Օրենք՝ օրինականությամբ
Բանակի թեման չի իջնում քննարկումների սեղանից: Երեկ մենք մի նոր դեպքի մասին տեղեկացանք, որը տեղի է ունեցել հուլիսի 16-ին՝ նույնպես Ղարաբաղում (էջ 3): Նորից երիտասարդ տղա է զոհվել, ծնողներ են որբացել: Այս ֆոնին մարդկանց զայրույթը, որոնք պահանջում են պաշտպանության նախարարի հրաժարականը, անգամ ինքնասպանության կոչ են անում, միանգամայն հասկանալի է: Սա արյան ծարավ չէ, ոչ էլ քավության նոխազներ փնտրելու փափագ: Սա շատ բնական պահանջ է, եւ նման պահանջով հանդես կգային բոլոր առողջ հասարակությունները: Իսկ ո՞վ, եթե ոչ բանակի թիվ մեկ պատասխանատուն: Անգամ եթե նա այդ կոչերից եւ բանակում կատարվող դեպքերից վատ է զգում եւ վիճակը շտկելու պլաններ է մշակում: Անգամ եթե նա ամեն ինչ անում է կատարված դեպքերը բացահայտելու համար: Երեկ արդեն տեղեկացանք, որ Չինարի գյուղում ինքնասպան եղած Արտակ Նազարյանի գործով կան ձերբակալվածներ՝ 3 հոգի: Եվ հույս կա, որ ինքնասպանության վարկածը կամ կփոխվի, կամ ինքնասպանության հասցնելու փաստը հաստատվելու դեպքում մեղավորները կպատժվեն: Սակայն ցավալին այն է, որ անգամ դրական տեղաշարժերը մեզանում օրենքի շրջանակներում չեն կատարվում: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ զորամասում ծառայողներին այս օրերին երկար հարցաքննությունների են ենթարկում, անգամ խոշտանգում են, որ ճշմարտությունը բացահայտեն: Այս մարդիկ չեն ուզում հասկանալ, որ օրինականությունն անօրեն մեթոդներով չի կարելի հաստատել: Որ օրենքի անունից հանդես եկողները պետք է մնան օրենքի շրջանակներում: Եվ ընդհանրապես, մեզանում ավելի շատ օրենքի, օրինականության, կարգուկանոնի, պարկեշտության մթնոլորտի հաստատման կարիք կա: Ու միայն այդ մթնոլորտը հաստատվելուց հետո կարելի է հասնել ինչ-որ արդյունքի:
Կարծիքներ