝



գեղեցկության



համեմունքն ու աղբյուրը սխալն է:



Հիշեմ նաեւ բանվորուհի կանանց



այտուցված երակներով ոտքերը



եւ շուկայում ձկնավաճառուհու՝ արյունից



ու թեփուկներից



ճաքճքած, մանուշակագույն դառած



ձեռքերը: -



Քանի որ հրեշտակը մանրուքների մեջ է



ապրում:



ԼԵՈՆԻԴ ԻԼՅԻՉ ԲՐԵԺՆԵՎԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Տապալվեց ծուռբերան քոթուկը.



սկսվեց ռուս-հունգարական



միապետության վերջը:



Յարուն ու Չաուն` անդուր դեմքով



գերեզմանապահ,



Արեւելյան Եվրոպայի սնանկացման երկու



կառավարիչ



այցելում են նրան` միգուցե թեյավճարի



հաշի՞վ կա:



Փնչում են, քաշքշում ծաղկեպսակները:



Ականջ են դնում. համազարկը չտվեցի՞ն:



Ինչ որ է` մեռավ:



Էլ մեջտեղ չի հանի



շեռալաքայոտ շորի ճեղքից Հոկտեմբերյան



Մեծը:



ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԿԱՊՐԻՉԻՈ



Ով որեւէ բանի հավատում է, հիմար է:



Կամ գունակույր է իրականության



ծիածանի հանդեպ:



Ակնհայտ է. ամեն բան ճիշտ. թե՞ կեսը, մեկ



երրորդը, քառորդը:



Կամ ավելի շուտ՝ անվերջ մեկ



տասներորդը:



Կասեի, հա, հանաքով՝



քաշվի տիրոջդ մոր տ-...ը ... Բայց չեմ ասի,



քանի որ կատակի հավես չունեմ:



Հոկտեմբերի քսաներեքն է:



Այժմ եւ հավիտյանս հավիտենից:



Հունգարերենից թարգմանեց

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ