11.500 դիմորդ ընդունվել է բուհ

11.500 դիմորդ ընդունվել է բուհ
Երեկ կեսօրից հետո վերջապես փակցվեցին ընդունելության ցուցակները: Հանրապետական ընդունող հանձնաժողովը հաստատել էր անվճար եւ վճարովի տեղերի անվանական ցանկերը եւ տրամադրել բուհերին: Այդ ցուցակների համաձայն՝ այս տարի ՀՀ պետական բուհեր կընդունվի 11 հազար 500 դիմորդ:



Հակասական ապրումներ ունեին համալսարանների բակերում հավաքված դիմորդներն ու նրանց ծնողները, որոնք մեծ հերթերը հաղթահարելով` մի կերպ գտնում կամ չէին գտնում իրենց դիմորդների անունները ցուցակներում: Նրանք լաց էին լինում, ուրախանում, շնորհավորում միմյանց, զանգում բարեկամներին, հրճվանքից պարում: Հետաքրքիր տարբերություն էր զգացվում անցած տարիների համեմատ: Կարծես այս տարի կտրվողների թիվն այնքան էլ մեծ չէր, համենայնդեպս անցած տարիների համեմատ արտասվողները շատ քիչ էին: Տնտեսագիտական համալսարանի բակում մի քանի աղջիկ լաց էին լինում՝ նրանք չէին գտնում իրենց անունները ցուցակներում: Մի կին էլ, պարզվեց, ուրախությունից էր լաց լինում. նրա երկվորյակներն անվճար ընդունվել էին պետական համալսարանի ֆիզիկա եւ աստվածաբանության ֆակուլտետներ:



Դեռեւս քննությունների ժամանակ կրթական ոլորտի պատասխանատուները խոսում էին այն մասին, որ այս տարի սպասվում է ընդունելության շեմի նվազում: Իսկ մի ծնող, որի երեխան դիմել էր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության բաժին, դժգոհում էր. "Իմ երեխան 36,75 միավոր է հավաքել ու չի անցել: Բայց քննությունների ժամանակ ասում էին, որ ընդունելության շեմի նվազում է սպասվում: Ո՞ւր է իրանց նվազեցումը: ԳԹԿ-ն էս մի ամսվա ընթացքում շատ լավ կատարեց իր "աշխատանքը": Սակայն ընդունելության շեմի նվազում այս տարի, ամեն դեպքում, նկատվում է, հատկապես որոշ մասնագիտությունների գծով:



Մանկավարժական համալսարանի նույն իրավագիտության ֆակուլտետում անցած տարի վճարովի համակարգում նվազագույն անցողիկ միավորը եղել է 46,5-ը, իսկ այս տարի 38 միավորն է նվազագույնը: Շեմի նվազեցման միտումը նկատելի է նաեւ այնպիսի ֆակուլտետներում եւ մասնագիտությունների գծով, ինչպիսիք են միջազգային հարաբերությունները, հանրային կառավարումը, իրավագիտությունը: Այս մասնագիտությունների դեպքում շեմը նվազել է ոչ թե 1 միավորով, ինչպես շրջանառվում էր նախօրոք, այլ 4-5, երբեմն նույնիսկ ավելի: Քաղաքագիտություն մասնագիտության դեպքում անցած տարի վճարովի նվազագույն միավորը 51,5 էր, այս տարի՝ 46,25:



Այս միտումն առկա է նաեւ բնագիտական առարկաների դեպքում: Մաթեմատիկայի նվազագույնը անցած տարի 25,3 միավորն էր, այս տարի՝ 21,75: Փաստորեն, ով հավաքել է նվազագույն անցողիկ միավոր, հնարավորություն է ստացել ընդունվել որեւէ պետական ուսումնական հաստատություն: Սակայն եթե անգամ նվազել է լարումը, ու գրեթե բոլոր դիմորդներն ընդունվում են, քննական գործընթացը շարունակում է մնալ ամենակոռումպացվածը, որի ժամանակ պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս չկա, եւ որոշ անձինք մեծ գումարներ են աշխատում:



ՀԳ- Ինչպես ասեցինք, արդեն պարզ է ընդունված դիմորդների թիվը` 11 հազար 500: Ինչպես գիտենք, այս տարի հատկացված տեղերը գերազանցում են դիմորդների թվին: Այս պարագայում, բնականաբար, որոշ ֆակուլտետներում կառաջանան թափուր տեղեր: Նախօրոք լուրեր էին շրջանառվում, թե թափուր տեղերի համար կկազմակերպվի լրացուցիչ մրցույթ, բայց երեկ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից տեղեկացանք, որ նման բան չի լինի: "Թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթ չի լինի",- ասաց նա: Ըստ որոշ լուրերի՝ սրա պատճառն այն է, որ հաջորդ տարի դպրոցները շրջանավարտներ չեն ունենալու՝ 12-ամյա կրթության անցնելու պատճառով: Եվ նման որոշման պատճառը նաեւ այն է, որ այս տարի չընդունված դիմորդները հաջորդ տարի մասնակցեն ընդունելության քննություններին, որ քննական մաֆիան ձեռնունայն չմնա, եւ հիվանդագին աժիոտաժը հաջորդ տարի էլ լինի: