Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը
Նախորդ շաբաթ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած երկու ողբերգություն ցնցեց հայ հասարակությանը: Հայ ազգային կոնգրեսն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին:



Հասկանալի պատճառներով Հայ ազգային կոնգրեսն իր հայտարարություններում ձեռնպահ է մնացել բանակի թեման արծարծելուց: Սակայն վերջին շրջանում մի քանի իրադարձություններ, մասնավորապես դիվերսիոն հարձակումը հայկական դիրքերի վրա, ինչի հետեւանքով զոհվեցին չորս զինվորական, հուլիսի 28-ի սահմռկեցուցիչ միջադեպը, որին զոհ գնացին վեց զինվորական, զինված ուժերից պարբերաբար ստացվող լուրերը մարդկային կորուստների ու խեղումների մասին  հասարակական լայն հնչեղություն են ստացել:



Հայ ազգային կոնգրեսն իր վրդովմունքն ու խորը մտահոգությունն է հայտնում բանակում տիրող անառողջ մթնոլորտի ու հանցավոր բարքերի առիթով: Նման ողբերգությունները, որ հնարավոր են որպես բացառիկ դիպված, դարձել են սովորական երեւույթ։ Դա վկայությունն է այն բանի, որ մեր երկրում առկա համակարգային ճգնաժամն ամբողջությամբ կլանել է նաեւ զինված ուժերը: Բանակը գլխովին թաղված է հանցավոր ռեժիմի սպասարկման, կոռուպցիայի, անպատժելիության, անպատասխանատվության, ապօրինությունների, թույլին եւ ենթակային ստորացնելու, մարդկային արժանապատվությունը ոտնահարելու մոլագարության ախտերի մեջ։ Բանակում այս ամենի դրսեւորումը տասնապատիկ վտանգավոր է, հղի ոչ միայն հաճախադեպ մարդկային զոհերով, ինչի ականատեսն ենք, այլեւ պետական անվտանգությունն ապահովելուն կոչված կարեւորագույն կառույցի բարոյալքմամբ ու քայքայմամբ: Եվ այս ամենը այն դեպքում, երբ էապես մեծացել է պատերազմի վերսկսման սպառնալիքը:



Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է. ներկա վարչախմբի գոյության պարագայում զինված ուժերում կշարունակեն խորանալ այս իշխանության սերմանած բոլոր ախտերը, ուստի համարում է, որ իրավիճակը արմատապես բարելավելու անհրաժեշտ պայմանը ներկա հանցավոր վարչախումբն օր առաջ իշխանությունից հեռացնելն է: Իսկ հիշյալ զարհուրելի հանցագործությունների բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։



ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ