Պատմում է 5 զինվորի կյանք խլած ինքնասպանի պապը

Պատմում է 5 զինվորի կյանք խլած ինքնասպանի պապը
Երեւանցի Կարո Այվազյանը հայր չուներ: 3 տարեկանից միայնակ մոր՝ Մարո Միքայելյանի հետ տուրիստական վիզայով տեղափոխվել էր ԱՄՆ՝ այլեւս չվերադառնալու մտադրությամբ: 13 տարեկանում տղան բանտ է ընկել ու էլ բերդերից դուրս չի եկել մինչեւ 2009 թվականը: Մայիսին խաթարված առողջությամբ եւ վատ հայերենով արտաքսվել է Հայաստան: Նրա 70 տարեկան պապը խնդրել է Արաբկիրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանին, որ թոռանն ազատի բանակից անկայուն հոգեվիճակի, վատ առողջության պատճառով կամ գոնե որպես միակողմանի ծնողազուրկի, ծառայության ուղարկի մոտ զորամաս: Ծերունուց այդ ծառայության համար 4 հազար դոլար են ուզել, որը թոշակառուն, բնականաբար, չի ունեցել:



ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ՂԱՐԱԲԱՂ



Կարոյին ուղարկում են ԼՂՀ Մարտունու շրջան: Այս պատմությունը սոսկալի ավարտ է ունենում. 1 տարի անց, հուլիսի 28-ի գիշերը զինծառայող Այվազյանը հրազենից կրակ է բացում 5 զինվորականների վրա եւ վերջում ինքնասպան լինում: Այս վարկածը տարածել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ նրա, զինծառայող Այվազյանը “պոստում” քնած է եղել: Դիրքերը ստուգող սպան արթնացրել եւ նվաստացրել է տղային: Հոգեկան հավասարակշռությունից դուրս գալով, երիտասարդը կրակել է: Ողբերգությունից հաշված ժամեր անց աշխարհի լրատվամիջոցները ծաղկացնելով տարածեցին լուրը:



Ադրբեջանական կայք-էջերը գրեցին հայկական բանակում զինծառայողների զանգվածային նվաստացումների եւ սպանությունների մասին, “Կովկասյան հանգույցը” հիշեց այլ դեպքեր բանակում, իսկ  մոսկովյան “Նոյյան տապանի” վարկածով, քնած զինծառայողները երկուսն են եղել, որոնցից մեկին են վիրավորել, իսկ մյուսը կրակել է: Երեկ կեսօրից հետո ՀՀ ՊՆ-ն վերջապես կցկտուր տեղեկություն տարածեց՝ “մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով” զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանը եւ ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը, Կարո Այվազյանը: “Իմ թոռանը եւ մյուս տղաներին սպանել են”,- վստահեցնում է Կարոյի պապը՝ Ջիվան Միքայելյանը, իսկ քեռին՝ Անուշավան Միքայելյանը պատմում է, որ մի տասն օր առաջ է գնացել Մարտունի՝ զարմիկին տեսնելու: Նրան սնունդ է տարել եւ սեղան է նստել զորամասի տղաների հետ. “Կարոն հաճույքով տղերքին հյուրասիրում էր, ստիպում էր, որ էլի վերցնեն: Երեւում էր, որ նրանց լավ է վերաբերվում: Ո՞նց կարող էր սպանել իր ընկերներին: Իմ ուղեղում չի տեղավորվում”:



N ԶՈՐԱՄԱՍԻ ԲԵՆ ԼԱԴԵՆԸ



Զորամասում Կարոյին կատակով ասում էին Բեն Լադեն: Նախ, որովհետեւ հայերեն վարժ չէր խոսում: Նաեւ գիտեին նրա բանտային անցյալի մասին, որ արտերկրում զենք է կրել, “կրուտոյ” է եղել, մի քանի անգամ փախել է ամերիկյան բերդից, ինչը հեշտ չէ: Կարոյի պապը պատմում է, որ տղայի մահից մի քանի օր առաջ իրեն զորամասից զանգեցին եւ զգուշացրեցին, որ Կարոն ուզում է փախչել: Պապը զարմացել է, թեեւ խոստովանում է, որ միշտ էլ սիրտը վատ բան էր զգում՝ այն պահից, երբ օդանավակայանում տեսավ 20 տարեկան թոռնիկին: “Նրան երկու օր չէին թողնում, որ երկիր մտնի: Ուզում էին փող տամ:



Մինչեւ չասեցի՝ չեմ տանում, ուղարկեք Թուրքիա, չթողեցին գա: Ասում էին՝ ՀՀ քաղաքացի չի: Եթե պետք չէր, թող չտանեին իմ երեխուն բանակ”,- մղկտում է ծերուկը: Բանակի հարցը բարձրացավ, երբ պապ ու թոռ գնացին անձնագիր հանելու: Անձնագրայինից ուղարկեցին զինկոմիսարիատ: Երկու օրից ծանուցագիրը եկավ: Ջիվան Միքայելյանը ԱՄՆ-ի բերդերի թղթերը ձեռքին ընկավ դռնեդուռ: Զինկոմիսարիատում բացատրեց, որ իր թոռը եղել է հոգեբուժարանում, որ ԱՄՆ բերդից թուղթ ունի, որ նրան արգելվում է զենք կրել. “Զինկոմիսարիատի բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանը ինձնից պահանջեց 4 հազար դոլար՝ տվեք, ասեց, էս երեխային չենք տանի բանակ: Մենք էլ չունեինք: Ասեց՝ դե տես ինչ եմ անելու: Ինքն էլ կազմակերպեց, եւ երեխուն տարան: Ես բողոքեցի՝ Արմեն Հակոբյանին հանեցին, մի քանի ժամանակ մնաց կադրերի տրամադրության տակ, հետո տարան ուրիշ զինկոմիսարիատ”: Ջիվան պապը վստահեցնում է, որ Արմեն Հակոբյանն արեց իր խոստացած վատությունը: Կարոյի հետ նույն օրը բանակ մեկնած 29 զինակոչիկներից միայն իրեն տարան Ղարաբաղ:



ՀՈՐԴ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՍ ԲԵՐԵԼ



Բայց պապը չհանգստացավ: Բողոքը բողոքի հետեւից ուղարկում էր դատախազություն, ՊՆ, հանրապետական զինկոմին, զգուշացնում էր, որ իր թոռը վտանգավոր հոգեվիճակ ունի, պահանջում էր, որ թոռանը որպես անհայր երեխայի՝ տեղափոխեն մոտ զորամաս, քանի որ նա միակողմանի ծնողազուրկ է: “Զինծառայողի տեղափոխումը զորամասից զորամաս կատարվում է բացառիկ դեպքերում, ելնելով ծառայողական անհրաժեշտությունից”,- պատասխանում է ԶՈւ կազմզորամասային վարչության պետ գնդապետ Մարտիկյանը: “Բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում է միայնակ եւ տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ մոր կամ հոր միակ զավակը”,- պատասխանում է գեներալ-մայոր Չալյանը:



Իր բողոքի վերջին եւ ամենացնցող պատասխանը ծերունին ստացավ մեկ շաբաթ առաջ՝ 21.07.2010-ին Արաբկիրի զինկոմիսարիատի պետ գնդապետ Քարամյանից. “Ձեր թոռնիկի՝ 89թ. ծնված Կարո Այվազյանի նկատմամբ վերոնշյալ օրենքի պահանջները չեն կիրառվել, քանի որ նրա կողմից Արաբկիրի զինկոմիսարիատում զորակոչային հանձնաժողով անցնելու ժամանակ ծնողի մահվան փաստի մասին որեւէ հայտարարություն չի արվել եւ համապատասխան փաստաթուղթ զինկոմիսարիատ չի ներկայացվել”: Մինչդեռ Կարոյի մայրը միայնակ էր, իսկ հորը տղան չի էլ հիշել: Այժմ վշտից կորած ծերունին չգիտի ոնց է թաղելու թոռանը:



Նա ապրում է իր 93 տարեկան մոր հետ, որը ոչ լսում է, ոչ տեսնում: Պատին՝ հանգուցյալ կնոջ նկարը, անխնամ սեղանին՝ մի երկու շիշ օղի, որի շուրջ իրենց վիշտը ծնկներին առած մի քանի տղամարդ են: Րոպեն մեկ ԱՄՆ-ից զանգում է Կարոյի մայրը՝ Մարոն: Նրա եղբայրը՝ Ղարաբաղում կռված ազատամարտիկ Անուշավանը, չի մոտենում հեռախոսին, քրոջ ձայնը լսելու համարձակություն չունի: Փախչում է: “Իմ երեխային կերավ ձեր երկիրը”,- քցում է դեմքիս Մարոն: Իսկ ծերուկին ասում է, որ չի գալու, ու փող չկա: