Սահմանի վրայի հրդերը շարունակվում է

Սահմանի վրայի հրդերը շարունակվում է
Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանային գոտում հուլիսի 31-ին բռնկված հրդեհը շարունակվում է: Թեեւ տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ հրդեհը սկսվել է 14:20-ին եւ չեզոքացվել նույն օրը ժամը 16:25-ին, ու այրվել է մոտ 100 հա տարածք: Ինչպես նաեւ նշվում է, որ դեպքի վայր են մեկնել Վայքից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատը, Եղեգնաձորից երեք եւ Ջերմուկից հինգ հրշեջ-փրկարար: Սակայն մեր հավաստի տեղեկություններով՝ հրդեհը շարունակվում է նաեւ այս պահի դրությամբ, եւ այն սկսվել է ոչ թե 14:20-ին, այլ տարածքն այրվել է արդեն առավոտյան 10:00-ից: Հրդեհը տարածվում է մեծ արագությամբ: Բաց տարածությունը, քամին եւ շոգ եղանակային պայմանները նպաստում են հրդեհի տարածմանը: Հրդեհը հասել է արդեն մեր դիրքերին եւ շարունակում է տարածվել առաջ: Թեեւ չի նշվում հրդեհի պատճառը, սակայն մեր գյուղացիների խոսքերով՝ հրդեհը բորբոքողները Նախիջեւանի գյուղերից մեկի բնակիչներն են: Նրանք դիտավորյալ հրդեհել են տարածքը՝ կանխատեսելով, որ այն կտեղափոխվի Հայաստանի տարածք:



Արդեն 3 օր է՝ հրդեհը չի մարում: Մեր տեղեկություններով՝ դեպքի վայր է ժամանել մեկ հրշեջ մեքենա, որին չի հաջողվել մարել հրդեհը՝ հակառակորդի դիրքերից անընդհատ հնչող կրակոցների պատճառով: Հիմա մեծ ցանկության դեպքում էլ հրշեջները չեն կարող առաջ գնալ եւ մարել կրակը, քանի որ այրվող տարածքն ականապատված է: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են Բարձրունի գյուղի բնակիչներն ու տեղի զինվորականները, բայց առայժմ ապարդյուն: Ի դեպ, զինվորականները նույնպես համոզված են, որ հրդեհը Նախիջեւանի գյուղացիների ձեռքի գործն է: Հրդեհի պատճառով օգոստոսի 1-ին տեղի է ունեցել նաեւ ականի պայթյուն: Բարեբախտաբար տուժածներ չկան: