Հայկական ամսագրերը մեռնո՞ւմ են

Հայկական ամսագրերը մեռնո՞ւմ են
Օրեցօր հայկական ամսագրերի շուկան համալրվում է նոր անուններով, որոնք, կարելի է ասել՝ թիթեռի կյանք են ունենում՝ ոնց ծնվում, այնպես էլ փակվում են: Պատճառները մի քանիսն են՝ կամ ընթերցող չեն գտնում, կամ չեն դիմանում մրցակցությանը, կամ էլ այնքան միօրինակ են լինում, որ անմիջապես մեռնում են: Այսօր շատ դժվար է հայկական ամսագրերում գտնել որեւէ հետաքրքիր նյութ: Դրանք ողողված են կամ գովազդով, կամ էլ շոու-բիզնեսի "աստղերի" մասին բամբասանքով՝ ով ում հետ ամուսնացավ, ով ում սիրուհին է, որ երգիչն ինչ է հագնում, ինչ է ուտում եւ այլն: Իսկ մասնագիտական ուղղվածության ամսագրերը, ինչպես նաեւ գրական, գրեթե մեռած վիճակում են: Ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 40 տարբեր ուղղվածության հայկական ամսագիր, որոնցից ակտիվ գործում են միայն 10-12-ը: "Գարուն" գրական ամսագրի խմբագիրը կարծում է, որ գրողները լավ չեն գրում, այդ պատճառով էլ մարդիկ չեն կարդում: "Ոչ ոք չի ասում, թե ինչու չեն կարդում, որովհետեւ մարդիկ լավ չեն գրում: Գրողն ինքը չի զգում, որ կյանքը փոխվում է, կյանքի նրբերանգը չեն զգում: Նրանք հիմնված են լրագրողական խոսքի վրա: Ես այն լրագրիզմ եմ անվանում: Եվ այդպես լեզուն կործանվում-մեռնում է: Ամեն ինչ պետք է հիմնված լինի կյանքի վրա, բխի կյանքից, որ կարդացվի: Հիմա ո՞վ ա գրում գրականություն, որ տպագրվի, ու մարդիկ էլ կարդան",- ասում է "Գարունի" խմբագիր Վարուժան Այվազյանը: Ժամանցային ամսագրերը՝ "աղբ են, ես դրանց մասին չեմ խոսում: Դրանով մարդիկ ընդամենը փող են աշխատում: Ինտերնետից վերցնում են, թարգմանում, ուրիշ ամսագրերից արտատպում ու ամսագիր են հրատարակում: Մենք ամեն ինչ անում ենք մեր ինքնությունը խաթարելու համար",-ասում է "Գարունի" խմբագիրը:



Որոշեցինք շրջել կրպակներով ու հետաքրքրվել, թե ինչ ամսագրեր են վաճառվում, ովքեր են գնորդները: Պատկերը շատ մռայլ էր: Ամենաշատ վաճառվողը "Ես" երիտասարդական ամսագիրն է փաստորեն, որը ողողված է վերը թվարկված նյութերով: 16 հազար օրինակ տպաքանակ ունեցող "Ես"-ի հիմնական ընթերցողները դեռահասներն են, որոնք էլ լույս տեսնելուց անմիջապես հետո "թռցնում են" ամսագիրը կրպակներից: "Ամսագրերի վաճառքը կախված է նաեւ նրանից, թե ում նկարն է այդ համարի շապիկին: Օրինակ այս վերջին համարին Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի հարսանիքի նկարն էր: Տեսնեք ոնց էին առնում էդ ամսագիրը",-ասաց կրպակներից մեկի լրագրավաճառը:



Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի հարսանյաց նկարը նաեւ "Բում" ամսագրի շապիկին էր, որը նույնպես վատ չի վաճառվում: Երկուսն էլ 600 դրամ արժեն: Հաջորդ քիչ թե շատ վաճառվող եւ հայտնի ամսագրերից են "Էլ սթայլը", "Նյու մեգը", "Երեւանը": Կրպակի աշխատողի խոսքով՝ այս ամսագրերն էլ հետաքրքիր են նրանով, որ գրեթե բոլոր համարներում նյութեր կան քրեական հեղինակությունների մասին, ինչը նույնպես շատ է գրավում հասարակության բավական ստվար մասին: "Նյու մեգ" ամսագրի խմբագիր Լեւոն Գալստյանը կարծում է, որ դա մեր կյանքի մի բաղկացուցիչն է, եւ այդ պատճառով էլ անդրադառնում են այդ թեմաներին ու ներկայացնում կյանքի նաեւ այդ կողմը. "Դա շատ նուրբ թեմա է: Այն կոչվում է քրեական ենթամշակույթ եւ հետաքրքիր է իր դրամատիզմով ու իր բացահայտումներով":



Չնայած խմբագիրը չի դժգոհում ամսագրի վաճառքից, բայց մեր այցելած կրպակներում ամսվա ընթացքում վաճառվում է ընդամենը 2-3 հատ եւ արժե 2 հազար դրամ: "Նյու մեգ"-ը լույս է տեսնում 1000 օրինակով: Որոշ ամսագրեր, օրինակ՝ "Ազգային գաղափարը", որը մոտ 5 ամիս առաջ է սկսել լույս տեսնել եւ արժե 2 հազար դրամ, մեր այցելած կրպակներում ընդհանրապես չէր վաճառվել: "Ոնց ստանում ենք, այդպես էլ հետ ենք ուղարկում",-ասաց աշխատողը: Իսկ մեկ այլ հասարակական-քաղաքական ամսագիր՝ "Դե ֆակտոն", վաճառվում է ամիսը 3-4 հատ: Հետաքրքրություն կա եւ լավ են վաճառվում հատկապես մանկական ամսագրերը՝ "Մուլտիշոկը" (800 դրամ), "Լոլոն" (1000): Այդ եւ երիտասարդական ժամանցային ամսագրերը, փաստ է՝ գոյատեւում են գովազդի հաշվին:



Նույնը չենք կարող ասել գրական ամսագրերի մասին: Դրանք շատ վատ վիճակում են: Ընթերցող չունեն, չեն վաճառվում: Օրինակ, երբեմնի հայտնի "Գարունը" հիմա հազիվ է գոյատեւում. "Գարունը վատ վիճակում է հիմա: Այն ժամանակ, երբ կար կենտկոմ, ֆինանսավորվում էր պետբյուջեից, նորմալ հրատարակվում էր: Հիմա ֆինանսավորվում է մշակույթի նախարարության կողմից՝ տարեկան 2 միլիոն դրամ: Մարդկանց թվում է, թե դա էլ է շատ, բայց դրանով կարողանում եմ տարեկան ընդամենը 6 համար հրատարակել": "Գարունն" այսօր լույս է տեսնում 500 օրինակով, որից վաճառվում է ընդամենը 200-ը: Տարածվում է հատավաճառով, իսկ բաժանորդագրությամբ վաճառվում է 20-25 օրինակը: Ամսագրի սեփականատերերը խմբագիրը՝ Վարուժան Այվազյանը, գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Կարինե Խոդիկյանը եւ Ռուզան Զաքարյանն են: Սակայն եւ տնօրենը, եւ խմբագիրը, եւ սրբագրիչը, եւ նյութերի մեծ մասի հեղինակը Վարուժան Այվազյանն է:



Ամսագրի խմբագրակազմ չկա, չկան աշխատանքի բավարար պայմաններ: "Միջոցներ են պետք նրանց վճարելու համար, որը չկա",- ասում է խմբագիրը: Մշակույթի նախարարության տրամադրած 2 միլիոն դրամը հազիվ բավականացնում է ամսագրի տպագրության, վարձակալած տարածքի համար: Արդեն 4 տարի է՝ խմբագիրը միայնակ է աշխատում ամսագրի վրա: Այս տարի լույս է տեսել "Գարունի" 2 համար,  համարը պատրաստ դրված էր խմբագրի սեղանին. սպասում էր, որ միջոցներ տրամադրեն հրատարակելու համար: Սակայն խմբագիրը հույսը չի կորցնում եւ հավատում է, որ մի օր լավ կլինի: "Այդ հավատն է օգնել ինձ այս 4 տարին միայնակ պահել ամսագիրը",- ասում է Վարուժան Այվազյանը: