Նրանց համար բյուջեում մշտական փող կա

Նրանց համար բյուջեում մշտական փող կա
Արցախում կենսաթոշակը չեն կարողանում բարձրացնել, վերաբնակեցման քաղաքականությունը խեղդվել է "օրորոցի" մեջ, Արցախյան պատերազմի հազարավոր մասնակիցներ ու հաշմանդամներ այսօր հազիվ գոյություն են պահում, շարքային քաղաքացիները չեն կարողանում վարկ ստանալ պետությունից, ժողովուրդը չի կարողանում դուրս գալ սոցիալական բազում խնդիրների բեռան տակից, որովհետեւ Արցախն աղքատ երկիր է, նախկին վարչապետի խոսքերով՝ բյուջեում փող չկա...



Այսինքն՝ փող կա, բայց այն միայն ունեւորների եւ հատկապես բարձր պաշտոնյաների համար է։ Տարիներ առաջ տեղական հեռուստատեսությամբ ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը հայտարարել է, որ "պադյեզդներում է ապրում", որ նախագահական նստավայր չունի՝ օտարերկրյա հյուրերին պետության ղեկավարին վայել ընդունելու համար... Եվ Արցախն ունեցավ իր "նախագահական նստավայրը"։ Բայց նախկին նախագահն այն անմիջապես սեփականաշնորհեց (ինչպես ասում են՝ ջրի գնով) եւ դարձրեց իր առանձնատունը։



Նախկին վարչապետի որոշմամբ սկսվեց կառավարության շենքին կից մի նոր կառավարական շենքի շինարարությունը, միաժամանակ սկսվեց նաեւ Ազգային ժողովի նոր շենքի շինարարությունը։ Վերջինս արդեն մի քանի տարի է, ինչ ծառայում է օրենսդիրներին, կառավարության շենքն էլ գրեթե պատրաստ է ընդունելու նոր տերերին։ Նախկին վարչապետը նպատակահարմար էր գտել կառուցել այդ երկու շենքերը, որովհետեւ, ինչպես ժամանակին հայտնել էր, ավելի լավ է ունենալ ԱԺ եւ կառավարության նոր շենք, քան, ասենք, 1000 դրամով բարձրացնել կենսաթոշակը։ Եվ վարչապետ Անուշավան Դանիելյանը հարցին փիլիսոփայորեն էր մոտեցել՝ հազար դրամը մի երեւացող բան չէ, ջրի պես կգնա, բայց այդ շինությունները մնայուն եւ երեւացող բաներ են...



Արցախի տերերի շինարարական ավանդույթները շարունակվում են։ Ստեփանակերտը հեղեղվում է էլիտար շենքերով ու դղյակներով։ Նախագահական շենքի շուրջ ծառերը կտրելուց քաղաքացիները մնացել էին տարակուսած՝ ինչո՞ւ են ոչնչացնում այդ ծառերը... Այսօր արդեն պարզ է, թե ինչու. նախագահական շենքի երեք կողմերում բուռն թափով շինարարություն է գնում։ Առայժմ հստակ պարզ չէ, թե արդեն խոյացած ապագա սյուների կմախքներն իրենց վրա ինչ են կրելու, կամ ինչպիսին է լինելու դրանց վերջնական տեսքը։ Բայց արդեն կարելի է կռահել, որ շինարարական աշխատանքների ավարտից հետո նախագահական շենքը դառնալու է յուրօրինակ միջնաբերդ, արցախյան Բաստիլ...



Ղարաբաղի նախագահական շենքի մոտով անցնող մայթերը տարվա չորս եղանակներին գրեթե անցորդներ չեն ունենում, շատ հազվադեպ կարելի է այդ շենք մտնող շարքային քաղաքացի տեսնել։ Պարզապես հասկանալի չէ, թե այդ միջնաբերդն ումից պիտի պաշտպանի նրա տերերին։ Ըստ երեւույթին, հայոց երկրի տերերին (այդ ո՞ր միամիտն է ասել, թե երկրի տերը ժողովուրդն է) մշտապես թվում է, թե իրենք որքան ճոխ ապրեն, որքան շատ առանձնատներ, արտասահմանյան թանկարժեք ու շքեղ մեքենաներ ունենան, այնքան ժողովուրդն ավելի կուշտ է լինելու, երկիրը՝ հզոր։



Այնպես որ, Արցախն աղքատ է, բայց միայն շարքային հազարավոր քաղաքացիների, չունեւորների համար։ Իսկ երկրի տերերի համար այն ուղղակի դրախտավայր է, նրանց համար բյուջեում մշտապես փող կա։ Եվ այն էլ շա՜տ...



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ստեփանակերտ