Մուրացկանությունը` կենսակերպ

Մուրացկանությունը` կենսակերպ
Աշխատանքի մասին պատկերացումը՝ որպես նպատակաուղղված, արտադրանք տվող եւ հանրօգուտ մասնագիտական գործունեություն, որը միավորում է բոլոր "առողջ" եւ "լիարժեք" մարդկանց, ինդուստրիալ հասարակությունների միֆոլոգեմներից է, որը շարունակում է գործել նաեւ հետինդուստրիալ հասարակություններում, հարաճուն գործազրկության պայմաններում։ Թե ինչպիսի էկզիստենցիալ խնդիրների առջեւ է կանգնեցնում դա ժամանակակից եվրոպացուն, կարող ենք կռահել արեւմտյան կինոյից ու գրականությունից։



Հետխորհրդային Հայաստանում աշխատանքը կատարում է բացառապես գոյատեւումն ապահովող գործառույթ եւ չի ապահովում մարդու հասարակական ստատուսը, ինչպես խորհրդային ժամանակներում էր, երբ աշխատանքը ոչ թե մարդուն սովամահությունից փրկելու միջոց էր, այլ նրան հասարակության մեջ ներգրավելու եւ ապահասարակական գործողություններից ու մտորումներից զերծ պահելու ձեւ։ Հիշենք, որ աշխատանքի բացակայությունը քրեորեն պատժվում էր։ Աշխատանքը խորհրդային մարդու համար մոտավորապես նույնն էր, ինչ նրա երեխայի համար երաժշտական կամ նկարչական դպրոցը, որը որեւէ կերպ չէր անդրադառնալու նրա հետագա ճակատագրի վրա։ Խորհրդային Միությունը իր քաղաքացու զբաղվածությունն ապահովում էր պետական բյուջեի հաշվին՝ շրջանցելով շուկայի կանոնները։



Բազմաթիվ աշխատավորներ աշխատավարձ էին ստանում պարզապես աշխատանքային ութժամյա օրը լրացնելու համար։ Չնայած աշխատանքի համատարած գովաբանմանը, ամեն աշխատանք չէր, որ համարվում էր պատվաբեր։ Ենթադրվում էր, որ աշխատանքը պետք է արտահայտի մարդու կրթական մակարդակը եւ համապատասխանի դրան։ Դիպլոմավոր օրիորդները գերադասում էին որեւէ կորած"մոլորած հիմնարկում ողջ օրը սուրճ խմել եւ բամբասել, քան աշխատել, ասենք՝ մատուցող եւ վարձատրվել ավելի բարձր։ Հիշենք նաեւ "փողը ձեռքի կեղտ է" կարգախոսը։ Շուկայական հարաբերությունների հետ փոխվում է վերաբերմունքը ոչ միայն փողի, այլեւ աշխատանքի հանդեպ։ Աշխատանքը կարգավորվում է պահանջարկ"առաջարկ սկզբունքով, եւ այլեւս չկա անպատվաբեր աշխատանք։ Անպատվաբեր չէ նաեւ խորհրդային շրջանում քրեորեն դատապարտվող մուրացկանությունը, որն ընկալվում է իբրեւ աշխատանք։



Այդ մասին շատ է խոսվել ու գրվել, ու հավանաբար նաեւ այդ պատճառով է, որ մենք դարձել ենք թերահավատ եւ անտարբեր մեզ պարզված ձեռքի հանդեպ։ Համենայնդեպս, այսօր այլեւս չի կարելի խոսել մուրացկանության մասին՝  իբրեւ ծաղկուն բիզնեսի։ Մուրացկանները ստիպված են իրենց աշխատանքը համալրել "հանրօգուտության" գործոնով եւ որեւէ ծառայություն մատուցել կամ որեւէ ապրանք վաճառել։ Այդպիսով ստեղծվում է մուրացկանության եւ բիզնեսի հիբրիդ, եւ մուրացկանությունն այլեւս հանդես չի գալիս իբրեւ անխառն բիզնես։



Հավանաբար տեսել եք երեխաների, որ շրջում են փողոցներում ու իրենց նկարներն են վաճառում։ Մի օր այդ երեխաներից մեկի հետ զրույց ունեցա։ Պահում էր իրեն արժանապատվորեն եւ հպարտանում, որ իրենք եղբայրներով փող չեն վերցնում ծնողներից իրենց հեծանիվի, համակարգչի, խաղերի ու խաղալիքների համար։ Առաջին հայացքից որեւէ պախարակելի բան չկա, եւ այդ երեխաների ծնողները կարող են հպարտանալ իրենց երեխաներով, որոնք ավելի շատ օժտված են բիզնեսի տաղանդով, քան նկարչության։ Եվ այնուհանդերձ, դա այնքան էլ բիզնես չէ, որովհետեւ իրենց նկարների վաճառքի համար նրանք օգտագործում են ոչ թե բիզնեսի կանոնները, այլ մուրացկանությունից փոխառված մեթոդներ։



Եթե նույնիսկ իրենց պոտենցիալ գնորդներին չմոտենան խղճահարություն արթնացնող կեցվածքով, եթե նույնիսկ գնելուց խուսանավող մարդուն չասեն, թե այսօր իրենց ծնունդն է, արդեն իսկ հանգամանքը, որ անչափահասը փողոցից փողոց շրջելով ինչ"որ ապրանք է վաճառում՝ այն էլ իր պատրաստած, ստիպում է մարդկանց մտածել, որ նրա ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր կացության մեջ։ Բիզնեսի ու մուրացկանության հիբրիդի շարքին են պատկանում նաեւ փողոցում դրված կշեռքները, որոնց մոտ սովորաբար ծեր մարդիկ են նստած լինում, ինչպես նաեւ տնետուն շրջող եւ տարբեր ապրանքներ առաջարկող վաճառողները։



Սակայն բիզնեսի եւ մուրացկանության այդ միախառնումը աղետալիորեն է անդրադառնում հենց բիզնեսի վրա։ Չեն կայանում ոչ միայն գործարար, այլեւ գործատու"աշխատող հարաբերությունները։ Աշխատողն արդեն ընկալվում է որպես մուրացկանի պես մի բան, եւ աշխատավարձը ոչ թե տրվում է, այլ շնորհվում։ Դա այն լուսավոր դեպքերում, երբ համագործակցությունը բարեհաջող է ավարտվում։ Այսինքն գնահատվում է ոչ թե մարդու մատուցած ծառայությունը կամ նրա ի սպաս դրած կարողությունները, այլ համոզելու, խնդրելու, խղճի վրա ազդելու ունակությունները։ Այդպես մուրացկանությունը ներխուժում է մեր կյանք ու դառնում կենսակերպ։



Նույն բանը տեղի է ունենում նաեւ մրցանակաբաշխությունների ոլորտում։ Գնահատվում է ոչ թե ստեղծագործության որակը, այլ դրա հեղինակի սոցիալական վիճակը։ Հայաստանի գրողների միությունն օրինակ՝ տարեկան մի քանի մրցանակ է շնորհում խիստ անապահով կամ առողջության հետ խնդիրներ ունեցող գրողներին։ Այդ սկզբունքով են գործում ՀԳՄ"ի հետ անցկացվող մի շարք մրցանակաբաշխություններ, ինչպես, օրինակ, Արա Աբրահամյանի հիմնադրամի գրական մրցանակաբաշխությունը, որն օբյեկտիվության նկատառումներով անցկացվում է անոնիմության սկզբունքով, թեպետ գնահատող հանձնաժողովի անդամները հրաշալի գիտեն, թե որ ստեղծագործությունը ում է պատկանում։



Գործատուին, ինչպես նաեւ գնահատող հանձնաժողովին, չպիտի հետաքրքրի աշխատողի սոցիալական վիճակը, այլ միայն նրա կատարած աշխատանքը։ Սակայն սոցիալական վիճակը եւ մանավանդ դրա ծանրությունը դառնում են ոչ միայն աշխատանքի գնահատման պայման, այլեւ շահագործման։ Հայաստանում այսօր չկան աշխատավորների իրավունքները պաշտպանող արհմիություններ, եւ եզակի են դեպքերը, երբ հանապազօրյա հացը վաստակվում է ոչ արժանապատվության հաշվին։ Դա հիմք է տալիս մտածելու, որ արժանապատվությունը հայաստանյան շուկայում այսօր ամենապահանջված ապրանքն է։