Երիտգործիչներ պատրաստելու արվեստը

Երիտգործիչներ պատրաստելու արվեստը
Մինչ ավագ կուսակցականները շտապում են վաստակած հանգիստը վայելել, երիտասարդ գործիչները տարերքի մեջ են, ինքնադրսեւորման  սեզոնն է, պատրաստվում են քաղաքականացված հանգստին:  Հարուստ իշխանական կուսակցությունների երիտասարդները հավաքվում են հայաստանյան հանգստավայրերի պանսիոնատներում ու հնարավորինս քաղքենիական միջավայրում: Իսկ համեստ հնարավորություններով կուսակցությունների երիտասարդները նախընտրում են բնությունն ու վայրի հանգիստը: Օրինակ, վերջին տարբերակն է նախընտրել Հայ ազգային կոնգրեսի երիտթեւը:



Երեկվանից  հարյուրից ավելի կոնգրեսականներ 3-6 օրով մեկնել են Ապարան: Նրանց կմիանան նաեւ ՀԱԿ-ի մարզային ներկայացուցիչները, իսկ ճամբարային օրերը կանցկացնեն իրենց արած-չարածի ու անելիքների քննարկումներով, կլինեն նաեւ դասընթացներ, նրանց կայցելեն ՀԱԿ լիդերները: Հայ ազգային կոնգրեսի երկամյակը նույնպես պատշաճ կտոնեն Ապարանում: Բավականին ծավալուն պլաններ ունեն դաշնակցականները: Հուլիսից սկսել են բանակումները, դրանք ընդհանուր թվով վեցն են, երկուսն արդեն ավարտվել են, մեկն ընթացքի մեջ է, մյուսները շարունակվելու են մինչեւ օգոստոսի 18-ը, Սիսիանում:



Ըստ ՀՅԴ բյուրոյի երիտթեւի միության նախագահ Սարգիս Մկրտչյանի, նախաճաշից ու մարզանքից բացի, օրակարգում կընդգրկվեն նաեւ երկրի տնտեսական, քաղաքական, սոցիալական թեմաներով քննարկումներ:  Անորոշության մեջ են ԲՀԿ-ականները: Հատկապես շատ խառն է ԲՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գլուխը, նա այնքան զբաղված էր, որ չկարողացավ մի քանի րոպե մեզ տրամադրել ու իր ղեկավարած երիտթեւի ծրագրերը ներկայացնել: Բարեբախտաբար, Վահեի օգնականն ավելի թեթեւ գրաֆիկով էր աշխատում եւ ժամանակ գտավ մեզ հայտնելու, որ իրենք դեռ չգիտեն որտեղ ու ինչ պայմաններում են անցկացնելու իրենց հանգիստը:



Ըստ Վահեի օգնական Կորյունի, 3-4 հարյուր երիտԲՀԿ-ականներ կընդգրկվեն հանգստյան ցուցակում, իսկ հավաքույթի բնույթին անդրադառնալով, նա նշեց. "Աշխատանքային միջոցառում է, ոմանց համար էլ ուսումնական հանգիստ է": Ի տարբերություն վերոնշյալ կառույցների, կուսակցական պարտականություններն արդեն ավարտել է ՕԵԿ-ը: Հուլիսի վերջին մի քանի հարյուր երիտՕԵԿ-ականներ անցկացրել են Ծաղկաձորում, Գրողների միության հանգստյան տանը: ՕԵԿ երիտմիության ղեկավար Առաքել Առաքելյանի հավաստմամբ՝ բովանդակալից օրեր են անցկացրել, հետ չեն մնացել ժամանցից, խաղեր, նաեւ  ծրագրային մի շարք հարցեր են քննարկել:



Այս ֆոնին բավական լուրջ գործունեություն են սկսել նժդեհականները: Նրանք գաղափարաքարոզչական առաքելություն են իրականացնում, նույնիսկ հանձնաժողով են կազմել ու երիտասարդ հանրապետականներ են կրթում: Ծաղկաձորում սեմինարներ են կազմակերպել, որտեղ մարզ առ մարզ վերապատրաստում են: Ըստ ՀՀԿ երիթտեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանի, որը նաեւ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահն է, երիտասարդ հանրապետականներին  ծանոթացնում են կուսակցության գաղափարախոսությանը, պատմությանն ու սովորեցնում ճիշտ օգտագործել իրենց ստացած հմտությունները կուսակցական գործունեություն ծավալելիս:



ՀԳ - Թերեւս պրոֆեսիոնալ հանրապետականներ շինելու համար ճիշտ կլիներ, որ այդ առաքելությունը վստահվեր Գալուստ  Սահակյանին: