Սեյրան Օհանյանը պիտի հրաժարական տա

Սեյրան Օհանյանը պիտի հրաժարական տա
Խաղաղ պայմաններում զինվորների սպանության զանգվածային դարձած դեպքերը հարուցել են հասարակության տարբեր շերտերի դժգոհությունը: Հանրային բոլոր ոլորտներում՝ ինտերնետից մինչեւ երթուղային տաքսիներ, խոսում են միայն մեկ թեմայի շուրջ՝ պաշտպանության նախարարի հրաժարականի: Եվ որքան էլ ցավալի է, հասարակությունը հակված է այն մտքին, որ զինվորների կոտորածը համակարգում տիրող բեսպրեդելի հետեւանքն է: ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, ՍԴՀԿ անդամ, ընդդիմադիր Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, բանակում տիրող ամենաթողության հիմնական պատճառներից մեկը մարտնչող տգիտությունն է:



"Շուրջ քսան տարի է, որ գոյություն ունի հայկական բանակը, եւ այսօր անտեղի կլինի ստեղծված իրավիճակը վերագրել կայացման փուլի "օբյեկտիվ" պատճառներին, ինչը, վստահ եմ,  պաշտոնական կոչված աղբյուրներն անպայման կդնեն շրջանառության մեջ, որպես արդարացման ողորմելի փորձ: Բանն այն է, որ իր կայացման շրջանում հայկական բանակը համալրվեց կադրային սպաներով, որոնցից մեկն ի դեպ՝ Սեյրան Օհանյանն է:



Ով ով, բայց նրան քաջ հայտնի է, թե ինչ բան է սպայի պատիվը: Իսկ մեր բանակը ձեւավորվեց շատ գեղեցիկ գաղափարական հենքի վրա, որը հայրենիքի պաշտպանությունն էր: Դա էր պատճառը, որ կարողացանք  հաղթել մեզ մի քանի անգամ գերազանցող թշնամուն: Այսօր չեզոքացել է սպայի պատվի գաղափարը, ու մինչեւ այն չհաստատվի սպաների ենթագիտակցությունում, ոչ մի բանի չենք հասնի",-վստահեցնում է Գուրգեն Եղիազարյանը: Կարեւորելով բանակի միջին սպայական անձնակազմի դերակատարությունը՝ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ հրամանատարներն իրենց վարքագծով, կեցվածքով ու գործունեությամբ պարտավոր են օրինակ ծառայել հասարակ զինվորին, ինչպես այն հրամանատարներն ու զորավարները, որոնց շատ հաճախ են օգնության կանչում այսօրվա բանակի երեւելիները, որպես պատմությունից վերցրած դիդակտիկ նյութ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Սուվորով, Նապոլեոն, Ուշակով եւ այլք:



"Շատ լավ կլիներ, որ մեր սպաներն իրենց օրինակով կրթեին, ձեւավորեին ու հարկ եղած դեպքում թիկունք կանգնեին մեր զորակոչիկին: Բայց, ցավոք սրտի, նրանք ընդամենը գողական աշխարհի կերպարներ են, այն էլ՝ ձեւախեղված",-ասում է պարոն Եղիազարյանը: Նա կարծում է, որ ՀՀ Ազգային ժողովում պետք է ստեղծվի հանձնաժողով, որը պիտի զբաղվի բանակում սպանվածների հարցերով, եւ շատ կարեւոր է համարում, որ հանձնաժողովը չղեկավարի խրտվիլակ, չլինի պրիմիտիվ կամակատար: Մեր հարցին, թե արդյո՞ք դեռ մնացել են կասկածողներ, որոնք մտածում են, որ այդ հանձնաժողովը չի ղեկավարի իր ասած՝ պրիմիտիվ խրտվիլակ, ու չի կրկնվի մարտի մեկի հանձնաժողովի օրինակը, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. "Ցավոք, ես սա ասում եմ, ինքս ինձ չհավատալով, որ հատկապես խրտվիլակ չի լինի այդ հանձնաժողովի ղեկավարը կամ կլինի անաչառ հանձնաժողով, բայց միգուցե զգոնության նպատակո՞վ պիտի ստեղծվի:



Պիտի հասկանա՞ն ի վերջո, որ մի բան է պատերազմում զոհված զինվորը, մեկ այլ բան է խաղաղ պայմաններում մորը որդու դին այլանդակված վիճակում վերադարձնելը: Այո, մարտի մեկի ոճրագործները չպատժվեցին, դրա համար էլ սրիկայությունները շարունակվում են՝ հայը սպանում է հային: Ի՞նչ է տալու Սեյրան Օհանյանը, ինչպե՞ս են փոխհատուցելու այդ անդառնալի կորուստները, ի՞նչ են անելու, ցավակցական հեռագի՞ր են հղելու թե՞ մի քանի հազար դրամով փորձելու են գնել այդ անհեթեթ զոհողությունները: Ես նորից պիտի կրկնեմ, որ Սեյրան Օհանյանը պիտի գոնե պահպանի կադրային սպայի պատիվն ու հրաժարական տա":



Մեր հաջորդ հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը չի Սեյրան Օհանյանին նշանակել որպես իր հենասյուն ու թույլ չի տա նրան  ինքնուրույն քայլ կատարել, այն էլ՝ հանուն սպայի պատվի, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. "Հենց հանուն սպայի պատվի էլ պիտի գրի հրաժարականի դիմումը, այլ բան է, որ Սերժ Սարգսյանը չի մակագրի դա ու թույլ չի տա, որ հեռանա իր կադրը, հատկապես, որ այլընտրանք էլ չունի: Ում էլ նշանակի, անընդհատ տանջվելու է կասկածներից, թե արդյո՞ք Քոչարյանի մարդուն չի նշանակել:  Այստեղ նաեւ արատավոր ավանդույթ կա: Հոկտեմբերի 27-ից հետո ինքը՝ Սերժ Սարգսյանը, հրաժարական չտվեց:



Նա ուղիղ պատասխանատու էր այդ ոճրագործության համար, որովհետեւ ղեկավարում էր Ազգային անվտանգությունը: Բայց ես պիտի բերեմ մի ծեծված օրինակ՝ մի երկու տարի առաջ Իրաքում զոհվեց անգլիական զինվոր: Պարզեցին, որ զրահաբաճկոն չի ունեցել: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն անմիջապես հրաժարական տվեց: Պատկերացնո՞ւմ եք, զինվորը բաճկոն չի ունեցել, նրա վերադասներից մինչեւ նախարար բազմաթիվ օղակներ կան, բայց քանի որ բանակում տիրող ցանկացած միջադեպի, այն էլ զինվորի մահվան պատասխանատուն նախարարն է, նա է հրաժարական տալիս, ու դա ամբողջ պետության, կառավարության դեմքը փրկելու փորձ է": Պարոն Եղիազարյան, ես նեղվում եմ, օրինակներ եք բերում, որոնք մեր ռեժիմի հետ նույնիսկ հեռավոր աղերսներ չունեն, ի՞նչ դեմք, ի՞նչ պատիվ, չէ որ այստեղ մարդը հավի ճտի արժեք էլ չունի, ի՞նչ ակնկալիքով եք նման բաներ խոսում՝ հարցրի:



"Ես հրաժարականի ակնկալիք չունեմ, որ ասում եմ, բայց ինչքա՞ն պիտի շարունակվի այս սրիկայությունը: Դեռ որքա՞ն զոհ պիտի տանք ու զուգահեռաբար խոսենք մեր բանակի ձեռքբերումների ու մեր ազգի քաղաքակրթության մասին",-ասաց պարոն Եղիազարյանը: Նա կրկին ցավով նշեց, որ բանակում տիրող բարքերը գաղութի բարքերի խեղաթյուրված արտահայտումն են: "Բանակում ծանրոցներին ասում են տուլիկ, ինչպես բանտում, բայց բանտերի գողականը դավանում է միանգամայն այլ չափանիշներ ու հասկացություններ, իսկ բանակում տիրում է այլասերված, երիտասարդական սադիզմ, սպաները չունեն կրթական մակարդակ, թեպետ շատ դեպքերում կարող են ցուցադրել կեղծ դիպլոմներ: Այսօր զարհուրելի վիճակ է, խարխվել է վեց տիեզերք, վեց ընտանիքի դժբախտությունը անհնար է որեւէ կերպ փարատել: Կրկնում եմ՝ Սեյրան Օհանյանի հրաժարականը կարող է ծառայել որպես դառը փորձ այդ պաշտոնը հետագայում զբաղեցնողների համար, որը շատ հնարավոր է, որ կարող է լինել շատ ավելի անգրագետ, բայց նախադեպ պիտի լինի: Մենք այդ մասին պարտավոր ենք բարձրաձայնել, որովհետեւ եթե վաղը գանք իշխանության, մեզ վրա է ծանրանալու այս ոճրագործությունների բացահայտման ու մեղավորներին պատժելու բեռը, ու մեզանից են հաշիվ պահանջելու: Ես ուզում եմ, որ իմ այն ընկերները, որոնք վաղը զբաղեցնելու են պաշտպանության նախարարության պատասխանատու պաշտոններ, իմանան, որ պատասխանատու են լինելու զոհված երեխաների մայրերի առջեւ",-ասաց Գուրգեն Եղիազարյանը: