Չօդափոխե՞նք

Չօդափոխե՞նք
Հաճախ կարելի է լսել խոսակցություններ այն մասին, որ “Հայաստանը ուրույն քաղաքակրթություն է”: Դժվար է հասկանալ որն է “ուրույնի” արժեքը, եւ ինչպես է, որ բոլոր քամիների առաջ բաց Հայաստանը ազդեցություններ չի կրել: Ավելի շուտ՝ այս խոսակցություններն այն բանի ախտանիշն են, որ Հայաստանը դառնում է “փակ հասարակություն”: Կան օբյեկտիվ պատճառներ: Առաջինը երկրի տեխնոլոգիական հետամնացությունն է, ինչն արգելակում է նոր գաղափարների եւ տեխնոլոգիաների մուտքը եւ կիրառումը: Մյուսը շրջափակումն է, ինչը խանգարում է ավելի ինտենսիվ փոխանակմանը: Երրորդն օլիգոպոլիաներն են, որ խանգարում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մեր հայրենակիցներին կամ չհայրենակիցներին ներդրումներ կատարել եւ նոր տեխնոլոգիաներ բերել: Մյուսը մեր հայրենակիցների հակաարեւմտյան ազգայնականությունն է, որոնք հակազդում են նոր գաղափարների մուտքին: Եթե համեմատենք ներկա Հայաստանը 60-ականների Հայաստանի հետ, ապա վերջինի ինովացիաների քանակը եւ ծավալը պարզապես զարմացնում է: Եթե 50-ականներին Հայաստանը ագրարային երկիր էր, որտեղ արդյունաբերությունը ներկայացված էր հանքարդյունաբերությամբ, ինչպես հիմա, ապա 60-ականներին Հայաստանն առաջատար դիրք սկսեց գրավել գիտատար եւ աշխատատար բարձր տեխնոլոգիական ոլորտում: Ուրեմն հնարավոր է արմատական բեկում մտցնել: Մտածեք միայն՝ Արարատյան դաշտի հիմնական կուլտուրաները բամբակը եւ բրինձն էին, կարծես մի երկրորդ Ուզբեկստան: Հետագա տարիները նորամուծությունների ներդրման տեսակետից շատ ավելի համեստ էին, կարծես երկիրը հոգնել էր նորություններից: Պարզվեց, որ մենք հին եւ հարուստ մշակույթ ունեցող երկիր ենք եւ նույնիսկ Ուրարտուի մշակույթն էլ է հայկական: Դժբախտ է այն մարդը, ասում էր Ս. Կերկեգորը, որի հույսն անցյալում է:



Նայեք մեր գրականությանը: Ժամանակակից գրականությունը հազարավոր ժանրեր եւ ուղղություններ ունի, բայց անկախության տարիների բերած միակ նորամուծությունը քֆուրով ոտանավորն է: Մի ֆանտաստ ունեինք, այն էլ չի գրում եւ փախել է հեռավոր Արեւմուտք:



Ավանդապահ հասարակությունում, համասեռ, միանման, բոլորին նույն արշինով չափող հասարակությունում տարբերության միակ ձեւը հակահասարակական պահվածքն է: Եթե տաղանդը, ինտելեկտը, ազնվությունը, աշխատասիրությունը տարբերություն չեն մտցնում, մնում է միայն քրեականի տեսակը: Իսկ ավանդապահ՝ նշանակում է գոհ լինել եղածով, բավարարվել առկա կարգավիճակով, եթե նույնիսկ դա չքավորությունը եւ իրավազրկությունն է: Միջնադարում, երբ գյուղ օտարական էր գալիս, հարցուփորձ էին անում՝ ինչ կա ուրիշ երկրներում: Ինֆորմացիա կրողն արտաքին դիրք ունի համակարգի նկատմամբ: Եթե բոլորը “մերոնքական” են, ոչ մի ինֆորմացիա չի առաջանում: Մեր հասարակությունում ով ինֆորմացիայի կրող է, գրավում է գլխամասային դիրք: Մեր հասարակությունը նման է որդի. ինֆորմացիան մտնում է գլխից, եւ ստորին մասեր հասնում է միայն աղբը: Իսկ ինֆորմացիան աղբ սարքողը հեռուստատեսությունն է, ավելի շուտ՝ նրա իշխանական մոնոպոլիան: Այսինքն հասարակության մեջ ինֆորմացիան չի շրջանառվում, այլ օղակից օղակ անցնելով՝ փչանում է:



Որպեսզի այդպես չլինի, հասարակությունը պետք է լինի բազմազան: Նրա ամեն մի մասը հավասարազոր պետք է լինի մյուս հատվածների նկատմամբ եւ տարբեր՝ “օտար”: Նրա ամեն մի մասն ուղղված է դուրս, դեպի թարմ օդը, կլանում է նոր ինֆորմացիա:



Գաղջահոտ է մեր փակ սենյակում: Չօդափոխե՞նք:



Վարդան ՋԱԼՈՅԱՆ

մշակութաբան