Սոցապ նախարարի 100 օրվա լռությունը

Սոցապ նախարարի 100 օրվա լռությունը
Սոցապ (ճիշտ անվանումով` աշխատանքի եւ սոցիալական հարցերի) նախարարը "քառասունքից" դուրս չի եկել դեռ, ավելի ճիշտ՝ Հայաստանի չինովնիկական շրջանակում սրբազան ավանդույթ դարձած հարյուրօրյա լռության ուխտից: Ուստի նախարարի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը մի պահ շփոթվեց, երբ նկատեց մեզ իր գրասենյակի շեմին: "Չեմ հասկանում, ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ, համ էլ ես ձեզանից նեղացած եմ, գալիս ես միջանցքներում ֆռֆռում, գնում ինչ ասես գրում: Գրել էիր, որ ես դոշով եմ պաշտպանել նախարարին ու թույլ չեմ տվել, որ իրա նշանակման օրը մտնես կաբինետում նկարես: Մարդը հլը իրա աթոռին չնստած, ո՞նց կարելի ա... ամեն մեկը որ գա ասի՝ նախարարին հարց պիտի տամ էքսկլյուզիվ, ըտենց ո՞նց կլինի: Ուզում էի Արմինեին զանգեմ, մի երկու բառ ասեմ, բայց ես իրան շատ եմ սիրում....",-աչքը համակարգչից այդպես էլ չկտրեց այս մենախոսությունն ասելիս տիկին Հասմիկը:



Ես առանց հրավերի արդեն նստել էի մոտակա աթոռին, երբ վերջապես բարեհաճեց նայել նվաստիս ուղղությամբ, կրկին բլբուլ կտրեց. "Հազար անգամ ասել եմ, 100 օր հանգիստ տվեք էդ մարդուն, ի՞նչ ես նստել, վեր կաց գնա հաց կեր՝ հալի արի... հա՜, հա՜, հա՜, ազիզ ջան": Թեպետ արտահայտություններն այնուամենայնիվ փորձում էր զսպել, բայց իմ զգացողությամբ կուլ տվեց նախորդ մենախոսության վերջին հատվածը՝ "բեյնդ չմտա՞վ", որը փոխարինել էր "հա՜, հա՜, հա՜... ազիզ ջանով":



Փորձեցի կատակի տալ ու հասկացնել սույն Հասմիկին, որ պետք է համագործակցել, որ ըստ էության մեր կառավարության ամենաբաց ու բառի շեշտակի իմաստով՝ սոցիալական հասարակությանն առնչվող նախարարություն է, այլ ոչ թե վերմախտի գեստապոն, ուր պիտի մտնենք հատուկ թույլտվությամբ ու կյանքի գնով ձեռք բերենք ամենաանշառ տեղեկությունը: Համ էլ ասացի, որ նախարարին դոշով պաշտպանելը որ գրել էի, բառացիորեն նկատի չէի ունեցել իր դոշերը, դա ընդամենը պատկերավոր խոսք էր: Հասմիկը ոտքի վրա էր ու հերթապահ ժպիտը դեմքին հասկացնել էր տալիս, թե՝ գնա:



Հասմիկ ջան, մենք ինչպե՞ս պիտի լուսաբանենք ձեր կառույցի գործունեությունը, եթե վեց ամիսը մեկ նախարար եք փոխում ու ամեն անգամ մեզանից պահանջում, որ հարյուր օր նրան չհիշենք: Իսկ մենք լսել ենք, որ նոր նախարարը լավ է դրսեւորում իրեն, որ բարեփոխումներ է սկսել, կադրային քաղաքականություն է վարում, տարբերվում է նախորդներից: Ինչո՞վ է տարբերվում, ինչպե՞ս ճշտենք այս դրական տեղեկությունները, եթե կանգնել, ինձ ասում ես՝ գնա: "Քեզնից հեչ չէի սպասեր, որ դու ինձի գնա-գնա կըսես",-մեջբերեցի հայտնի ֆիլմի հայտնի արտահայտությունը:



"Դե, չեմ ասում գնա, ասում եմ մարդը պիտի ծանոթանա համակարգին: Հա, լավ է աշխատում, շատ գոհ ենք, բոլորը գոհ են, ոչ թե մեզ է կանչում իր կաբինետը, այլ որ հարց է ունենում, ինքն է գալիս-մտնում կաբինետներ, խոսում աշխատողների հետ, մենք ըտենց բան նախկինում չէինք տեսել: Շատ լավ է աշխատում",-արտասանեց տիկին Հասմիկն ու խորհուրդ տվեց ինձ չմտնել աշխատողների գրասենյակներ ու հարցուփորձ անել: Թեպետ Հայաստանում չտեսնված ու չլսված բան կլիներ, որ աշխատողները համարձակվեին իրական կարծիք հայտնել շեֆի մասին ու չզրկվեին աշխատատեղից: Ինչեւէ, կառավարության շենքի սոցապ նախարարության հարկաբաժնից "Բաղդադում ամեն ինչ հանգիստ է" սկզբունքով ինձ հաջողությամբ ուղեկցեցին դուրս:



Անգամ չհասցրի մտնել Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության լեգենդար պետի, բոլոր նախարարների օրոք ջրերի երեսին մնացած Լալա Ղազարյանի գրասենյակը, որին, ըստ մեր տեղեկությունների, նախարարն ուզում է ազատել աշխատանքից, բայց պատրվակ չի գտնում, եւ որն արդեն մի քանի շաբաթ փորձում է մտնել շեֆի մոտ ու չի կարողանում: Իսկ նախարարը, ըստ Հասմիկ Խաչատրյանի, շարունակում է ծանոթանալ համակարգին: Պետք է նշենք, որ համակարգը բավական ուռճացված է ու լուրջ ուսումնասիրություն է պահանջում՝ ոչ կրճատման, այլ բոլորին անուն առ անուն ճանաչելու իմաստով իհարկե: Ըստ նախարարության կայք-էջի, Արթուր Գրիգորյանը (նախարարի անուն-ազգանունն է) ինչ-ինչ գործեր արել է:



Նշանակման օրն օրինակ՝ միացել է անձնակազմին ու շնորհավորել իրենց սիրելի գործընկեր, նախարարի խորհրդական Նարինե Միսակի Բալայանի ծննդյան օրը եւ մաղթել "քաջառողջություն ու նորանոր հաջողություններ": Ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մ. Յովանովիչին: "Տիկին Յովանովիչը շնորհավորեց նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Պարոն Գրիգորյանը նշեց, որ անկախացումից ի վեր ՀՀ կառավարությունը եւ մասնավորապես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշտապես զգացել են ԱՄՆ կառավարության եւ ամերիկյան ժողովրդի ուշադրությունն ու բարի կամքի դրսեւորումները, եւ շնորհակալություն հայտնեց ցուցաբերած օժանդակության համար",-գրված է "Նորություններ" բաժնում:



Բայց վերադառնանք համակարգին ծանոթանալու խնդրին: Սոցապ նախարարն ունի մեկ  առաջին տեղակալ, չորս տեղակալ, չորս խորհրդական, երկու օգնական, մեկ տեղակալի օգնական, թեպետ պարզ չէ, թե որ տեղակալի: Աշխատակազմն ուղղակի հսկայական է՝ բաղկացած 34 վարչություններից ու բաժիններից, որոնցում կան մեծ քանակությամբ աշխատողներ, չհաշված ղեկավարները: Ընդ որում՝ շատ բաժիններ ու վարչություններ ուղղակի մեկը մյուսի կրկնությունն են: Օրինակ՝ կա աշխատանքի եւ զբաղվածության վարչություն եւ կա աշխատանքի բաժին ու զբաղվածության բաժին: Կամ՝ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչություն, տնտեսագիտական բաժին, ֆինանսական բաժին, հաշվապահական հաշվառման բաժին եւ այսպես շարունակ:



Հասկանալի է, իհարկե, որ բաժնի ու վարչության միջեւ կան տարբերություններ, բայց հասկանալի չէ, թե բյուջեի սղության, սոցիալական հոգածությունից դուրս գտնվող քաղաքացիների հսկայական բանակ ունենալու, համաշխարհային ճգնաժամի ու խորտակվող, իզգոյ երկրի կարգավիճակի պայմաններում ի՞նչ անհրաժեշտություն կա խնամքով շպարված, պարապ կանանցով ու դեմքի լրջագույն արտահայտությամբ միջանցքներում անցուդարձ անող տղամարդկանցով հագեցած հսկայական բանակ պահել, անունը դնել համակարգ եւ այդ համակարգն "ուսումնասիրելու" պատրվակով թաքնվել հասարակայնության հետ կապերի վարչության պետի լայն թիկունքի ետեւում, հարյուրօրյա լռության ուխտը մահանա բռնած:



Տիկին Հասմիկն ասաց, որ 100 օրը լրանում է հոկտեմբերի 5-ին, ու նախարարն այդ օրը ասուլիս է տալու: Վստահ ենք, որ նախարարի մուտքի խոսքը հագեցած կլինի այդ օրերին արձանագրած վագրենային թռիչքների մասին արձանագրություններով: