Խաղը սկսում ենք կենտրոնից

Խաղը սկսում ենք կենտրոնից
Երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անկեղծ ու փակ զրույցի էր հրավիրել Հայաստանում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Խոսելու ու քննարկելու շատ բան կար, ինչպես պարզվեց՝ սկսած զորամասերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, վերջացրած լրատվամիջոցների հետ առավել սերտ համագործակցության եզրեր գտնելու անհրաժեշտությամբ: Հանդիպման մեխը խոսակցության անկաշկանդությունն էր, այդ է պատճառը, որ, ցավոք, ինչպես քննադատելու, այնպես էլ նույնիսկ ստացած դրական տպավորություններով մանրամասն կիսվելու հնարավորությունից ինքներս մեզ զրկում ենք:



Ու, ելնելով նախարարի կողմից մի շարք խաղաքարտեր բացելու հանգամանքից, այդ զրույցն իրոք կարելի կլիներ լիարժեք անկաշկանդ անվանել, եթե այն նկատելի քանակությամբ գրական-գեղարվեստական պաթոս չպարունակեր: Բայց այն, որ մեր իրականության մեջ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ինքնախարազանման ունակությունները դեռ չեն կորցրել եւ որոշակիորեն կասկածներ ունեն սեփական գերատեսչության գործունեության անսխալականության մեջ, ինչ-ինչ աղոտ հույսեր ներշնչում է: Բացվեցին որոշ մանրամասներ Արտակ Նազարյանի ու Կարո Այվազյանի գործերից: Ակնհայտ էր, որ առաջինի դեպքում "գլուխներ են" թռնելու, երկրորդ դեպքի համար դեռեւս պարզորոշ ոչինչ ասել հնարավոր չէ:



Խոսվեց բանակի բարոյահոգեբանական մթնոլորտից, զորակոչի ենթակա անձանց նկատմամբ դրսեւորվող անարդար վերաբերմունքից, ընդհանուր բանակի անցյալից, ներկայից, ապագայից, բնականաբար` "թշնամու ջաղացին ջուր չլցնելու" անհրաժեշտությունից: Հետո նախարարը լսում էր հյուրերին ու խնամքով գրի առնում: Ինչպե՞ս ճիշտ համագործակցել լրատվամիջոցների հետ, ի՞նչ մեխանիզմներ մշակել, որոնք հնարավորություն կտան այդ համագործակցությունն առավել արդյունավետ հիմքերի վրա տեղափոխել, որոնք են այն քարոզչական բացթողումները, որ ի փառս մեզ ու ի սարսափ թշնամյայց չեն գործում: Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները գուցե ՊՆ-ԶԼՄ կիսաթշնամական մթնոլորտի թեթեւացման առիթ հանդիսանան:



Համագործակցելը` համագործակցենք, ապագան մեզ սպասում է միայն այն դեպքում, եթե մարդիկ համագործակցեն, ինչպես ասում է մեր ժամանակակից մտածողներից մեկը: Սակայն թե ինչպիսին կլինի այդ ապագան` կախված է նրանից, թե ինչպիսին կլինի այդ համագործակցությունը: Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ըստ էության, խաղը սկսեց կենտրոնից: