Երկիրն ու ժողովուրդը
Շոգ ամառ է: Քննություններն ավարտվեցին, արձակուրդների ամենաթեժ սեզոնն է: Քաղաքական կյանքում հարաբերական անդորր է. կառավարությունն իր կառույցներով ձեւ է անում, թե աշխատում է: Ներիշխանական թեթեւ գզվռտոցները շարունակվում են: Անգամ հայ-թուրքական ու ղարաբաղյան թեման է երկրորդ պլան մղվել: Մի տեսակ կյանքը դանդաղ ծորում է՝ շոգից հալված պաղպաղակի նման: Պրոցեսները կարծես խորքային են դարձել, եւ առաջին հայացքից նկատելի չէ, թե ինչով է զբաղված երկիրն ու իր ժողովուրդը: Երկիրը կարծես հոգնել է բուռն իրադարձություններից. հանդարտ վիճակ է ուզում՝ առանց բուռն կրքերի ու ցնցող իրադարձությունների: Ժողովուրդն էլ է հանգիստ ուզում՝ եթե ոչ ամառային շքեղ հանգստի, ապա գոնե մահերից ու ցնցումներից զերծ կյանքի ձեւով: Եվ միայն որոշ կուսակցություններ են փորձում ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ տանել. մարզերով են շրջում, հանդիպում ժողովրդի հետ, խոստումներ տալիս, գրասենյակներ բացում: Այսպես ասած, պատրաստվում են առաջիկա զարգացումներին: Հետաքրքիրն այն է, որ քաղաքական դեմքերն ու կառույցները սկսել են դեմքով շրջվել դեպի մարզեր: Կամ Երեւանում ամեն ինչ պարզ է եւ նոր ձայներ ստանալու հավանականություն գրեթե չկա: Կամ Երեւանը թողել են վերջին փուլում: Ասում են նաեւ՝ որոշ պատգամավորացուներ արդեն սկսել են ընտրատարածքներն իրար մեջ վերաբաշխել: Կարծիք կա, որ հիմա հաջորդ խորհրդարանի կազմը գրելու իսկը ժամանակն է: Խելոք մարդիկ, անշուշտ, հույսեր չեն կապի ոչ այդ հաջորդի, ոչ նրա նոր կազմի հետ: Բայց երկիրը կաշխուժանա, փողոցներ կասֆալտապատեն, պարտքեր կներվեն, օգնություններ կբաշխվեն: Այնպես որ, հասարակ ժողովուրդն էլ մի կարճ շրջան գործոն կդառնա: Խորհրդարան չի ձեւավորի, բայց իրեն երկրի քաղաքացի կզգա:
Կարծիքներ