"Սեռական" էլեմենտը դպրոցի տնօրենի աշխատանքում
Մեր տեղեկություններով, թիվ 18-ի տնօրեն Ծովինար Գեւորգյանը չի ուզում կորցնել պաշտոնը եւ պայքարում է ընդդեմ լուծարման: Նրան աջակցում են ՀՅԴ որոշ անվանի գործիչներ, ինչպես, օրինակ, նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը, որը Գեւորգյանի "մեջքն" էր նախարարությունում, նախարարի խորհրդական Մհեր Ղազարյանը, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: Ժամանակին Ծովինար Գեւորգյանը վերջինիս ղեկավարած Հայ օգնության միությունից է եղել եւ տնօրեն դառնալով՝ ՀՕՄ-ականներից մի քանիսին աշխատանքի է ընդունել առանց մասնագիտական անհրաժեշտ որակավորման: Ինքը՝ Գեւորգյանը, աշխատել է մի քանի դպրոցներում եւ դուրս է եկել մեծ սկանդալներով, նաեւ դատական:
Դրանց մեջ ներգրավել է աշակերտներին: Ըստ գործերից մեկի նյութերի, նա եւ իրեն հավատարիմ ոստիկանները շանտաժի է ենթարկել թիվ 18-ի նախկին աշակերտներ Լեւոն Ա.-ին, Մեհրաբ Բ.-ին, Արշակ Ժ.-ին, Նվեր Վոնին, նրանց ստիպել է սուտ ցուցմունքներ գրել պատմության ուսուցիչ Ուռումյանի դեմ: Դրանք աշակերտներին մուրացկանության դրդելու եւ նրանցից մեկին բռնաբարելու մեղադրանքի հիմք դարձան: Նույն ձեռագիրը Գեւորգյանը դրսեւորել է նաեւ թիվ 125, 72, թիվ 3 հատուկ դպրոցներում: Ընդ որում՝ այդ ձեռագրի հատկանիշն է "սեռական" էլեմենտը: Արդյունքում թիվ 3 գիշերօթիկի զինղեկը մինչ օրս նստած է մանկապղծության համար (այս պատմության մեջ մութ կետեր կան, բայց սա այլ հետաքննության թեմա է՝ Ս. Ս.):
Այս դեպքից քիչ անց ուսմասվար Ծովինար Գեւորգյանը դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարելու համար նկատողություն ստացավ, ապա հեռացվեց աշխատանքից: Թե ինչպես է "խաթարվել բարոյահոգեբանական մթնոլորտը" գիշերօթիկում, պատմում է բժշկուհի Լարիսա Թովմասյանը, որը 2005 թվականի գարնանը բուժզննության է տարել 7-րդ դասարանցի Ս.-ին: Այս աղջկա ծնողը Գեւորգյանի դրդմամբ հայտարարել էր, որ իր երեխան հղի է եւ սեռավարակով հիվանդ: Գործը գնաց դատախազություն: "Ս.-ին տարել եմ հանրապետական դատախազություն, փորձաքննություն է արվել: Էս աղջիկը կանգնած դողում էր:
Ասում էր. "Ընկեր Լարիսա, ինչո՞ւ են ինձ տկլորացրել, էս երկաթները ի՞նչ են անելու": Ընկեր Լարիսան մեռավ ու հետ եկավ: 16 անալիզ տվեց երեխան, մի շաբաթ տարանք-բերեցինք: Ոչ հղիություն կար, ոչ էլ կուսաթաղանթն էր պատռված: Տվեցին դատարան որպես շանտաժիստի, որ ինքն իրավունք չունի մանկավարժ աշխատելու, առավել եւս` ուսմասվար: Ինքն ուզում էր տնօրենին հանել, ինքը նստել": Բժշկուհին բացատրություն տվեց նաեւ քաղաքապետարանի կրթության վարչությունում, որտեղ նաեւ որոշում կայացվեց Գեւորգյանի վերաբերյալ: Մեր տեղեկություններով, երբ ԿԳՆ-ի դաշնակցական ղեկավարությունը նախկին ՀՕՄ-ականին դպրոցի տնօրեն էր նշանակում, այս պատմությունը եւ դրա հետ կապված փաստաթղթերը "մոռացվեցին":
ՀԳ - Երեկ հատուկ դպրոցների մշտադիտարկման նորաստեղծ հասարակական խումբը նամակ է հղել վարչապետին, հրավիրելով նրա ուշադրությունը դպրոցի շուրջ վերջերս տեղի ունեցող հիվանդագին զարգացումների վրա:
Կարծիքներ