Մեղավորը "Օդնոկլասսնիկն է"

Մեղավորը "Օդնոկլասսնիկն է"
Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առողջության առաջնային պահպանման բարեփոխումների շրջանակներում իրականացված  "Առողջ համայնք" ծրագրի շրջանակներում, երբ  "Երկյակ" ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակիցներին վկայականներ էին բաշխում, տարիքով ամենաերիտասարդինը տատը ստացավ: Ներկայացուցչի զարմանքին Լենա տատը ոչ ավել, ոչ պակաս սկսեց լուտանքներ տեղալ ինտերնետի հասցեին:  "Սաղ տա յա փչացրալ, որ 17 տարեկան թոռնիկս հիմա մեզ մոտ չի: Սաղ օրը հեռախոսը եկալած բզբզում ա, ասում ա՝ տատի, քո ժամանակները անցել են",-ասում է 60-ամյա կինը: Վերջինիս թոռնուհին` Կատյան, ինչպես իր բոլոր հասակակիցները, սոցիալական ցանցերում գրանցվել էր: "Օդնոկլասսնիկի"-ով ծանոթացել է էջմիածինցի մի տղայի հետ: Զրուցել են, զանգել, ու օրերս այդ տղան Էջմիածնից հասել է Առաջաձոր` ժամադրության: Սիրահարները հանդիպել են գյուղ մտնող ճանապարհին, մեքենայի մեջ: Աղջկա հայրը, իմանալով այդ մասին, հետեւել է սիրահարներին: Կատյան վախեցած՝ ընկերոջն ասել է, որ հայրը կսպանի իրեն: Ու տղան նույն ավտոմեքենայով փախցրել է աղջկան: Տատի պատմելով, երիտասարդը թոռնուհուն ասել էր էդ էր պակաս, իրա սիրած աղջկան նեղացնի մեկը: "Կարող ա սկի տա չգնար ու թոռանս չփախցնեին, բա հետո ասում ըք աշխարհը զարգացել ա",-ենթադրում է Լենա տատը` հիշելով նաեւ սիրիալները. "Սաղ օրը կամ տելեվիզորի առաջ էր, կամ հեռախոսը ձեռին": Էջմիածնից զանգել-ասել է` լավ է: Բայց էդքան հեռավորության վրա ինչ իմանաս: Փեսան աշխատում է, բարձրագույն կրթություն ունի, միայն թոռնուհին է ուսումը կիսատ թողել: "Դե, ասում են էն ղոլեքի տղերքը լավ կին են պահում, Կատյաս ճարպիկ ա, կորչող չի",-ինքն իրեն հուսադրում է տիկին Լենան: Թերեւս մի լուսավոր կետ էլ կա` թոռնիկը քաղաքում է ապրելու: Սպասում են, որ խնամիները պիտի գան հաշտվելու, ու երեւի այդ ժամանակ էլի կխախտվի այս գյուղի անդորրը, ինչպես 20 օր առաջ` Կատյայի փախցնելու օրը: Իսկ գյուղի երիտասարդներն ամենեւին էլ համաձայն չեն ավագների հետ, ու նրանք չափազանց հրապուրված են Կատյային համարձակությամբ: "Ես էլ Էջմիածնից աղջիկ կբերեմ, բալանսը կդզվի,  ինչ ա եղել որ",-ասում է 12-ամյա Գոռը: