Արցախի չճանաչված լինելը նաեւ դրական կողմ ունի
Մեր տեղեկություններով, այդ հեռուստաալիքներն Արցախում վերահեռարձակելու համար թույլտվություն ունեն եւ դրա համար վճարում են։ Սակայն այդ հեռուստաալիքները հեռարձակելու ժամանակ, խախտելով վերջիններիս հեղինակային իրավունքը, գովազդների ժամանակ ռուսական գովազդի փոխարեն խցկում են իրենց սեփական գովազդը։ Ասել է թե խուժում են օտար հեռուստաալիք եւ յուրաքանչյուր մեկ ժամում 4 անգամ պտտում սեփական գովազդային հոլովակները։ Այսինքն՝ մի հեռուստաալիքով օրը առնվազն 40 անգամ պտտում են տեղական միեւնույն գովազդները։
Դրանք նույնությամբ պտտում են նաեւ մյուս 20 հեռուստաալիքներով։ Ստացվում է, որ մի օրում արցախցիները 800 անգամ վայելում են միեւնույն գովազդային գլուխգործոցը։ Տեղական թերթերից մեկը կատակով գրել է. "Ըստ երեւույթին, գովազդատերերն այն կարծիքի են, որ իրենց "գոհարները" օրական 800 անգամ դիտող Արցախի մի բուռ բնակչությունը, թեկուզ զզվանքից դրդված, թափվելու է խանութ-սուպերմարկետները՝ գնելու գովազդվող "էժան կահույքը", "Արցախ-ալկոն" ու "Վեդի-ալկոն" կամ մյուս "էժան ու ընտիր" ապրանքանին, այդ թվում՝ ավտոմեքենաների անվադողերը... Ցավն այն է, որ հեռուստաալիքներ խուժած այդ թափոնը ժամանակին չընդհատելու պատճառով հաճախ հետաքրքիր հաղորդումներից կամ կինոնկարներից խլվում են թանկագին րոպեներ..."։
Այնպես որ, Ղարաբաղի Հանրապետության չճանաչված լինելը նաեւ իր դրական կողմն ունի՝ ոմանք հնարավորություն ունեն փող աշխատելու նաեւ անօրինական ճանապարհով։ Սա ձեռնտու է նաեւ գովազդատերերին, որոնք շատ էժան գնով առավոտից կեսգիշեր գովերգում են իրենց "թթու թանը":
Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարծիքներ