Մանկապիղծ ուսուցչի պատիժը խստացվել է

Մանկապիղծ ուսուցչի պատիժը խստացվել է
Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 4-ին տեղի ունեցած նիստում մասնակիորեն բավարարել է Նուբարաշենի թիվ 11 դպրոցի նախկին սան Հասմիկ Սինանյանի բողոքը, ինչի արդյունքում  Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի պատժաչափն ավելացրել է 1 տարով` նախկին 2 տարվա փոխարեն դարձնելով 3 տարի:



News.am-ը հիշեցնում է, որ Նուբարաշենի համար 11 հատուկ դպրոցի 2 նախկին սաները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի այս տարվա մայիսին կայացրած վճիռը, որով նույն դպրոցի նախկին ուսուցիչ, մանկապիղծ Լեւոն Ավագյանը դատապարտվել էր ընդամենը 2 տարի ազատազրկման: Վճիռը բողոքարկողներից մեկը` Դիանա Ամիրխանյանը, հետագայում հետ էր վերցրել իր բողոքը: Նրա պաշտպանը հայտարարել էր, որ այդ քայլին նրան դրդել են իրավապահները:



Երեկ` օգոստոսի 3-ին տեղի ունեցած դատական նիստում հանդես է եկել առաջին ատյանի վճիռը բողոքարկող միակ մարդը` դպրոցի նախկին սաներից Հասմիկ Սինանյանը, ով հայտարարել է, որ Ավագյանի նմաններին պետք է ցմահ բանտարկել: Նրա ներկայացուցիչ Ավագ Լալայանն էլ հավելել էր, որ իրենք բողոքարկում են այն փաստը, որ առաջին ատյանի դատարանը արագացված կարգով է քննել գործը՝ տուժողներին հնարավորություն չտալով ներկայացնել իրենց բոլոր փաստարկները եւ վկայությունները:



Հասմիկի ներկայացուցիչները դատարանում նաեւ պնդել են, որ 2 տարի ազատազրկումը շատ մեղմ պատիժ է Լեւոն Ավագյանի կատարած հանցագործության համար։ Իսկ ահա մանկապիղծ ուսուցիչը, ով խոստովանել է իր մեղքը, իր վերջին խոսքում խնդրել է դատարանին՝ բողոքը մերժել: