Ստաժավոր երգչուհին Չեքիջյանից պատիվ է պահանջում

Ստաժավոր երգչուհին Չեքիջյանից պատիվ է պահանջում
Օրերս "Հրապարակի" խմբագրություն էր եկել Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ստաժավոր երգչուհի Լյուբա Ազատյանը: Նա 32 տարի աշխատել է այդ կոլեկտիվում, բայց ահա մի օր, իր խոսքով ասած՝ բոլորովին անհիմն պատճառաբանությամբ ազատվել է աշխատանքից: Լյուբա Ազատյանը համոզված է, որ երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանն ուղղակի իրենից վրեժ է լուծում այն բանի համար, որ դեռ 2001-ին, երբ Չեքիջյանի դեմ, երգչախմբի անդամների համար նախատեսված  գումարը չտրամադրելու համար, գործ էր հարուցվել (երգչախմբի որոշ անդամներ դիմել էին դատարան), ինքը չեզոք դիրք էր գրավել եւ կոլեգաների դեմ "կեղծ" ցուցմունք չէր տվել: Ինչպես պատմում է Լյուբա Ազատյանը, 2001 թվականին իր կրտսեր որդին էր ծնվել, բացի այդ, ինքը խնամում էր ծանր հիվանդ քրոջը եւ ոչ ժամանակ է ունեցել խառնվելու այդ ամենին, ոչ էլ ցանկություն: Քանի որ երգչուհու երեխան մանկահասակ է եղել, այն ժամանակ Չեքիջյանը չի համարձակվել իրեն աշխատանքից հեռացնել, բայց դա արել է 2009 թվականին: "Այդ ընթացքում թե ես ինչ օրեր եմ քաշել... Ամեն անգամ գեղարվեստական ղեկավարն ինձ մոտենում եւ ասում էր՝ ես գիտեմ, դու էն թայֆից ես: Դուք տեսեք, թե ինչպես էր խոսում գեղարվեստական ղեկավարը:



Անցել է քանի տարի, ինքն արդեն մեդալներ է ստացել, բայց չի մոռացել, որ ես այն ժամանակ իրեն չեմ պաշտպանել",-հուզված պատմում էր Լյուբա Ազատյանը: 2009-ի հունվարին Հովհաննես Չեքիջյանը նրան տեղեկացրել է, որ պայմանագիրը չի երկարացնելու: Փաստորեն, Լյուբա Ազատյանը փաստի առաջ է կանգնել, որովհետեւ իր հետ պամանագիր չի կնքվել առանց ստուգատեսի անցկացման, ինչպես ընդունված է: "Մինչեւ մարտի 8-ն ինձ ժամանակ տվեց, թե՝ գնա քեզ համար աշխատանք գտի: Ես էլ մտածեցի, որ աշխատանքային գրքույկիս մեջ ավելորդություններ չգրվի, եւ դիմում գրեցի":



Լյուբա Ազատյանը, որպես իր բարեխիղճ աշխատանքի ապացույց, բերել էր նաեւ այն բնութագիրը, որն իրեն 2005 թվականին տվել էր Հովհաննես Չեքիջյանը, եւ երգչախմբի 70-ամյակի կապակցությամբ մշակույթի նախարարության կողմից ստացած պատվոգիրը: Նրա վերջին ելույթը Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում եղել է գեղարվեստական ղեկավարի 80-ամյակի միջոցառմանը: "Ես փառավոր կերպով կանգնել ու երգել եմ: Որոշել էի սուս անեմ, դե, չի ուզում, չեմ աշխատի: Բայց շատ զայրացա, երբ նախարարությունից իմացա, որ խմբի մասնակիցներին գումար են հատկացրել, ամբողջ խումբը ստացել է, բայց ես՝ ոչ: Թեեւ չնչին գումար էր՝ ընդամենը 15 հազար, բայց հարցը վերաբերմունքն է":



Լյուբա Ազատյանն այս փաստի առիթով դիմել է մշակույթի նախարարություն: Վերջինս պարզաբանում է խնդրել երգչախմբի տնօրինությունից: Տնօրինությունը մի զեկուցագիր է ներկայացրել, որտեղ նշել է, թե Լյուբա Ազատյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նրա հետ երկու ամիս ժամկետով նոր պայմանագիր է կնքվել, որին ինքը ծանոթ է եղել եւ ստորագրել է: Լյուբա Ազատյանի խոսքով՝ դա շանտաժի միջոցով է տեղի ունեցել, քանի որ այդ երկու ամիսն իրեն ընդամենը ժամանակ էր տրված նոր աշխատանք գտնելու համար:



Դիմումից հետո միայն իրեն հասանելի 15 հազարն ստացել է: Մեկ այլ զեկուցագրով Հովհաննես Չեքիջյանը երգչախմբի տնօրեն Արթուր Մխիթարյանին տեղեկացնում է, որ Լյուբա Ազատյանի վոկալ տվյալները չեն համապատասխանում երգչախմբային երգեցողության ոճին, եւ նրա ձայնն առանձնանում է եւ խախտում խմբի ներդաշնակությունը: Լյուբա Ազատյանը սա անհեթեթություն է համարում այն պատճառով, որ տարիքի հետ երգչի ձայնը չի հզորանում, այլ՝ ընդհակառակը: "Հիմա եթե ասի արի աշխատի, ես չեմ գնա, բայց սա իմ պատվի ու արժանապատվության հարցն է: Այն մեդալները, որ ունի մաեստրո Չեքիջյանը, իմ եւ իմ նմանների լումայով է տրված: Ես կլռեի, բայց, մյուս կողմից էլ, ինչպես Պեպոն է ասում Զիմզիմովին՝ ես սուտ դուրս գամ ու դու ճի՞շտ",-ասում է Լյուբա Ազատյանը: Երգչուհին պատրաստվում է դիմել դատարան՝ պատիվ ու արժանապատվություն պահանջելու: