Մրցանակը` 50 հազար եվրո

Մրցանակը` 50 հազար եվրո
Լատվիայի Յուրմալա քաղաքում ավարտվեց երգի "Նոր ալիք" մրցույթը, որն անցկացվում էր 9-րդ անգամ։ Առաջին տեղը զբաղեցրեց Սոնա Շահգելդյանը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք նրան եւ մեզ։ Մրցանակային ֆոնդն այս տարի կազմել է 100 հազար եվրո, որից 50 հազարը նախատեսված է եղել առաջին տեղի համար։ Մրցույթում 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Տատյանա Շիրկոն՝ Ուկրաինայից եւ Ուկու Սուվիստեն՝ Էստոնիայից։ Չնայած "Նոր ալիքը" մասնակցության հայտեր էր ստացել աշխարհի 31 երկրներից, եւ եզրափակիչ փուլ էին դուրս եկել այնպիսի երկրների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Բրազիլիան եւ Իսրայելը, "Նոր ալիքը" հետսովետական տարածքի իրադարձություն է եւ յուրատեսակ այլընտրանք "Եվրատեսիլին", ինչպես ԱՊՀ-ն՝ եվրոպական ինտեգրմանը։ Դա հետսովետական տարածքում ապրող մարդկանց սովետական կարոտախտով միավորելու փորձ է։



Իսկ առավել ազդեցիկ միջոց կարոտախտն արթնացնելու եւ արտահայտելու համար, քան երգն է, դեռ հնարված չէ։  Պատահական չէ, որ, ի տարբերություն "Եվրատեսիլի", որի սկզբունքն է ներկայացնել բացառապես նոր երգեր, Յուրմալայում հնչում էին նաեւ սովետական տարիներին նույն՝ սովետական երգահանների գրած երգեր։ Մրցույթի շուրջ հյուսված սկանդալները նույնպես զերծ չէին միջպետական հարաբերությունների քաղաքական աստառից։ Նախ, մրցույթի բացմանը հրաժարվեց պաշտոնապես մասնակցել "Նոր ալիքի" հիմնադիր Ռայմոնդ Պաուլսը, ապա նաեւ Լատվիայի նախագահ Վալդիս Զալտերսը։



Մրցույթի համանախագահ Իգոր Կրուտոյը դեռ գարնանը կասկած էր հայտնել, թե "Նոր ալիքը" կկայանա Յուրմալայում։ Կազմակերպիչները բողոքում էին լատվիական կառավարությունից, որը խոստացել էր ֆինանսապես աջակցել մրցույթին, սակայն իրականում հակառակն է տեղի ունենում՝ մրցույթն է օգուտ բերում Յուրմալային։  Բավականին նշանակալի է մրցույթի բերած եկամուտը պետության տնտեսությանը։ Միայն քաղաքում տարեկան 10 հազար մարդ ապահովվում է աշխատանքով "Նոր ալիքի" շնորհիվ։ Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում մրցույթներն ու փառատոնները մեծ մասամբ քաղաքականացված են։



Որքանով են որոշիչ եղել միջազգային հարաբերություններն այս մրցանակաբաշխության արդյունքի համար՝ դժվար է ասել, բայց այն, որ Սոնա Շահգելդյանը մեր հատուկենտ երգչուհիներից է, որին Աստված տվել է եւ ձայն, եւ երաժշտական լսողություն՝ փաստ է։