Վասալների վազքը մինչեւ մարագն է

Վասալների վազքը մինչեւ մարագն է
Մոտ 2 ամիս առաջ՝ հունիսի 25-ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ հայտարարություն էր արել, որը հայտնվեց գրեթե բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում եւ հանգամանալի լուսաբանվեց: Հայտարարությունը վերաբերում էր Հայաստանի պետական սահմաններին: "Այսօր ՀՀ սահմանները, ցավոք, չեն գտնվում այն վիճակում, որ կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ, եւ մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում սահմանային անվտանգության խնդիրների լուծմանը",- ասել էր Արթուր Բաղդասարյանն ու հավելել. "Մեր սահմանային ենթակառուցվածքները, սահմանային անցակետերը, ցավոք, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք ունենք լրջագույն խնդիրներ":



Երբ նման հայտարարություն է անում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը, նորմալ է, իսկ երբ այսպիսի հայտարարությամբ հանդես է գալիս ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, դա արդեն սկանդալ է՝ երկրի անվտանգության համակարգերին տրված գնահատական: Իզուր չէ, որ այդ հայտարարությունից հետո նրան աջ ու ձախից սկսեցին քննադատել եւ ցիտել: Հավանաբար նա նաեւ ումից պետք է՝ ստացավ մեղադրանքներ ու խոստացավ, որ սխալը կուղղի: Այդ հայտարարությունից անցել է մեկ ամսից մի քիչ ավելի: Երեկ մենք Անվտանգության խորհրդից մի հաղորդագրություն ենք ստացել, որտեղ Արթուր Բաղդասարյանը "սրբագրել" է իր նախորդ սխալը եւ նոր՝ արդեն պետականամետ ու իր պաշտոնին համապատասխան հայտարարությամբ հանդես եկել:



Հաղորդագրության մեջ ասված է. "Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 3-ին այցելել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատի ուղեկալներ: Լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Բաղդասարյանն ասել է եւ գոհունակությամբ արձանագրել. "Հայաստանի սահմանները հուսալիորեն պաշտպանված են"": Հավանաբար այս ուշիմության համար էլ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը նրան պարգեւատրել է հուշամեդալով:



Այս հաղորդագրությունից մի եզրակացություն էլ է բխում. Արթուր Բաղդասարյանի հունիսի 25-ի ասածը ռուսները, մասնավորապես Հայաստանի սահմանները պաշտպանող ռուսական անվտանգության ուժերը, ծանր են տարել եւ ստիպել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում վերջինս հերքի իր ասածը: Ոնց ղալաթն արել ես, այնպես էլ տակից դուրս արի՝ հավանաբար ասել են Արթուր Բաղդասարյանին եւ կանչել կզարան, կներեք՝ ուղեկալ:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ