Հաղագս պատշաճի

Հաղագս պատշաճի
Այսօր Հայաստանի եւ հայ ժողովրդի համար պատմականորեն ամենադաժան ժամանակներն են: Մենք ապրում ենք մռայլ տեսարաններով հարուստ ժամանակահատված, որի ընթացքում փոքր ու մեծ կուսակցությունները բաժան-բաժան են անում Հայաստանը՝ ինչպես ժամանակին անում էին գավառական մտածողությամբ փոքր ու մեծ մեր իշխանորդիները: Գաղափարախոսության վակուումը բարոյապես եւ օրգանապես ջլատել է երկիրը: Չունենք միտք, մտքի պակաս կա: Հայ ազգային կոնգրեսը, ստեղծվելով, բերեց իրավունքների նոր սահմանում, մտածողության նոր տեսակ եւ ձեւակերպեց նոր միտք մեր հասարակության մեջ: Այն է՝ ազգային մտածողությամբ, ազգային ձեւակերպումներով նոր Հայաստան կերտելու նպատակ ու միտք, ինչը պակասում էր մեր մեջ:



Տարերայնորեն գործում են իշխող կուսակցությունները, որոնց մի մասն արհեստածին է, չեզոք կուսակցությունները, որոնք արհեստականորեն կորցրել են հասարակական ֆունկցիա կատարելու հնարավորությունները, իրավունքները: Մնացել է միայն Կոնգրեսը, որպես այդպիսին, քանի որ այն ղեկավարում է առաջին նախագահը, ում նկատմամբ ես ունեցել եմ վերապահումներ: Այսօր Կոնգրեսի նախագահն առաջին նախագահն է, բայց ոչ այն օրերի նախագահը, այլ այսօր նորովի մտածողությամբ, մեծ դատողություններով, հիմնարար փոփոխությունների ցանկություններով նախագահ է: Այսօր հեռանկարի մասին խոսելը դեռ վաղ է, սակայն կան առնչություններ ու աղերսներ տարբեր կուսակցությունների հետ նրանց համագործակցության, որոնց ընթացքում զարգացումները կընթանան հօգուտ ազգային շահի: Դեռեւս նոր սաղմի մեջ գտնվող քաղաքական միավորի մասին այսօր չեմ կարող խոսել բարձր տոնով, բայց գիտեմ մի բան՝ ի վերջո, այսօրվա ՀԱԿ ներկայացուցիչներն անցյալում եղել են իշխանությունում, մասամբ նորոգվել են: Հեռանկարում ես նորերից ավելին եմ սպասում, քան նրանցից, ովքեր անցյալում եղել են իշխանություն:



Որովհետեւ նրանց մի մասը հենց տրոհեց Հայոց համազգային շարժումը՝ ՀՀՇ-ն: Ես հիշում եմ, թե ինչպիսի դավեր էին կազմակերպում, ինչպիսի խմբակային դավեր՝ ընդդեմ հայ մտածողության արժանապատիվ զավակներից մեկի՝ Վանո Սիրադեղյանի: Տեսնելով այդ դավերը՝ ակամա հիշում եմ Ջուզեպե Մաձինիի հայտնի ճշմարտությունը՝ բարիք գործել ու անարգանքի արժանանալ՝ արքայական բաժին է: Վանո Սիրադեղյանը ստացավ այդ բաժինը՝ վիրավորանք, հալածանք, անարգանք նրանցից, ովքեր ամենապարսավելի մարդիկն էին եւ են մեր հանրապետությունում: Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու, կարելի է ասել՝ ճակատագրական սխալ է թույլ տվել: Մեկը Վանո Սիրադեղյանին ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատելն ու քաղաքապետարան տանելն էր, ինչը ջլատեց ու թուլացրեց ներքին գործերի համակարգը եւ հնարավորություն տվեց այլ ուժերի իշխանության գալու, ինչը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի տապալման պատճառը եղավ: Քաղաքական գաճաճների հսկայական զանգված հավաքվեց ընդդեմ նրա: Ես ափսոսում եմ այդ մարդուն: Ես համոզված եմ, որ մի օր մենք ափսոսանքով ենք դիտելու այդ երեւույթը: Ես ցավում եմ, որ մենք պիտի զղջանք մեր արածի համար: Մենք շատ լավ մարդկանց ցավեր պատճառեցինք հանիրավի:



Երկրորդը՝ Վանո Սիրադեղյանի արհեստական մեկուսացման հետեւանքով Վազգեն Սարգսյանի մենատիրության գալն էր, ինչը Հայաստան ներկրեց Ռոբերտ Քոչարյանին, որի միջոցով իշխանության եկավ ղարաբաղյան կլանը, եւ Հայաստանը ենթարկվեց տնտեսական ու բարոյական ասպատակության: Դրանց հետեւեցին հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը, քաղբանտարկյալների բանակը, որը մինչ այսօր տառապում է բռնության օջախներում:



ՄԵՐՈւԺԱՆ