Հրդեհավտանգ իրավիճակ Տավուշում

Հրդեհավտանգ իրավիճակ Տավուշում
Տավուշի մարզում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել: Երեկ հրդեհ է բռնկվել Այգեհովիտ գյուղի արտերում եւ խաղողի այգիներում: Հրշեջներին հաջողվել է կրակի տարածումը կանխել եւ մարել: Բարձր ջերմաստիճանի պատճառով մարզի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել դեռեւս հուլիսի 27-ից: Իսկ ահա միայն օգոստոս ամսին Տավուշի մարզում գրանցվել է խոտածածկային տարածքների հրդեհման 10 դեպք: Մեկ շաբաթ է` հրշեջ ջոկատներն աշխատում են գիշեր-ցերեկ: Անհրաժեշտության դեպքում մոբիլիզացվում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության, ենթակա հրշեջ ջոկատների անձնակազմերը, համագործակցություն է ընթանում նաեւ ՏԻՄ-երի, ոստիկանության, ՊՆ-ի, անտառտնտեսությունների եւ Տավուշի մարզպետարանի միջեւ: Աշխատանքների օգտակարության աստիճանը բարձրացնելու համար փրկարարական վարչությունը մշտապես կապի մեջ է համայնքների ղեկավարների հետ: Ի դեպ, գրեթե բոլոր դեպքերում հենց վերջիններն են ճիշտ ժամանակին ահազանգել հրդեհի մասին: Բարեբախտաբար, մինչ այժմ հաջողվել է անտառապատ տարածքները պաշտպանել հրդեհներից: Վերջին 10 օրվա ընթացքում հրդեհի է մատնվել 5 հազար հեկտարից ավելի խոտածածկ տարածք: Վտանգը մեծ է եղել հատկապես հարեւան Ադրբեջանի սահմանամերձ գոտում հրդեհված արտերի` քամու միջոցով հայկական տարածքներ հասնող հրդեհների ժամանակ: Օրինակ այդկերպ Տավուշի մարզի Բերդավան, Բարեկամավան եւ Այգեհովիտ գյուղի տարածքներին սպառնացող հրդեհները տարածվել էին երկու կիլոմետր ճակատով: Հրշեջ ջոկատների համար դա մեծ խնդիրներ է ստեղծել: Օդերեւութաբանական կենտրոնից զգուշացրել են ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն, որ մինչեւ օգոստոսի 7-ը հակահրդեհային իրավիճակն ավելի է բարդանալու: