Մեկ օրում 5 հրդեհ

Մեկ օրում 5 հրդեհ
Օգոստոսի 3-ին Լոռու մարզի տարբեր մասերում գրանցվել է հրդեհի միանգամից 5 դեպք, որից 2-ը Սպիտակում, 2-ը՝ Թումանյանի տարածաշրջանում եւ 1-ը՝ Գուգարք գյուղում: Հրդեհները բռնկվել են գրեթե նույն ժամանակահատվածում: Առաջին ահազանգը գրանցվել է Սպիտակի հրշեջ մասում` ժամը 17:30-ին, երբ հայտնել են, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի  թաղամասերից մեկում, այրվել է քաղաքացի Կոստանյանին պատկանող 500 քառակուսի մետր չոր խոտածածկույթը: Հրդեհը մարվել է 18:01 րոպեին:



Հաջորդը գրանցվել է Լոռու մարզի Ճոճկան գյուղում, այրվել է համայնքի հարավ-արեւմտյան մասի չոր խոտածածկույթը, դեպքի վայր է մեկնել Նոյեմբերյանի ՀՊՋ-ից 1 մարտական հաշվարկ, մարվել է 19:53-ին:  Այրվել է 20 հա չոր խոտածածկույթ: Երեւանի 1-01 կենտրոնական կապի կայանում հնչած ահազանգը տեղեկացրել է Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքում Արտաշ Մամիկոնյանին պատկանող 70 քմ փայտե անասնագոմի այրվելու մասին:



Վանաձորի 1-01 կենտրոնական կապի կայան ահազանգ է եղել, որ հրդեհ է բռնկվել Գուգարք գյուղի Ամասիկ Հակոբյանին պատկանող 10-րդ փողոցի թիվ 8 տանը: Անգիտակից վիճակում, առանց այրվածքների 1928թ. ծնված Ամասիկ Հակոբյանին հրշեջ փրկարարները դուրս են բերել տնից ու հանձնել 1-03-ին: Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում այրվել է Սեդա Մարտիրոսյանին պատկանող մոտ 5 տոննա խոտի դեզը: Ինչպես նշում է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը, նշված դեպքերից ամենավտանգավորը եղել է Ճոճկանի դեպքը. "Թումանյանի տարածաշրջանի Ճոճկան համայնքի տարածքում չոր խոտածածկույթի հրդեհն էր, որը ներգրավել էր մեծ տարածքներ եւ վտանգ էր սպառնում Այրում կայարանին, որում այդ պահին կայանված էին պայթյունավտանգ, այսինքն՝ վառելիքաքսուկային բալոններ: Ստիպված Նոյեմբերյանից ենք օգնություն կանչել թվով 1 մարտական հաշվարկ":



Վարչության պետի խոսքով՝ նման դեպքերը շատ հաճախ բնակիչների անզգուշության ու անուշադրության մեղքով են լինում: Իսկ Գուգարքի դեպքը պարոն Անտոնյանն այսպես պատմեց. "Գուգարքի 10-րդ փողոցի 8-րդ տանը հոգեկան հիվանդ մի մարդ էր ապրում, տղաները տան տիրոջը գտել էին մյուս սենյակում ծխահարված եւ ուշագնաց վիճակում, հետո հանձնել էին 1-03-ին": Վերջում պարոն Անտոնյանը խորհուրդ տվեց. "Եղեք զգույշ կրակի հետ, չհանգցրած ծխախոտ մի գծեք ու մի այրեք չոր խոտը": Վերջում նաեւ կոչ արեց չմոռանալ Ռուսաստանում տիրող արտակարգ իրավիճակի մասին ու լինել չափից ավելի զգույշ:



Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ