Սկսեք մթնոլորտից
Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի եւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարաբերությունների եւ հատկապես միմյանց նկատմամբ վերաբերմունքի մասին մամուլի հրապարակումները մի շատ հետաքրքիր օրինաչափություն ի հայտ բերեցին: Քողազերծեցին իշխանության կուլիսներում տիրող իրականությունը: Պարզվեց՝ մարդիկ, որոնք մի թիմում են աշխատում, նույն կառավարության անդամներն են, եւ թվում է՝ պետք է համախոհներ լինեն կամ էլ գոնե քաղաքակիրթ պոզիտիվ հարաբերություններ ունենան, իրար ատում են: Այնպես են ատում, որ նախկին մարզպետը ոստիկանապետի երեսից պատրաստվում է գաղթել երկրից: Այսինքն, բավական է մեկն ու մեկը պաշտոնից զրկվի, եւ ներկառավարական ամբողջ կեղտը ջրի երես է ելնում: Հավանաբար՝ վաղուցվանից թաքցրած, զսպված հակակրանքն ու հակասությունները գլուխ են բարձրացնում: Այնպես, որ դա արտահայտվում է անգամ հրապարակային հարցազրույցներում: Եվ այն էլ ինչ որակումներով ու գնահատականներով: Այս միջադեպից դժվար չէ կռահել, թե մեր մյուս պաշտոնյաներն ինչ են զգում միմյանց նկատմամբ, եւ ինչքան ատելություն ու չարություն կա կուտակված նրանց ներսում: Միայն աթոռից զրկվելու հեռանկարն է հավանաբար ստիպում նրանց, որ ներիշխանական հակասությունները "մեյդան" չհանեն եւ ասելիք չդառնան ու վերադասի կողմից չպատժվեն: Այսպիսի մթնոլորտում, նման փոխհարաբերությունների պարագայում արդյո՞ք կարող է խոսք գնալ բարեփոխումների, առողջ աշխատանքային մթնոլորտի, երկրի առաջ ծառացած բարդ խնդիրների լուծման մասին: Չէ որ երկրի կառավարումը մի մարդու գործ չէ, այլ կոլեկտիվ աշխատանք, որտեղ փոխըմբռնումն ու բարյացակամությունը, միջգերատեսչական կապերն ու համագործակցությունը պարտադիր են: Այնպես որ, նախ հարկավոր է "բարեփոխել" կառավարության մթնոլորտը:
Կարծիքներ