Ռազմական անվտանգությո՞ւն, թե՞ ռազմական վասալ

Ռազմական անվտանգությո՞ւն, թե՞ ռազմական վասալ
Անցյալ շաբաթվա վերջին ռուսական "Ինտերֆաքս" գործակալությունից  պատահաբար իմացանք, որ Ռուսաստանի կառավարությունը Դմիտրի Մեդվեդեւին է ներկայացրել Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու առաջարկը։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ Ռուսաստանն այդ առաջարկը քննարկել է միակողմանի, ոչ Հայաստանի հետ համատեղ. կարծես խոսքը ոչ թե սուվերեն պետության տարածքում ռազմաբազայի ժամկետ երկարացնելու մասին է, այլ, ասենք, ռուսական մի գուբերնիայի: Ռուսները նաեւ իրենց իրավունք են վերապահել իրացնել "ՌԴ շահը" Հայաստանի տարածքում, ձեռքի հետ էլ ստանձնել Հայաստանի անվտանգության ապահովման գործառույթը:



Պայմանագրային նախագծում առկա է հետեւյալ ձեւակերպումը. "Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան, Ռուսաստանի Դաշնության շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը"։ Այսինքն՝ հիմա Դմիտրի Մեդվեդեւը պետք է որոշի Հայաստանի անվտանգության հարցերը: Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին պետք է տրամադրի ժամանակակից զինամթերք ու ռազմական տեխնիկա։ Մյուս կողմից նաեւ հայտնի է, որ նույն Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Պայմանագիրը գործելու է 49 տարի ժամկետով: Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին գործող պայմանագիրը ստորագրվել էր 1995 թվականին եւ ուժի մեջ մտել 97-ին՝ 25 տարի ժամկետով։



Առաջին հայացքից տպավորությունն այն է, որ սա Ռուսաստանի միակողմանի որոշումն է, եւ որ Ռուսաստանն ինքնուրույն է որոշել երկարաձգել ժամկետը. շատ ավելի ուշ հայկական կողմը հաստատեց, որ՝ այո, նման համաձայնություն կա: "Սա ստորացուցիչ է եւ վիրավորական: Առաջին անգամ չէ՝ նման բան է գրանցվում Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում: Գալիս է նրանից, որ Հայաստանում չկա իրապես գործող իշխանություն, ազգային շահերը պաշտպանող իշխանություն մենք չունենք: Կոնկրետ ես մեծ վտանգ եմ տեսնում մեր երկրի հեռանկարային զարգացման առումով:



Քիչ թե շատ սուվերեն երկրները հետզհետե դադարելու են խոսել Հայաստանի հետ, որովհետեւ հասկանալու են, որ Հայաստանը տեր ունի, ու Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ կսկսեն խոսել Հայաստանի տիրոջ՝ Ռուսաստանի  հետ: Հիմա էլ է էդպես, բայց էդ աստիճանի չի խորացել",- մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց Հայաստանի ազատական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: "Կարելի է եւ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ տնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային հարաբերություններ ունենալ, զարգացնել, բայց չի կարելի վասալային հարաբերություններ ստեղծել որեւէ երկրի հետ՝ ընդհուպ նաեւ Ռուսաստանի: Նաեւ՝ առաջին անգամ չէ, որ հայ-ռուսական լուրջ գործընթացների մասին մենք տեղեկությունը ստանում ենք Ռուսաստանից կամ այլ երկրներից": Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ 49 տարին շատ երկար ժամկետ է: "Կովկասում դինամիկ փոփոխություններ են լինում, ու ոչ ոք չգիտի 5 կամ 10 տարի հետո քաղաքական ինչ քարտեզ կլինի Կովկասում կամ Ռուսաստանի տարածքում:



Եվ հիմա Հայաստանը շատ կոշտ համաձայնագրով 50 տարով կապել մի երկրի հետ, թեկուզ դա լինի Ռուսաստանը, կարծում եմ անընդունելի է եւ ուղղակի կվնասի մեր պետական, ազգային շահին: Սրանից առաջ մենք ականատես եղանք օտարալեզու դպրոցների հետ կապված քննարկումներին: Սրանք իրար հետ կապված բաներ են: Այսինքն՝ պետությունն իր իմունիտետը կորցրել է սեփական ազգային շահերը պաշտպանելու համար: Ակնհայտ է, որ մենք անկախության կորուստ ենք ունենում",- ասաց Հովհաննիսյանը:



Թե ինչպես այս որոշումը կընկալի Արեւմուտքը կամ ԱՄՆ-ն, եւ սա կդիտվի՞ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտում, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: "Սա տարածաշրջանում ոչ միայն ուժերի, այլեւ ստատուս քվոյի խախտում է: Սեպտեմբերին սպասվում են ՆԱՏՕ-ի զորավարժություններ, մյուս կողմից Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, եւ նման համաձայնագիր կնքելով, ակնհայտ խախտվում է հավասարակշռությունը: Բացի դա, ռազմաբազաները կոչված են ապահովել երկրի անվտանգությունը: Այսինքն նրանք ինչ-որ ձեւով հնարավորություն են ստանում մտնել մեր ներքին խնդիրների մեջ: Սա նոր բան է: Նման կետի կարիք չկար, քանի որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, ճիշտ է դա թե սխալ է՝ հարցի մյուս մասն է: ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ կա համաձայնագիր, որ եթե մեկի նկատմամբ կիրառվի ագրեսիա, մյուս երկրները պարտավոր են միջամտել:



Նման համաձայնագիր կնքելու տրամաբանությունը չեմ հասկանում",- տարակուսանք հայտնեց ընդդիմության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ անհասկանալի է նաեւ, թե ո՞ր իշխանություններն իրավունք ունեն սերունդների ճակատագիրը որոշել, որ 50 տարով պայմանագիր են կնքում: "Իսկ մեր երեխաներին, թոռներին ո՞վ է հարցրել՝ նրանք ուզո՞ւմ են իրենց պետական անկախությունը զիջել: Մյուս կողմից, ո՞վ պիտի զբաղվի՝ Արթուր Բաղդասարյա՞նը պիտի զբաղվի մեր ազգային անվտանգությամբ: Նրանք միայն իրենց հարստության ու աթոռների մասին են մտածում":



"Իսկ ինչ է անում ՀԱԿ-ը, եւ ինչպե՞ս են ընդդիմության շրջանում գնահատվում այս վտանգները" մեր հարցրին ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց. "Մենք պայմանավորվել ենք, որ ՀԱԿ առաջիկա խորհրդի նիստում կքննարկենք այս խնդիրը, դեռ փաստաթուղթն ամբողջությամբ հրապարակված չէ": Մեր դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանի ելույթներից տպավորություն կա, որ ՀԱԿ դիրքորոշումը որոշակի պրոռուսական ուղղություն է ստացել, Հովհաննես Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. "Եթե նկատի ունեք Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ համագումարում, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է այն, ինչ այսօրվա իրականությունն է, եւ բացարձակ ոչ մի շեղումներ չկան ոչ պրոռուսական, ոչ պրոամերիկյան":



Հայաստանը, ըստ պայմանագրի, վարձավճար չի ստանում ռուսական 102-րդ ռազմաբազային տրամադրված տարածքի համար, որտեղ, պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, մինչեւ 100 հրասայլ, շուրջ 300 զրահամեքենա եւ ավելի քան 4 հազար զինվոր է տեղակայված։ Ավելին, 2005 թվականին ստորագրված փաստաթղթերով կողմերը հայտարարեցին Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունն ընդլայնելու մասին։ Նույն փաստաթղթերով Հայաստանը մի շարք հողատարածքներ եւ անշարժ գույք տրամադրեց ռուսական ռազմաբազային։