Չիմանա՞նք` ով ինչ նվեր է ստացել կամ կաշառք

Չիմանա՞նք` ով ինչ նվեր է ստացել կամ կաշառք
"Թրանսփարենսի ինտերնեյշնլ" հակակոռուպցիոն կազմակերպությունը զեկույց է հրապարակել, թե ՀՀ կառավարությունը որքանով է կատարել Եվրոպական հարեւանության քաղաքականության 2006թ. Գործողությունների ծրագրի պահանջը: Ըստ այդմ՝ թե կատարվե՞լ է ԳՐԵԿՈ-ի առաջարկությունը՝ քաղծառայողների կամ պաշտոնատար անձանց կողմից ընդունվող նվերների արժեքի նվազեցման մասին, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը հուսադրող պատասխան է տվել՝ հղում կատարելով "Հանրային ծառայության մասին" օրենքի նախագծին:



Նշենք, որ կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարի ելած ՀՀ կառավարությունը հանրային ծառայողների ստացած նվերները վերահսկելու նոր մեթոդ է մշակել. օրենքի ընդունումից հետո ծառայողները, որոնք նախագահականի, ԱԺ-ի, կառավարության, դատարանների աշխատակիցներն են, պետք է տեղյակ պահեն վերադասին նվեր ստանալու դեպքում: Օրինագծով հանրային ծառայողի կողմից նվեր ստանալու սահմանափակում չի ենթադրվում: Թերեւս ՀՀ կառավարությունը համակարգված, վերահսկելի կոռուպցիայի կողմնակից է: Փոխոստիկանապետ Օսիկյանն ասել է, թե տարվա ընթացքում նույն անձից ստացված թույլատրելի նվերների 250 հազար դրամը գերազանցող արժեքի կամ բոլոր նվերների ընդհանուր արժեքի 1 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հանրային ծառայողը պարտավոր է դրա մասին հայտնել վերադասին:



Թե ինչպես է դա իրագործվելու, հայտնի չէ: Բնականաբար՝ աշխատակիցը կարող է "շեֆից" թաքցնել ստացած նվերները, մյուս կողմից՝ նվերների մասին տեղյակ պահելու պարտադրանքը կարող է մահակ դառնալ վերադասի ձեռքում՝ անցանկալի աշխատակիցների դեմ կիրառելու համար: Չնայած, մյուս կողմից, կառավարությունը համ ԵԽ պահանջն է կատարում, համ վերահսկում է պետական ապարատի նվերները: Օրինագծի 34 հոդվածով "Հանրային ծառայողը չպետք է որեւէ մեկից նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր ծառայողական պարտականությունների կատարման հետ:



...Եթե uույն հոդվածով թույլատրելի համարվող նվերները, որոնք oրացուցային տարվա ընթացքում uտացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են 50.000 դրամը, կամ oրացուցային տարում uտացված թույլատրելի համարվող բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 250.000 դրամը, ապա հանրային ծառայողը պարտավոր է դրա մաuին հնարավոր uեղմ ժամկետում հայտնել իր վերադասին կամ նրան փոխարինող անձին: Եթե հանրային ծառայողին տրվել է uույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, որը վերադարձնելը ողջամիտ ջանքերով հնարավոր չէ, ապա նա պարտավոր է այն հանձնել Հայաuտանի Հանրապետությանը":



"Արդյո՞ք կատարվել է իրավաբանական անձանց կողմից կաշառք վերցնելու կամ փողերի լվացման համար պատասխանատվություն սահմանելու, ինչպես նաեւ Կոռուպցիայի վերաբերյալ քրեական իրավունքի կոնվենցիայի համաձայն` արդյունավետ, համաչափ եւ համոզիչ պատժամիջոցներ կիրառելու մասին ԳՐԵԿՈ-ի հանձնարարականը" հարցին փոխոստիկանապետը պատասխանել է, թե   մշակվում է ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքում առանձին գլուխ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: "Այդուհանդերձ, քանի որ խնդրո առարկա իրավական փոփոխությունները դեռեւս հանրությանը չեն ներկայացվել գոնե նախագծի տեսքով, դժվար է այս հանձնարարականը համարել նույնիսկ մասնակիորեն կատարված",- եզրակացրել են  զեկույցում:



"Ի հավելումն քաղծառայության վերաբերյալ օրենսդրության, կոնկրետ ծառայությունների եւ հաստատությունների մասին բազմաթիվ այլ իրավական եւ ենթաօրենսդրական ակտեր լուրջ խառնաշփոթի տեղիք են տալիս: Ստացված արդյունքներն արտացոլում են առհասարակ ամբողջ պետական հատվածում եղած իրական միտումները, թեպետ որոշակի ոլորտներում (օր.` իրավապահ, վերահսկիչ եւ վերստուգիչ մարմիններում) պետական պաշտոնյաներն առավել հակված են կոռուպցիայի, քան մյուսներում: 2008թ. իրականացված հանրային կարծիքի հարցումները ցույց են տվել, որ պետական հաստատություններում կոռուպցիայի առկայության մասին ընկալումները մեծ տեսակարար կշիռ ունեն":