Բարեբախտաբար ամեն ինչ անցավ "սահմանված գրաֆիկով"

Բարեբախտաբար ամեն ինչ անցավ "սահմանված գրաֆիկով"
Դիտարկումները, ավելի ճիշտ՝ Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկումները, կազմում են Արցախի արտգործնախարարության գործունեության բաղկացուցիչ մասը։ Բացեք այդ գերատեսչության պաշտոնական կայք-էջն ու կարդացեք այնտեղ զետեղված նյութերի վերնագրերը. դրանց մի մասը կազմում են դիտարկումները։ Օգոստոսի 3-ին եւս խախտվեց ԼՂՀ ԱԳՆ-ի անդորրը. արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն այս անգամ էլ գործ ու տեղից կտրվեցին եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ միասին, ինչպես հայտնում է Արցախի ԱԳՆ-ն, "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն", ԵԱՀԿ առաքելության պարոնների հետ մեկնեցին "Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արեւելք" եւ երջանկացան, որ այս դիտարկման ժամանակ եւս "կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել":



Ավելացնենք նաեւ, որ "դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի": Ուղղակի հիանալի է։ Մի պահ պատկերացրեք, որ ինչ-ինչ պատճառներով սահմանված գրաֆիկը խախտվեր. ասենք՝ ավտոմեքենայի անիվը պայթեր, զինվորներից մեկն անզգուշությամբ կրակեր (ինչպես հաճախակի է պատահում հայկական բանակում) ու, Աստված չանի, վիրավորեր ԵԱՀԿ առաքելության պարոններից մեկին, եւ նրանք 30-35 րոպե ուշ տեղ հասնեին։ Ինչպիսի՜ խայտառակություն կլիներ։ Նրանք կուշանային ճաշի սեղանից եւ, ամենակարեւորը, կզրկվեին ԱԳՆ-ում կուտակված աշխատանքները ժամանակին կատարելու հնարավորությունից... Չհաշված այն, որ հակառակ կողմից դիտարկումն անցկացնող պարոններն արեւի տապին նրանց սպասելուց կարող է առողջական լուրջ խնդիրներ ունենային։



Ուղղակի այս անգամ էլ մեր բախտը բերեց, որ դիտարկումն անցավ առանց կրակոցների ու սահմանված գրաֆիկի խախտման։ Մի փոքրիկ առաջարկություն. իսկ ավելի լավ չէ՞ նման դիտարկումներ անցկացնել ոչ թե թշնամու հետ շփման գծում, որտեղ երբեք "կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվում", այլ հենց հայկական բանակի ներսում, որտեղ վերջին ժամանակները ողբերգական ծանր դեպքեր են կատարվում, որտեղ խաղաղ պայմաններում հայ զինծառայողներ են զոհվում, ու դրա համար ոչ մի բարձր պաշտոնյա (հատկապես զինվորական) բացարձակապես պատասխանատվություն չի կրում:



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ստեփանակերտ