Յիրիկյանը ո՞չ է ասում Քոչարյանին

Յիրիկյանը ո՞չ է ասում Քոչարյանին
"Վիվասելի" տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ քաղաքական ծրագրեր չունի ընդհանրապես:



- Պարոն Յիրիկյան, որոշ հեռուստաընկերությունների եթերում Ձեր PR-ը բավական ինտենսիվ է դարձել: Դա ի՞նչ նպատակ է հետապնդում:



- Առաջինը՝ համաձայն չեմ լիովին Ձեր հետ, որովհետեւ 2006-ից մենք կանք հեռուստաընկերություններում, երբ սկսեցինք կապի գործունեությանը զուգահեռ իրականացնել կորպորտիվ պատասխանատվությամբ գործունեություն: Կարող եմ ասել՝ 2007-ին ավելացավ: 2008-ին հեռուստաընկերություններում լուսաբանում էին մեր աշխատանքները հատկապես մարզերում: Եթե խոսում ենք այս տարվա մասին, շատ միջոցառումներում ես ներկա չեմ լինում: Օրինակ՝ այն ծրագիրը, որ մենք հովանավորում ենք, պատմական հուշարձանների հետ կապված, վերջերս մի քանի միջոցառում եղավ, ես ներկա չեմ եղել: Եվ կան տարբեր միջոցառումներ: Մեր ընկերությունը ներկայացնողը Ռալֆ Յիրիկյանն է: Այնտեղ, որտեղ Ռալֆ Յիրիկյանը չի գտնվում, թեեւ ընկերությունը ներկա լինի, որեւէ մեկը չի խոսի ընկերության փոխարեն:







- Այսինքն՝ "Վիվասելը" ներկայանում է Ռալֆ Յիրիկյանի՞ կերպարով:



- Գլխավոր տնօրենը ներկայացնում է ընկերությունը: Ոչ թե "Վիվասելը" ներկայացնում է Ռալֆ Յիրիկյանին, ընդհակառակը՝ Ռալֆ Յիրիկյանը ներկայացնում է ընկերությունը: Եվ դա բնական է: Մյուս կողմից՝ մենք ուզում ենք հանրությունն իմանա, թե մենք ինչ ենք անում, որովհետեւ մենք ուզում ենք այլ ընկերությունների մտածելակերպի վրա էլ ազդած լինենք, որ իրենք էլ միայն իրենց գրպանը փող լցնելու մասին չմտածեն: Իրենք գրպանը փող են լցնում, աշխարհը, երկիրը, տնտեսությունը չի զարգանա միայն գրպանը փող լցնելով: Մի քիչ էլ հանրությանը, հասարակությանը պետք է անդրադառնալ եւ այդ փողից մի մասը պետք է վերադարձնել՝ իրականացնելով ծրագրեր, ինչպես "Վիվասել-ՄՏՍ"-ն անում է այսօր:



- Իսկ հնարավո՞ր է նաեւ քաղաքական դաշտ մտնելու ծրագրեր ունեք՝ հատկապես աշնանը նոր կուսակցության շարքեր համալրելու:



- Աշնանը ինչ կկատարվի՝ չի հետաքրքրում ինձ, ոչ էլ հետաքրքրված եմ իմանալ: Եթե մենք իբրեւ ընկերություն մեր աշխատանքը հիմնել ենք որոշ աշխատանքային եւ մարդկային արժեքների վրա եւ փորձում ենք ամեն օր հիշեցնել մեր ընտանիքի անդամներին, թե այս արժեքները կարեւոր են, այս պետք է անենք, իրար պետք է հարգենք եւ այլն, եթե այս ընկերության ղեկավարը մի օր այդ նվաճումներն ու հաջողությունները, որ ձեռք բերեց ընկերությունը, օգտագործի իր անձնական քաղաքական նպատակների համար, դա մի օրում լրիվ կփլուզվի, ու այդ փլուզումն ավելի ցավալի կլինի: Հետեւաբար այդ բանը չէ, որ ես ուզում եմ սովորացնեմ այսօրվա մեր ընտանիքի անդամներին: Մեր ընտանիքում քաղաքական գործիչ չի եղել, ու ես չեմ ուզում լինել առաջինը, որ բերեմ քաղաքականություն մեր ընտանիք:



- Ինչո՞ւ: Կարծում եք քաղաքականությունն այդքան արատավո՞ր ոլորտ է, որ չեք ուզում մտնել:



- Իմ մասնագիտությունը չէ, իմ ցանկությունը չէ: Ես աշխատում եմ կապի մեջ, կապավոր եմ եւ այդ ոլորտի մեջ եմ լինելու՝ տնտեսության մեջ:



- Հայտնի է նաեւ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը "Սիստեմայում" անկախ տնօրեն է եւ որոշակի առումով նաեւ Ձեր ղեկավարն է: Եթե իր ծրագրերի մեջ լինի Ձեզ հետ կապված որոշակի հեռանկար, այդ դեպքում ինչպե՞ս կվարվեք: Այսօր, օրինակ, կա խոսակցություն, որ նա որոշակի ծրագրեր ունի Ձեզ հետ կապված, որ հնարավոր է Դուք լինեք Ռ. Քոչարյանի թեկնածուն:



- Առաջինը՝ ինքը ոչ իմ ղեկավարն է, ոչ անմիջական, ոչ էլ ոչ անմիջական: Իմ ղեկավարը գտնվում է "ՄՏՍ գրուպում": Այն գտնվում է Մոսկվայում եւ ունի տնօրենների խորհուրդ: Իմ գլխավոր տնօրենը գտնվում է այդտեղ: Ես այդ մարդկանց եմ ճանաչում իբրեւ գլխավոր տնօրեն: Պարոն Քոչարյանը եթե "Սիստեմայի" անկախ տնօրենների մաս է կազմում, չմոռանանք, որ "Սիստեման" ունի տարբեր ընկերություններ, եւ դա չի նշանակում, որ անմիջական ղեկավար դառնում է անձը, եթե գտնվում է այդ պաշտոնում: Ես ասեցի՝ ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում, քաղաքականությունից չեմ հասկանում:



- Ասացիք աշխատում եք տնտեսության մեջ, հնարավո՞ր է վարչապետի պաշտոնում աշխատելու պլաններ ունենաք:



- Վարչապետն էլ է գործադիր մարմին քաղաքական դաշտում: ...Նման լուրեր միշտ շրջանառվում են: Իմ մտածելակերպի մեջ չկա, Ռալֆ Յիրիկյանը բնավ նման ուղղությամբ չի մտածում:



- Այսինքն Դուք կմերժե՞ք, եթե նման առաջարկ լինի:



- Այո:



- Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի՞ն կմերժեք:



- Ով կուզի, թող լինի՝ ի հարգանք յուրաքանչյուր անձի ու յուրաքանչյուր պաշտոնյայի: Դա իմ հետաքրքրությունը չէ, եւ ես այս քաղաքական աշխարհի մասնագետ չեմ:



- Այսօր ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները քաղաքական դաշտի հետ՝ խոսքը եւ իշխանության, եւ ընդդիմության մասին է:



- Լրիվի հետ հավասար հարգանք ու հարաբերություն: Լրիվն էլ մեր բաժնորդներն են: Ես չեմ կարող անտարբեր գտնվել կամ խտրականություն մտցնել մեր հարաբերությունների մեջ:



- Այ Դուք ասում եք, որ ուզում եք Ձեր փորձը, կիրառած մեթոդները տարածվեն Հայաստանում: Որոշ տեղեկություններով՝ Ձեր ընկերությունում ծանոթով են գործի ընդունվում, պաշտոնյաների զանգերով: Դա ինչպե՞ս հասկանանք:



- Դա ճիշտ տեղեկություն չէ: Մեր մոտ կա համակարգ աշխատանքի ընդունելու: Թեկուզ եթե մեկը զանգահարի ու խնդրի, որ աշխատանքի ընդունվի մեր մոտ, միեւնույն է՝ պետք է քննություններ հանձնի, հարցազրույցներ կան, եւ այդ հարցազրույցները սուբյեկտիվ չեն լինում: Այնտեղ մեթոդիկաներ կան, որ կիրառվում են:



- Բայց ես գիտեմ մարդիկ, որ ծանոթով ընդունվել են "Վիվասել":



- Հնարավոր է առաջին տարիներին է եղել, երբ մենք արագ էինք աճում: Այս վերջին 3 տարիներին բացառվում է: