Թափուր տեղերը շատ են
Թափուր տեղերը հատկապես շատ են պետական համալսարանի քիմիա, էկոլոգիական քիմիա, կենսաֆիզիկա, երկրաբանություն ֆակուլտետներում: Օրինակ քիմիա ֆակուլտետի համար հատկացված է եղել 35 վճարովի տեղ, ընդունվել է ընդամենը 4 դիմորդ: Խայտառակ պատկեր է նաեւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Շատ ֆակուլտետներ գրեթե կիսով չափ թափուր են մնացել: Մաթեմատիկայի ֆակուլտետի 42 վճարովի տեղից զբաղեցվել է 28-ը: Նույն պատկերն է նաեւ ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, օլիգոֆրենոմանկավարժություն, սուրդոմանկավարժություն, տիֆլոմանկավարժություն բաժիններում, որտեղ 18-ական տեղերից զբաղված է միայն 2-ը կամ 4-ը:
Վերոնշյալ ֆակուլտետների անվճար տեղերը զբաղված են, բայց կան նաեւ բաժիններ, որտեղ ընդհանրապես դիմողներ չեն եղել, եւ հիմա դրանք կկանգնեն կոտրած տաշտակի առաջ: Օրինակ մանկավարժական համալսարանի էկոլոգիական քիմիա բաժնում հատկացված է 22 տեղ, իսկ դիմորդներ չկան: Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն բաժնում՝ 47 տեղ, ու ոչ մի դիմորդ: Այս մասնագիտությունների պարագայում զավեշտն այն է, որ անգամ անվճար տեղերում դիմորդներ չկան: Թափուր տեղերը շատ են նաեւ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, ինչպես նաեւ մյուս պետական համալսարանների լեզուների գծով մասնագիտությունների դեպքում: Թափուր տեղեր չկան Երեւանի տնտեսագիտական համալսարանում: Այստեղ նույնիսկ շատ մասնագիտությունների գծով ընդունված դիմորդներն ավելի շատ են, քան հատկացված տեղերը:
Դա մի տեսակ անհասկանալի էր. ինչպես է պատահել, որ, օրինակ, տնտեսագիտության տեսություն բաժնում հատկացված 57 տեղի պարագայում ընդունվել է 62 դիմորդ: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից տեղեկացանք, որ դա տեղի է ունեցել տեղերի վերաբաշխման հետեւանքով: Պարզվեց, որ այդ տեղերը հատկացված են արտոնություններից օգտվող, ծնողազուրկ, զոհված ազատամարտիկների երեխաների համար: Այդ երեւույթն առկա է հատկապես Երեւանի պետական եւ Հերացու անվան բժշկական համալսարաններում:
Զարմանալի է միայն, որ այս տարի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի նույն բաժնում պետպատվեր՝ անվճար տեղեր չկան, իսկ վճարովի համակարգի համար հատկացված 100 տեղն ամբողջությամբ զբաղված է: Մինչդեռ անցած տարի այդ բաժնում կար 12 անվճար տեղ, իսկ անցողիկ նվազագույն միավորը 54,1-ն էր այս տարվա 50-ի փոխարեն: Ինչեւէ, քննական թեժ ամառն ավարտվեց, ու կրթական ոլորտի պատասխանատուներն ամեն դեպքում իրենց գործը տեսան: Այս տարի "ամեն ինչ արվեց", որպեսզի եկող տարի դիմորդների պակաս չզգացվի:
Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
Կարծիքներ