Բանակում` բեսպրեդել, դատախազությունում` ծածկադմփոց

Բանակում` բեսպրեդել, դատախազությունում` ծածկադմփոց
Եթե տարածաշրջանի, չէ, աշխարհի ամենամարտունակ բանակում տեղի ունեցած վերջին մասսայական կոտորածը չլիներ, Սեյրան Օհանյանի ու նրա ստորադաս անձանց հրաժարականի կամ թեկուզ գործունեությունը հրապարակավ քննարկելու ալիքը, դժբախտաբար, չէր բարձրանա: Մինչ այս վերջին ողբերգությունը, բանակում հատ-հատ խոշտանգվածների դիակները ծնողներին հանձնելու, Գալուստ Սահակյանը կասեր՝ "գործառույթն" իրականացվել է փաստերը ծածկադմփոց անելու տրամաբանությամբ: Ասվածի վառ ապացույցը ՀՀ կառավարության բոլոր նիստերի օրերին Հանրապետության հրապարակում շարք կանգնած սեւազգեստ ծնողների լուռ ներկայությունն է, որոնք իրենց որդիների լուսանկարները կրծքներին սեղմած, սպասում են պատասխանի ու չեն ստանում: Այդ օրերին, ի դեպ՝ հրապարակով անցուդարձ անող հասարակության ոչ մի անդամ կանգ չի առնում, ոչ մի մայր չի միանում նրանց բողոքին, ոչ մի կազմակերպություն հանձն չի առնում նրանց ձայնը բարձրացնելու, կրկին՝ "գործառույթը": Բայց եթե նրանք գոնե հատուկենտ թերթերի միջոցով կարողացել են ինչ-ինչ տեղեկություններ փոխանցել ընթերցասեր հասարակությանը, իսկ վերջին զոհերի քանակությունն ինքնին աղաղակող էր, ապա հուլիսի 16-ին Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում նույն ճակատագրին արժանացած Արման Ավագյանի մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չկար Սեյրան Օհանյանի պաշտոնական կայք-էջում:



Ի դեպ՝ զինվորների մահվան մասին հաղորդագրություններն էլ, որպես կանոն, հայտնվում են միայն այն բանից հետո, երբ բոթը տարածվում է, ու լրագրողները պահանջում են բացատրություն: Բայց մեզանում ծածկադմփոցը շերտեր էլ ունի՝ ծածկադմփոցի ծածկադմփոցն է, որ համեմվում է "Ամեն ինչ անում ենք, որպեսզի սպանությունները բացահայտվեն" ընդհանրական լղոզով: Հրաժարականը դեռ մի կողմ, Սեյրան Օհանյանը, մամուլի ասուլիս հրավիրելու եւ հանրությանը դիմելու փոխարեն, հրավիրում է ռեժիմի պրոպագանդայի ղեկավարներին ու մասնավոր զրույցում "խնդրում" աղմուկ չանել, փափուկ բարձի սկզբունքով էլ հնչեցնում է իր ընդհանրական "ամեն ինչ կանենքը":



Սերժ Սարգսյանն ընդհանրապես անհաղորդ է այս ողբերգությանը, հանգստանում է Աստված գիտի, թե որ թանկանոց առողջարանում կամ զվարճալիքների վայրում: ԶՈւ պետը, գիտենք՝ խոշոր մարմինը իտալական ափերի արեւին է հանձնել: Հանցագործությունները բացահայտելու առաքելություն ունեցող կառույցներն էլ ավանդական գործելաոճին հավատարիմ՝ հրաժարվում են հանդիպել լրագրողներին ու խորհուրդ են տալիս "հուզող հարցերը" ուղարկել փոստով: Զինդատախազ Արմեն Խաչատուրյանի քարտուղարուհին երեկ առավոտից մինչեւ երեկո մեզ խնդրեց "կրկին փորձել"՝ զանգահարել կես ժամը մեկ, որ վերջում ասի, որ պարոն Խաչատուրյանը կբարեհաճի խոսել միայն էպիստոլյար ժանրում եւ ոչ մի դեպքում՝ մեր աչքերին նայելով կամ գոնե հեռախոսով: Չտեսի, ավելի ճիշտ՝ մեղավորի հոգեբանությամբ այդ մարդիկ ի սկզբանե են խուսանավում թեմայից: Եթե ծածկադմփոց չէ, ապա ի՞նչ է:



Պաշտոնական աղբյուրներն իրենց գործը կատարածի  թեթեւությամբ արդեն հայտարարել են. "Լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանը` պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելով Ա. Նազարյանին ծեծի ենթարկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար":



Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել են թիվ 21127 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մանվելի Մխիթարյանը, Ադիբեկ Հրաչյայի Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսի Կիրակոսյանը` Ա. Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար: Անմեղության կանխավարկածի վրա թքած ունենալով, ՊՆ-ն Արտակի մահը պաշտոնապես որակել է որպես ինքնասպանություն: Հարց՝ բա վերոնշյալ հաղորդագրությո՞ւնն ինչ մեղքս է: Արտակի հարազատներն ուղղակի մերժում են այդ վարկածն այն պարզ պատճառով, որ նրա մարմինը եղել է խոշտանգված:



Բանակում մինչ այդ տեղի ունեցած սպանությունները, որպես կանոն, որակվել են կամ ինքնասպանություն, կամ դժբախտ պատահար, կամ ադրբեջանցի դիպուկահարի ոճրագործություն: Իսկ ահա զինդատախազության "բացահայտումներն" էլ, հետագայում պարզվել է, որ իրականությանը չեն համապատասխանում, քանի որ պատժի են ենթարկվել քավության նոխազները: Ուստի, հաշվի առնելով մեր կուտակած դառը փորձը, կարող ենք նշել, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս անգամ էլ Արտակի գործով ձերբակալվածները չեն այդ նոխազները: Եվ հետո, անկախ նրանից, թե ով է անձամբ կատարել հանցագործությունը կամ մարդուն հասցրել ինքնասպանության, դեռեւս ոչ մի հրամանատար թեկուզ անգործության կամ անփութության մեղադրանքով չի կանգնել "աշխարհի ամենահումանիստական"՝ հայկական դատարանի առջեւ կամ գոնե հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Հակառակ օրինակները, սակայն, շատ են՝ ստացել են պաշտոնի բարձրացում: